ՌԴ ԱԳ նախկին նախարար. Ուկրաինան հիվանդ երկիր է, որին պետք է բուժել համատեղ ջանքերով

ՌԴ ԱԳ նախկին նախարար. Ուկրաինան հիվանդ երկիր է, որին պետք է բուժել համատեղ ջանքերով

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի անդամ երկրները չպետք է չափից բուռն արձագանքեն Պուտինի կողմից Ուկրաինայի արևելքում ռուսական պատմական շահերի պաշտպանությանը, գրում է The Times-ում Գերմանիայում ու ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Քրիսթոֆեր Մեյերը:

Ոմանք իրավիճակը համեմատում են ոչ միայն խորհրդային ներխուժման հետ Հունգարիա ու Չեխոսլովակիա, այլ նաև Հիտլերի ներխուժման հետ Սուդետի շրջան 1938 թվականին: «Որոշ շրջանակներում ամրապնդվում է այն կարծիքը, որ եթե Արևմուտքը և հատկապես Օբաման հստակ պատասխան չտան Ռուսաստանին, կկրկնվի «Մյունխենի իրավիճակը»,-ասվում է հոդվածում: Սակայն Մեյերն առաջարկում է մտածել՝ ում ճգնաժամն է սա: Ըստ նրա, ակնհայտ է, որ եթե սա ճգնաժամ է Ուկրաինայի ու Ղրիմի ժողովրդների համար, ապա նաև մեծ ճգնաժամ է Պուտինի համար. եթե նրան համարեն միջազգային օրենքների խախտող, նա և Ռուսաստանը կկորցնեն հեղինակությունը, ընդ որում այդ դեպքում Ռուսաստանում Պուտինը համընդհանուր արհամարհանքի կարժանանա, եթե մարդիկ համարեն, որ նա կորցրեց Ուկրաինան ու հատկապես Ղրիմը: «Սակայն մեզ համար Արևմուտքում այդ ճգնաժամը ճգնաժամ է միայն այնքանով, որքանով մենք դա ցանկանանք»,-գտնում է Մեյերը:

Հեղինակը խորհուրդ է տալիս նայել իրավիճակին Մոսկվայի աչքերով. «Ռուսների մեծ մասը ուկրաինացիներին համարում է իր ազգի մի մասը բառիս լայն իմաստով, Ղրիմն ասոցացվում է հերոսական պաշտպանության երկու իրադարձությունների հետ՝ Ղրիմի պատերազմում և Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Գումարած Սևաստոպոլում ՌԾՈւ ռազմակայանի աշխարհաքաղաքական նշանակությունը: Պուտինը կարծում է, որ իրադարձություններն Ուկրաինայում առնչվում են Ռուսաստանի ազգային շահերի հետ»: Պուտինը ձգտում է վերադարձնել Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակը: Ուստի նա չպետք է այնպիսի տպավորություն թողնի, թե նահանջեց ԱՄՆ ճնշման ներքո: «Մոսկվայի համար Օբամայի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը «կվճարի» ներխուժման համար ոչ մի արժեք չունեն»,-եզրակացնում է հեղինակը:

Փոխարենն Օբաման և ՆԱՏՕ-ի առաջատար երկրներն իրոք «կվճարեն», եթե չկարողանան այս ճանապարհից հետ կանգնեցնել Պուտինին: Սիրիա ներխուժման ձախողումից հետո Օբաման թուլամորթի համբավ ձեռք բերեց, որի հետ ի դեպ Մեյերը համաձայն չէ:

«Խնդիրն այնքան Օբաման չէ, որքան այն, որ միջազգային հարաբերությունները անհուսալիորեն խճճվել են»,-գրում է Մեյերը: Այսօր արտաքին քաղաքականության վրա չափից շատ են ազդում «դիտարժան» տեսանյութերը ցուցարարների բախումների մասին ռեժիմի ուժերի հետ: «Դա սխալ հաշվարկի ու անտեղի միջամտության պատճառ է դառնում ուրիշների քաղաքացիական պատերազմներին»,-գտնում է հեղինակը: Նա խորհուրդ է տալիս արտաքին քաղաքականությունը վարել, հենվելով ազգային շահերի սթափ գնահատման վրա, վերադառնալ ինքնիշխան երկրների բացահայտ ձևակերպված շահերի հստակությանը և հրապարակավ խոստովանել, որ այսինչ ոլորտները շահերի գերակայության ոլորտներ են և պարզել, թե հատկապես ինչն է հիմք ծառայում պատերազմի համար:

«Պուտինը գիտի, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պատերազմ չեն սկսի խանգարելու համար Ռուսաստանին Ղրիմը կամ Արևելյան Ուկրաինան ևս մեկ Հարավային Օսեթիայի վերածելուն»,-գրում է հեղինակը: Այլ կլիներ, եթե Պուտինը ոտնձգություն կատարեր Բալթիայի երկրների դեմ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են:

Իր հերթին Le Journal du Dimanche-ը մեկնաբանության համար դիմել է ՌԴ ԱԳ նախկին նախարար Իգոր Իվանովին, որն այժմ գլխավորում է Միջազգային գործերի ռուսաստանյան միությունը: «Ամենամեծ ռիսկը քաղաքացիական պատերազմն է: Մեկ այստեղ, մեկ այնտեղ, մեկ արևմուտքում իշխանությունը զավթում են տարբեր խմբավորումներ: Մենք լավ գիտենք, թե ինչի կարող է հանգեցնել այդ անարխիան…Երկրորդ ռիսկը դա Ուկրաինայի մասնատումն է: Եթե Կիևում չլինի ուժեղ լեգիտիմ իշխանություն, երկիրը կպառակտվի: Վերջապես, վտանգ գոյություն ունի, որ երկիրը ֆինանսական ու սոցիալական կործանման եզրին կհայտնվի: Ստիպված կլինենք Ուկրաինան տնտեսական հովանու տակ առնել: Հավելեք ռիսկերը, որոնք կապված են անվտանգության բացակայության հետ, քանի որ իրավապահ ուժերը փողոցները թողել են հանցագործների ու ավազակների հայեցողությանը, և դուք կհասկանաք, որ մեր ուկրաինացի հարևանները շատ մտահոգված են»,-ասել է Իվանովը:

Նա նաև նշել է, որ այն մարդիկ, որոնք պնդում են, թե իրենք ներկայացնում են նոր իշխանությունը, չեն կատարել համաձայնության պայմաններն Յանուկովիչի ու երեք եվրոպացի նախարարների հետ: «Չնայած այս ամենին, մենք պետք է կարողանանք պայմանավորվել նրանց հետ: Ուկրաինան հիվանդ երկիր է, մենք՝ Ռուսաստանն ու Եվրոպան պետք է միասին գործենք բուժելու համար նրան»,-ասել է ՌԴ ԱԳՆ նախկին ղեկավարը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---