Ղրիմ. Իրադարձությունների ժամանակագրությունը (թարմացված)

Ղրիմ. Իրադարձությունների ժամանակագրությունը (թարմացված)

PanARMENIAN.Net - Փետրվարի լույս 27-ի գիշերը զինյալները գրավել են Ղրիմի Գերագույն ռադայի ու Նախարարների խորհրդի շենքերը Սիմֆերոպոլի կենտրոնում և բարձրացրել են ռուսական դրոշը: Բանակցությունները դեռևս ապարդյուն են: «Լուսադեմին ինքնաձիգերով ու գնդացիրներով զինված անհայտ անձանց ջոկատը գրավել է Ղրիմի Գերագույն ռադայի շենքը: Տագնապով ոտքի են հանվել ներքին զոքերի ստորաբաժանումներն ու միլիցիայի ողջ կազմը»,- Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը:

Սիմֆերոպոլի կենտրոնը շրջափակել է միլիցան, այնտեղ ոչ ոքի չեն թողնում: Ղրիմում ՌԴ Սևծովյան նավատորմը ուժեղացրել է իր օբյեկտների պաշտպանությունը, շենքերի մոտ զրահատեխնիկա է, զինվորական բեռնատարներ:

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին Ղրիմի կառավարության ու խորհրդարանի շենքերի գրավումը «վտանգավոր խաղ է» համարել: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Դա կտրուկ քայլ է: Ինձ մտահոգում են նրանք, ովքեր դա արել են և ովքեր թույլ են տվել, որ դա տեղի ունենա: Դրանից են սկսվում տարածաշրջանային հակամարտությունները: Դա շատ վտանգավոր խաղ է»,-մեջբերում է նրա խոսքը գործակալությունը:

Կառավարական շենքերի գրավումը մեկնաբանել են նաև ՆԱՏՕ-ում: Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կոչ է արել Ռուսաստանին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք սրում են իրավիճակը և թյուրիմացության պատճառ դառնում: Գերմանիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին կոչ է արել պահպանել Ուկրաինայի ամբողջականությունը: Նախօրեին, երբ դեռ կառավարական շենքերը գրավված չէին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զգուշացրեց Ռուսաստանին, որ վերջինս ձեռնպահ մնա ռազմական միջամտությունից Ուկրաինայում: Ըստ նրա, այդ դեպքում ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը ստիպված կլինեն արձագանքել:

Սիմֆերոպոլի կենտրոնը շրջափակել են ներքին զորքերն ու միլիցիան: Հարակից տներից տարհանում են մարդկանց: «Իզվեստիա» պարբերականին հաջողվել է հարցնել զավթիչներին շրջափակված դռների ետևից, թե ինչու են նրանք այդ քայլին գնացել: Ի պատասխան նրանք հայտարարեցին, որ պահանջում են Ղրիմում համաժողովրդական հանրաքվե անցկացնել, որպեսզի ժողովուրդն ինքը որոշի Մոսկվայի հետ է, թե Կիևի:

Ամբողջ գիշեր կառավարական շենքի շուրջ մարդիկ խարույկներ են վառել, առավոտյան մոտ «Կամազներ» են հայտնվել մետաղի ջարդոնով, որից ներկաները սկսել են բարիկադներ կառուցել: Այժմ բանակցություններ են ընթանում զավթիչների ու Ղրիմի քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև,-ասել է ուկրաինական «Ռուսական միասնություն» կուսակցության մամուլի քարտուղար Եկատերինա Պոլոնչուկը: Ժողովրդին հորդորում են հանգստություն պահպանել, և, հնարավորության սահմաններում դուրս չգալ տներից: Նախարարների խորհրդի շենքից, որը հարևանությամբ է գտնվում, դուրս է եկել Ղրիմի ինքնավարության ղեկավար Անատոլի Մոգիլևիչն ու հայտարարել է, որ Նախարարների խորհուրդը նույնպես զինյալներ են գրավել, սակայն պաշտոնյաներն ու պատգամավորները շարունակում են աշխատել:

Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես եկավ Ուկրաինայում ճգնաժամի հանգուցալուծման օգտին փոխզիջման ու ժողովրդավարական սկզբունքների հիման վրա: «Մենք հուսով ենք, որ քաղաքական ճգնաժամն Ուկրաինայում, որը մեր հարևանն է ու ռազմավարական գործընկերը, շատ շուտով կհանգուցալուծվի բոլոր կողմերի մասնակցությամբ: Այժմ կարևոր է, որ որոշում գտնվի սահմանադրական համակարգի, տարածքային ամբողջականության ու ժողովրդական միասնության շրջանակում»,-ասվում է հայտարարություն մեջ: Նախարարությունը մեկնաբանել է նաև իրավիճակը Ղրիմում: «Մենք սպասում ենք բոլոր կողմերից Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ապրում են նաև մեզ բարեկամ թաթարները, խելամտություն ու չափավորություն»,-հայտարարել է նախարարությունը: Բացի այդ ԱԳՆ-ն նշել է, որ «Թուրքիան կշարունակի սատարել ցանկացած ժողովրդավարական որոշման, որը հիմնված կլինի Ուկրաինայի ժողովրդի օրինական պահանջների վրա»:

Փետրվարի 27-ին Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Վորոբյովը: Ռուս դիվանագետին նոտա են հանձնել՝ կոչ անելով «անհապաղ երկկողմ խորհրդակցություններ անցկացնել», ինչպես նաև նոտա, որտեղ խնդրանք կա, որպեսզի ՌԴ Սևծովյան նավատորմի ստորաբաժանումները «ձեռնպահ մնան տեղակայումից դուրս այլ տեղաշարժերից»: Պաշտոնական Կիևը հղում է անում ՌԴ և Ուկրաինայի միջև Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրի 7-րդ հոդվածին, որն ասում է, որ խաղաղությանն ու սպառնալիքին վտանգի դեպքում կողմերից մեկը կարող է դիմել մյուսին շտապ խորհրդակցությունների մասին առաջարկով: Հոդվածում նաև ասվում է, որ կողմերը «անհրաժեշտության դեպքում համաձայնեցնում են կամ իրականացնում են համաձայնեցված միջոցառումներ հաղթահարելու համար այդպիսի իրավիճակը»: ԱԳՆ-ն հիշեցրել է նաև, որ Ռուսաստանը պարտավոր է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու սահմանները:

Ղրիմ է մեկնում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը՝ սատարելու համար այնտեղի ռուսներին: Այդ մասին նա գրել է Twitter-ում. «Պրոսվիրնինի հետ «բարեկամության գնացքով» մեկնում ենք սատարելու Ղրիմի ռուսներին»,-գրել է նա: Նշենք, որ ավելի վաղ Կադիրովը «Աջ սեկտորը» համեմատել է նացիստների հետ՝ նշելով, որ առանցքային պաշտոնները Գեստապոյում, և այլ նացիստական կազմակերպություններում ժամանակին գրավել են հենց այդ կազմակերպության անդամները: Եվգենի Պրոսվիրնինը «Սպուտնիկ ի պոգրոմ» ռուսական պորտալի գլխավոր խմբագիրն է, նա ճանաչված է ռուս ազգայնամոլների շրջանում: Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել Ղրիմի բնակչության իրավունքները, որտեղ հուզումներ են տեղի ունենում Կիևում իշխանափոխության հետ կապված: «Ուկրաինայում այսօր քաոս է: Պետական հեղաշրջումներով ու սպանություններով ոչինչ չես լուծի: Նման բաների համար դատել է պետք»,-հայտարարել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարը նաև վրդովմունք է հայտնել «Բերկուտի» անդամներին հետապնդելու հարցում: Նա նշել է, որ հատուկջոկատայինները ընդամենը իրենց պարտքն են կատարել, իսկ կատարվածի մեղավորը «Յանուկովիչն է, որը կորցրեց վերահսկողությունը»: «Մենք կոչված ենք պաշտպանելու մեր ժողովրդներին, եթե պահանջվի, մենք պատրաստ ենք դիտորդներ լինել, խաղաղապահներ ու զինվորներ ու պաշտպանել մեր ժողովրդին»,-ասել է Կադիրովը: Նա կոչ է արել Ղրիմի թաթարներին չսրել իրավիճակը: «Այսօր նրանք, ովքեր դուրս են եկել Ղրիմի հրապարակներ և ասում են, որ մեզ բռնագաղթի են ենթարկել, սրում են իրավիճակը: Չեչեններին էլ են բռնագաղթի ենթարկել, ամբողջ չեչեն ժողովրդին: Կարծում եմ, որ եթե դժգոհություն կա, այն ևս պետք է օրինավոր կերպով արտահայտվի»,-հայտարարել է Կադիրովը:

Ղրիմի Գերագույն ռադայի նախագահությունը ուղերձով դիմել է ինքնավարության բնակիչներին: Այդ մասին Ղրիմի լրատվական գործակալությանն է հայտնել Ղրիմի Գերագույն ռադայի նախագահի մամուլի քարտուղար Օքսանա Կորնիյչուկը:

«Ղրիմի բնակիչներ, Ուկրաինայում ծայրահեղական ազգայնամոլների կողմից իշխանության հակասահմանադրական յուրացման արդյունքում խաղաղությունն ու անդորրը Ղրիմում սպառնալիքի տակ են հայտնվել: Երեկվա բախումը Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ, որը հանգեցրեց արյունահեղության ու մարդկային զոհերի, քաղաքական ծայրահեղականության ու բռնության հետևանք են, որը համակել է երկիրը: Ուկրաինայում կյանքը քաոսի է վերածվում, անարխիայի ու տնտեսական աղետի: Այս պայմաններում Ղրիմի Գերագույն ռադան որպես իշխանության բարձրագույն մարմին, հենվելով իրեն ընտրած Ղրիմի բնակչության կամքի վրա, ստանձնում է Ղրիմի ճակատագրի համար ողջ պատասխանատվությունը: Հետևելով ժողովրդավարության հիմնարար կանոններին, Ղրիմի խորհրդարանի նախագահությունը միակ հնարավոր ելքը ստեղծված իրավիճակից համարում է ժողովրդական իշխանության սկզբունքների կիրառումը: Վստահ ենք, որ միայն համընդհանուր հանրաքվեն Ղրիմում ինքնավարության կարգավիճակի կատարելագործման վերաբերյալ ու լիազզորությունների ընդլայնման առումով, թույլ կտա Ղրիմին առանց արտաքին ճնշման ու կամքի թելադրանքի որոշել ինքնավարության ապագան»,- ասվում է ուղերձում:

Նախագահությունը դիմել է նաև Ղրիմի Գերագույն ռադայի պատգամավորներին անկախ ազգությունից ու քաղաքական պատկանելությունից՝ կոչ անելով նրանց Ղրիմի համար այս ծանր օրերին պատրաստակամ լինել զոհաբերելու անձնական նկրտումները ճակատագրական որոշումներ կայացնելիս: «Ժամանակն է նոր բովանդակություն հաղորդել բազմազգ Ղրիմի սկզբունքին, որը գրված է զինանշանի վրա՝ «Բարգավաճումը միասնության մեջ է»: Այդպես կհաղթենք»,-ասվում է ուղերձում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---