19  07.03.14 - «Դեմ եմ»-ի նախաձեռնած «ամոթանքի ակցիան» ֆիննախարարության դիմաց

«Ամոթանքի ակցիան»․ Ինքնահրկիզվելու չհաջողված փորձն ու պարտադիր կուտակայինը

«Ամոթանքի ակցիան»․ Ինքնահրկիզվելու չհաջողված փորձն ու պարտադիր կուտակայինը

PanARMENIAN.Net - Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» քաղնախաձեռնությունն այսօր հերթական ակցիան էր անցկացնում՝ «ամոթանքի», որի նպատակն էր բողոքն ու անհամաձայնությունը հայտնել ՀՀ ֆինանսների նախարարությանն իր «ապօրինի գործողությունների համար»:

«Արդեն անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա։ Նրանք ստիպում են կենսաթոշակային կամուրջ հաշիվներին փոխանցումներ կատարել, ինչպես նաև ապօրինաբար ստիպում աշխատողներին ֆոնդեր և կառավարիչներ ընտրել», ասվում էր նախաձեռնության հայտարարությունում:

Փետրվարի 19-ին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը զգուշացրել էր, որ Հայաստանի այն գործատուները, որոնք կուտակվող կենսաթոշակի համար իրենց աշխատակիցներից պահումներ են արել, սակայն չեն փոխանցել այդ գումարները, կարող են կրկնակի պատասխանատվության ենթարկվել:

Քանի որ Հայաստանի Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի միայն երկու հոդվածներ (մեկը մասնակի), մյուս հոդվածներում առկա պարտավորությունները չկատարելու դեպքում դրանց կատարման համար պատասխանատուները` գործատուները, կարող են պատժվել, պարզաբանել էր գերատեսչության ղեկավարը։

«Դեմ ենք մեր փողերի արտագաղթին» ու «Մենք ենք մեր աշխատավարձերի տերը» պաստառներով այսօր՝ մարտի 7-ին, պարտադիր կուտակայինի դեմ բողոքողները հավաքվել էին ֆինանսների նախարարության դիմաց․ նրանք մի պահանջ ունեին՝ թող նախարարն իջնի ու պատասխանի իրենց բոլոր հարցերին։

Մինչև ակտիվիստները կանչում էին նախարարին, ՀՀ 67-ամյա քաղաքացի Նիկոլայ Աղաբալյանն իր վրա բենզին լցնելով ինքնահրկիզման փորձ արեց, որը ակտիվիստներին ու ոստիկաններին հաջողվեց ժամանակին կանխել։ Նա իր հետ բերել էր ավանդի գրքույկն ու ասում էր, թե իր փողերը կորել են ԽՍՀՄ բանկերում: Միջադեպի վայրից ոստիկանները նրան բաժանմունք տարան:

Այնուհետև, ոստիկանները, փակ շղթա կազմած, թույլ չէին տալիս բողոքի ակցիայի մասնակիցներին անցնել մայթն ու մոտենալ ֆիննախարարության շենքին, սակայն վերջիններիս, այնուամենայնիվ, հաջողվեց անել դա: Նրանք սկսեցին նախարարության մուտքի դիմաց մետաղադրամներ շպրտել։

Քիչ անց քաղաքացիների մոտ իջավ ֆիննախարարության ֆինանսական շուկայի զարգացման և մեթոդաբանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Արման Ջհանգիրյանը, ով ցուցարարներին առաջարկեց հուզող հարցերի գրավոր տեքստն ուղարկել գերատեսչություն կամ 5-10 հոգուց բաղկացած պատվիրակություն կազմել և բարձրանալ նախարար Դավիթ Սարգսյանի մոտ, գրում է «Սիվիլնեթ»-ը:

«Միշտ աշխատում ենք թափանցիկ, պատրաստ ենք պարզաբանել մեր խոսքերը, եկեք բարձրանանք վերև»,- ասաց Արման Ջհանգիրյանը:

Սակայն ակցիայի մասնակիցները մերժեցին` շարունակելով պահանջել, որ նախարարն ինքն իջնի: Այնուհետև ցուցարարներին մոտեցավ նաև նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը, ով նույնն առաջարկեց, ինչ Ջհանգիրյանը․

«Այն, ինչ այստեղ կատարվում է, ամբոխավարություն է, երկխոսություն չէ․ մենք պատրաստ ենք երկխոսության, թող մի քանի հոգի գան, նախարարի հետ քննարկեն ամենը»,- ասաց Թամազյանը։ Ակցիայի մասնակիցները նրան էլ մերժեցին` նշելով, որ այստեղ բոլորը հավասար են, թող նախարարն ինքն իջնի ու պատասխանի հավաքվածների հարցերին։

Քիչ անց ոստիկանների ու ցուցարարների միջև քաշքշուկ սկսվեց, ինչի արդյունքում ակտիվիստներից մի քանիսի հանդեպ վարչական բերում իրականացվեց։

Ոստիկանները փորձում էին ազատել փողոցը ցուցարարներից՝ հորդորելով նրանց մայթ անցնել։ Ըստ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի, հավաքն արտոնված չէ, համապատասխան թույլտվություն չունեն ու խախտում են հասարակական կարգը՝ խոչընդոտելով երթևեկությունը: Ցուցարարներն իրավապահներից պահանջում էին ազատ արձակել բերման ենթարկվածներին, հակառակ դեպքում կգնան ոստիկանություն՝ նրանց հետևից։

Վալերի Օսիպյանը նրանց ի պատասխան ասաց, որ երբ համապատասխան արձանագրություն կազմվի՝ նրանց բաց կթողնեն։ Արդյունքում, ցուցարարները որոշեցին շարժվել դեպի ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, ուր տարել էին ակցիայի երեք մասնակցի՝ Հակոբ Արշակյանին, Էդուարդ Մինասյանին ու Դավիթ Աղաբեկյանին։

Ճանապարհին պարտադիր կուտակայինի դեմ բողոքողներն անցորդներին իրենց միանալու կոչ էին անում։ Երբ ակցիայի մասնակիցները թմբուկների ու ոստիկանների ուղեկցությամբ երթով ուղևորվեցին Կենտրոնի բաժանմունք, նախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշված էր, թե գերատեսչությունը միշտ պատրաստ է քննարկելու հասարակությանը մտահոգող հարցերն ու ներկայացնելու պարզաբանումներ, ինչպես նաև բաց է ցանկացած երկխոսության համար.

«Դ!ԵՄ ԵՄ» քաղնախաձեռնության անդամներին, ովքեր մարտի 7-ին ցույց էին անցկացնում ֆինանսների նախարարության առջև, առաջարկվեց փոխանցել գրավոր առաջարակներ կամ ձևավորել նախաձեռնողներից խումբ՝ նախարարին իրենց պահանջներն անձամբ ներկայացնելու և անհրաժեշտ պարզաբանումերն ու բացատրությունները ստանալու համար:

Նախաձեռնության անդամները, սակայն, հրաժարվեցին ընդունել ֆինանսների նախարարության՝ երկխոսելու այս առաջարկը»,- ասված էր հայտարարությունում:

Ինչպես «Ազատություն ռադիոկայանի» ուղիղ եթերում ասաց Երևանի փոխոստիկանապետը, չնայած երթն արտոնված չէ, ոստիկանները ոչ ոքի բերման չեն ենթարկի` այն խաղաղ բնույթի է։ Նա հավելեց նաև, որ ոստիկանության շենքի մոտ, որտեղ ցուցարարներն ուղևորվում էին, ցույց անել ևս չի թույլատրվում։

Բաժանմունքի մոտ չհասած, իրավապահները փակեցին ճանապարհը՝ չթույլատրելով ակտիվիստներին մոտենալ շենքին։

«Ոստիկանության ծառայության օրենքի համաձայն, իրավունք ունենք սահմանափակել ցուցարարների տեղաշարժը»,- հավաքվածներին ասաց փոխոստիկանապետ Օսիպյանը։ Ակտիվիստներից մեկն ի պատասխան նշեց, որ պահանջում են ազատ արձակել իրենց ընկերներին, ինչպես նաև թույլատրել մոտենալ ու շենքի մոտ սպասել նրանց։

«Համապատասխան գործողություններից հետո նրանց ազատ կարձակեն»,- պատասխանեց Օսիպյանը։

Քիչ անց ցուցարարներին տեղեկացրին, որ 20 րոպեի ընթացքում վարչական բերման ենթարկվածներին կազատեն․ այդպես էլ արեցին՝ մոտ մեկ ժամից երեքն էլ ազատության մեջ էին։Բերման ենթարկվածների նկատմամբ վարչական պատասխանատվության արձանագրություններ էին կազմվել:

Հակոբ Արշակյանը, ով առաջինն էր բերման ենթարկվել, նշեց. «Ասացին, որ բերման են ենթարկել փողոցն ազատելու ոստիկանի օրինական հրահանգը չկատարելու համար, սակայն ինձ նման հրահանգ չի տրվել: Ինձ քաշքշել են, ֆիզիկական ուժ կիրառել, խեղդելով բերման ենթարկել»:

Նա նաև տեղեկացրեց, որ ոստիկանությունում արձանագրություններ են կազմել, բայց ինքը ոչ մեկի տակ չի ստորագրել, գրում է Panorama.am-ը:

«Չեմ պատրաստվում վճարել, որովհետև ոստիկանության կողմից որևէ պահանջ ինձ չի ներկայացվել»,- ասաց Հակոբը՝ հավելելով, որ ոստիկանության ապօրինությունների նկատմամբ համապատասխան վերաբերմունք կլինի:

Մյուս ակտիվիստը՝ Էդուարդ Մինասյանը, ասաց, որ ոստիկանությունում իրեն չեն քաշքշել, բայց ցույցի ժամանակ բոլորին էլ քաշքշում էին։ Իսկ Դավիթ Աղաբեկյանն իր հերթին նշեց, որ իրեն բերման են ենթարկել այն պատճառով, թե իբր չի լսել ոստիկանների հրահանգները, չնայած որևէ հրահանգ չի եղել:

«Ստորագրել եմ արձանագրությունը, բայց գրել եմ, որ համաձայն չեմ, թե վարչական իրավախախտում եմ արել»,- եզրափակեց երիտասարդը:

Ավարտելով ակցիան, «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները ևս մեկ անգամ հիշեցրին, որ շարունակելու են պարտադիր կուտակայինի դեմ պայքարը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---