Իսրայելը կարող է անդամակցել ՄՄ-ին, իսկ Մոլդովայում այդ հարցով ստորագրահավաք է

Իսրայելը կարող է անդամակցել ՄՄ-ին, իսկ Մոլդովայում այդ հարցով ստորագրահավաք է

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) շրջանակում Մաքսային միությանն անդամակցող երեք երկրների ներկայացուցիչները դիտարկում են այդ միջազգային կազմակերպությանն Իսրայելի անդամակցության հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը, որն այժմ աշխատանքային այցով գտնվում է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում:

Լիխաչովը նաև նշել է, որ բացասական արձագանքներ չեն եղել Մաքսային միությանն Իսրայելի հնարավոր անդամակցության վերաբերյալ, սակայն չի հայտնել հրեական պետության պաշտոնական հայտի առկայության մասին:

Մինչդեռ, արդեն հայտնի է, որ նման հարցումներ են արել Ղրղզստանը, Տաջիկստանը, Հայաստանը, Սիրիան, ինչպես նաև աշխարհի պետությունների մեծ մասի կողմից չճանաչված պետական կազմավորումները՝ Աբխազիան, Հարավային Օսեթիան ու Մերձդնեստրի մոլդովական հանրապետությունը, գրում է cursorinfo.co.il-ը:

Ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, Մոլդովայում սոցիալիստների կուսակցությունը ստորագրահավաք է սկսել Մաքսային միությանը երկրի միանալու օգտին: «Մենք ազգային ստորագրահավաք ենք սկսել Մաքսային միությանը և հետագայում Եվրասիական միությանը Մոլդովայի անդամակցության օգտին: Զուգահեռաբար կտեղեկացնենք քաղաքացիներին մեր երկրի համար արտաքին քաղաքականության այդ ուղղության շահավետության մասին»,-ասել է կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր և նախկին փոխվարչապետ Իգոր Դոդոնը: Նա նշեց, որ ըստ հասարակական կարծիքի վերջին հարցումների, Մոլդովայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գերադասում է Մաքսային միությունը Եվրամիությանը: Ավելի վաղ հաղորդագրություններ հայտնվեցին, որ առևտրի ազատ գոտու մասին համաձայնագիր կարող է կնքվել Եգիպտոսի ու Մաքսային միության երկրների միջև:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին, Ծաղկաձորում միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունների մեծ մասը և սպասվում է, որ մայիսին արդեն կստորագրվի ՄՄ-ին ու Միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը։ Վարչապետի խոսքով՝ հունիսին չորս երկրների (Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի) խորհրդարանները պետք է հաստատեն այդ փաստաթուղթը, և 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը:

«Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ապրիլի կեսին կավարտվի ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործընթացը: Նա հավելեց, որ զուգահեռ նախապատրաստվում է նաև համաձայնագիրը:

«ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը պետք է համաձայնության գան համաձայնագրի վերաբերյալ, որից հետո այն կներկայացվի ԱԺ վավերացմանը: Այժմ բարդ է ասել, թե հատկապես երբ այն կներկայացվի խորհրդարանին»,- ասել էր նա: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---