Կարբի և Օհանավան գյուղերի ջրագծի վերակառուցումը պաշտոնապես կասեցվել է (թարմացված)

Կարբի և Օհանավան գյուղերի ջրագծի վերակառուցումը պաշտոնապես կասեցվել է (թարմացված)

PanARMENIAN.Net - Կարբի և Օհանավան գյուղերի ջրագծի վերակառուցման աշխատանքները պաշտոնապես կասեցվել են: «ԳԱՀԱ Էներջի» ընկերությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ հաշվի առնելով մի խումբ բնակիչների «դեռևս չփարատված մտահոգություններն արագահոս դոտացիոն ջրագծի անհրաժեշտ վերակառուցման և հետագայում համապատասխան հանրային լսումների արդյունքում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի իրականացման կապակցությամբ, ընկերությունը որոշել է անհապաղ կասեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները Օհանավան համայնքում», գրում է Panorama.am-ը:

Ընկերությունից հայտնում են, որ որոշ ժամանակ անց նույն գյուղացիներն այս ծրագրի հիմնական շահառուն և պաշտպանն են լինելու. «Վստահ ենք ծրագրի նպատակների ազնվության մեջ»:

Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ նախատեսվում է Ապարանի ջրամբարից սնվող ջրատարի վրա ՀԷԿ-կառուցել: Հարակից 7 գյուղերի բնակիչները բողոքել էին ՀԷԿ-ի կառուցման դեմ` նշելով, որ ՀԷԿ-ի կառուցումից հետո ոռոգման ջուր չեն ունենալու այգիները ջրելու համար, որոնք իրենց եկամտի միակ աղբյուրն են:

«ԳԱՀԱ էներջին» ընկերությունը նախապես գյուղի ավագանու հետ համաձայնության է եկել համայնքի տարածքով 400-500 մմ-անոց խողովակներ անցկացնել, գրում է «Առավոտ»-ը։ Բայց հիմա ընկերությունը պատրաստվում է եռակի անգամ մեծ տրամագծով խողովակներ տեղադրել, ինչի պատճառով էլ բնակիչները մտահոգված են, թե ՀԷԿ-ը ջրամբարից բավականին մեծ ծավալով ջուր կվերցնի, որը կնվազեցնի իրենց ոռոգման ջուրը:

Մարտի 7-ին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հանձնարարությամբ ստեղծվել էր հանձնաժողով, որը զբաղվում է ՀԷԿ-ի կառուցման խնդրի ուսումնասիրությամբ:

Մարտի 19-ին արդեն երրորդ անգամ Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Ապարան միջազգային նշանակության ավտոճանապարհը` պահանջելով վերջնականապես դադարեցնել նոր ՀԷԿ-ի շինարարությունը:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ժամանել էր ցույցի վայր և հանդիպել բողոքող գյուղացիներին: «Առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում հանձնաժողովը կներկայացնի իր քննարկման արդյունքները: Իսկ այս պահի դրությամբ կարող եմ վստահեցնել, որ մինչև վերջնական որոշում չկայացվի, ոչ մի շինարարություն չի կարող լինել»,- ասել էր նախարարն ու խոստացել` ուրբաթ օրն անձամբ գալ ու գյուղացչներին ներկայացնել հանձնաժողովի որոշումը:

Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան համայնքների բնակիչների հետ փոխվարչապետի հանդիպման արդյունքները նույն օրը զեկուցվել էին ՀՀ նախագահին և վարչապետին:

Երկրի ղեկավարի հանձնարարությամբ մարտի 20-ին համայնքների բնակիչներին է հանդիպել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և տեղեկացրել, որ կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները: Բնակիչներին առաջարկվել է առանց որևէ անհանգստության սկսել նախատեսված գյուղատնտեսական աշխատանքները:

Միաժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը փոխվարչապետին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ` ոռոգման համակարգին առնչվող մտահոգությունները համապարփակ կերպով քննարկելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան լուծումներ առաջարկելու համար:

Արմեն Գևորգյանն առաջիկա օրերին կհանդիպի համայնքների ղեկավարներին, կքննարկեն համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից բացահայտված խնդիրները, ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև կստեղծվի հանձնաժողով` Ապարանի ջրամբարի ջրային ռեսուրսների կառավարման ընթացակարգերն ուսումնասիրելու և, հնարավորության դեպքում, դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---