Բժիշկները հաստատում են՝ Խոջոյանին խոշտանգել են. Իրավապաշտպանները կդիմեն Եվրադատարան

Բժիշկները հաստատում են՝ Խոջոյանին խոշտանգել են. Իրավապաշտպանները կդիմեն Եվրադատարան

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարն այսօր՝ մարտի 6-ին, հանձնարարել է բժշկական կոնսիլիում կազմակերպել՝ գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։

Դրա համար Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Ավելի ուշ առողջապահության նախարարի օգնական Սեդա Մանուկյանը տեղեկացրել է, որ Խոջոյանը կտեղափոխվի Երևան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ հաշվի առնելով այն, որ նեղ մասնագիտական հետազոտությունների կարիք կա, գրում է Panorama.am-ը:

Մարտի 4-ին Բաքուն հետ էր վերադարձրել Ադրբեջանում մեկ ամսից ավելի գերեվարված Հայաստանի քաղաքացուն։ Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել էր: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ԶԼՄ-ները։

Հայաստանի ՊՆ-ն հերքել էր «հայ դիվերսանտի» գերեվարման մասին ադրբեջանցիների տարածած հաղորդագրությունը: Պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները բանակցություններ էին սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ԿԽՄԿ աշխատակիցներին թույլ տան այցելել Խոջոյանին:

Մարտի 4-ի երեկոյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել:

Երեկ Իջևանի բժշկական կենտրոնի վնասվածքաբան Էմիլ Բրուտյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ծերունին վնասվածքները ստացել է գերի ընկած ժամանակ։

«Համենայնդեպս, մի ամսվանից շուտ չի ունեցել այդ վնասվածքները, որովհետև մի մասը ապաքինման փուլում է։ Կոտրվածքներ ունի, մարմնի տարբեր հատվածներում կան սալջարդեր, քերծվածքներ՝ գլխին, բազկի շրջանում, ձախ ազդրի շրջանում։ Հարվածների հետևանքներ են, որովհետև դրանք կենցաղային վնասվածքների բնույթը չունեն»,- նշել է բժիշկը։

Ինչպես իր հերթին նշել է Խոջոյանի աղջիկը, հայրը պարզ ասում է, որ իրեն ցեմենտին են պառկեցրել, աղ լցրել, պառկեցրել վրան։

«Տանջել են, ահավոր վիճակ է... պատմում է, որ ծեծել են, սրսկել են, ասում է՝ վառել են»,- նշել է նա։

Բժիշկի խոսքով, Խոջոյանը պետք է ևս մեկ շաբաթ հետազոտվի։ Նրա բազուկը վնասված է և չի բացառվում, որ հրազենային վիրավորում է ստացել։ Այս պահին ծերունու կյանքին վտանգ չի սպառնում, թեև Բրուտյանը չի բացառել, որ նրա մոտ ավելի ուշ նոր առողջական խնդիրներ ի հայտ գան։ Խոջոյանի հիվանդասենյակը շուրջօրյա հսկում են ոստիկանները։ Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն հասցրել են հերքել Խոջոյանին խոշտանգելու մասին հայկական կողմի պնդումները։

ԿԽՄԿ-ն իրավասո՞ւ է զբաղվել Ադրբեջանում խոշտանգված և օրերս հայրենադարձված Խոջոյանի խմդիրներով հարցին ի պատասխան Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասել է, որ իրենց հիմնական առաքելությունը ՀՀ քաղաքացու հայրենադարձման խնդիրն էր, ինչն իրականացվել է:

«Խոջոյանի առողջական վիճակի հետ կապված մեկնաբանություններ չեմ կարող անել»,- նշել է Ամատունին, գրում է «Այսօր»-ը։

Նրա խոսքով, ԿԽՄԿ-ի համար մտահոգիչ է առհասարակ բոլոր գերիների առողջական վիճակը, ու որպես կանոն կազմակերպությունը հայրենադարձումից հետո էլ շարունակում է կապ պահպանել գերու ընտանիքի հետ:

Ինչպես այսօր մամուլի ասուլիսին տեղեկացրել է «Ընդդեմ իրավական կամայակության» ՀԿ նախագահը, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Խոջոյանի գործով ՀԿ-ն պատրաստվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրավիրել Ադրբեջանին:

«Կարծում եմ՝ մեկ շաբաթվա ընթացքում կպատրաստենք ՄԻԵԴ հայցը, այս դեպքը չպետք է վրիպվի: Եվրոպական դատարանը վերին աստիճանի տարբեր է լինում, փոխհատուցումը գնահատվում է նախ` ըստ հասցված ֆիզիկական վնասի և այն վերականագնելու համար պահանջված միջոցների»,- նշել է Ալավերդյանը:

Նա ընդգծել է, որ կօգտագործվեն նաև ՄԱԿ-ի գործիքները. «Մեր կազմակերպությունը միջազգային ցանցի անդամ է, որի միջոցով նաև տարածելու ենք տեղի ունեցածը: Այս դեպքը պետք է միջազգային հանրության քննարկման նյութ դառնա»:

Անդրադառնալով Ժնեվյան կոնվենցիաներին, նա նշել է, որ չորրորդ կոնվենցիան վերաբերում է խաղաղ բնակչությանը, որի երրորդ հոդվածը կոշտ արգելք է դնում Մամիկոն Խոջոյանի հետ պատահածին նման դեպքերի վրա:

«Հոդվածը վերաբերում է այն անձանց, ովքեր ժամանակին մասնակցել են պատերազմին ու վայր դրել զենքը: Իսկ Խոջոյանը չի էլ մասնակցել: Այդ հոդվածը հստակ արգելում է, որ չպետք է լինի ոտնձգություն ոչ կյանքի, ոչ ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ: Մասնավորապես, դաժան վերաբերմունք, խոշտանգումներ: Վերջապես, պատանդ վերցնելն է արգելված: Իսկ Խոջոյանը ոչ միայն դաժան վերաբերմունքի է ենթարկվել՝ բետոնի վրա քնելու, ծեծի, այլ խոշտանգումների: «Խոշտանգում» տերմինը լիովին պետք է կիրառվի այս դեպքում: Առկա է նաև անձի արժանապատվության նսեմացում»,- մանրամասնել է նա:

Հայաստանն ու Ադրբեջանը միացել են ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման մասին կոնվենցիային, ապա նաև Եվրոպական նույնանուն կոնվենցիային։ Ըստ դրա, մարդը խոշտանգման չենթարկվելու բացարձակ իրավունք ունի: Խոջոյանին առանց դատի ու դատաստանի, ծեծել ու նման վերաբերմունք են ցուցաբերել որպես պատիժ: Խոջոյանը 1937 թվականի ծնված, որդեկորույս մարդ է, կորցրել է նաև կնոջը, ինչը լավ բնորոշում է նրան ու իրավիճակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---