ՍԴ-ն ավարտեց պարտադիր կուտակայինի գործով քննությունը․ Որոշումը՝ շուտով

ՍԴ-ն ավարտեց պարտադիր կուտակայինի գործով քննությունը․ Որոշումը՝ շուտով

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանում այսօր՝ մարտի 31-ին, շարունակվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցի քննությունը։ Այսօր դատարանը լսեց Կառավարությանը՝ ի դեմս Հայաստանի սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի, ինչպես նաև Կենտրոնական բանկին՝ ի դեմս դրա փոխնախագահ Ներսես Երիցյանի, այնուհետև բոլոր 4 կողմը եզրափակիչ ելույթներ ունեցան, որոնցից հետո որոշումը կայացնելու համար դատարանն անցավ խորհրդակցությունների սենյակ:

Առաջ ընկնելով՝ ասենք, որ Բարձր դատարանն իր որոշումն այսօր չի հրապարակի, քանի որ ժամանակ է պահանջվում նյութերին մանրամասն ծանոթանալու համար։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով, երբ որոշումը պատրաստ լինի հրապարակման՝ նախօրոք կտեղեկացնեն։

Հարցով քննությունը սկսվել էր մարտի 28-ին: Դիմող կողմը, որին ՍԴ-ում ներկայացնում էին ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավաբան Մերի Խաչատրյանն ու իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ներկայացրել էր դիմումը, դրա առարկան, պահանջն ու պատասխանել դատարանի անդամների ու պատասխանող կողմի հարցերին: Պատասխանող կողմը, որին ներկայացնում էր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ներկայացրել էր բացատրություններ ու նույնպես պատասխանել հարցերին:

Կենտրոնական բանկը դատարանում ներկայացնող ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ պատասխանելով ՍԴ հարցերին, նշեց, որ մարտի 27-ի դրությամբ կենսաթոշակային ֆոնդի ինքնուրույն ընտրություն է կատարել 5337 քաղաքացի, իսկ մոտ 10 հազարի փոխարեն վերջիններիս որոշմամբ ընտրել է համակարգիչը: ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի հարցին, թե օրենքում ինչ ռիսկեր կան, Երիցյանը պատասխանեց, որ «դրանք կան, բայց իրենք օրենսդրությամբ սահմանել են, թե ինչպես են դրանք կառավարելու», գրում է «Սիվիլնեթ»-ը:

«Դրանք անցել են և ներքին, և արտաքին փորձաքննություն: Կարծում ենք՝ այդ ռիսկերը հավասարակշռված են, քանի որ միայն որոշակի գնային տատանումները կարող են էական ազդեցություն ունենալ»,- նշեց Երիցյանը՝ հավելելով, որ օպերացիոն և սնանկացման ռիսկերը հավասարեցված են զրոյի:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նկատեց, թե ուսումնասիրել է Չիլի օրինակը, որով համակարգը ներդնողները «բավական ոգևորված էին», և պարզվել, որ 1981-ին ներդրված մոդելը, որը վկայակոչվում է, 2008-ին փոփոխությունների է ենթարկվել, որովհետև հիմնական խնդիրը չի լուծել:

«Մեր ուսումնասիրած 50 երկրից բոլորն էլ փոփոխություններ են արել այդ համակարգում, այս առումով ձեր գնահատականներն ի՞նչ են հուշում»,- հետաքրքրվեց նա Ներսես Երիցյանից։

Պատասխանողը հայտարարեց, թե Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների հիմքում ընկած է 50-ից ավելի երկրի փորձն ու հավելեց. «Չիլիի օրինակը համարվում է կուտակայինի դասական հիմքը»՝ հավելելով, որ Հայաստանն այս համակարգի ներդրման համար օգտվել է Էստոնիայի օրինակից:

ԿԲ նախագահի տեղակալը ներկայացրեց Չիլիից քաղած դասը. «Առաջին դասն այն է, որ այդ երկիրը չուներ նվազագույն սոցիալական բուֆեր, մարդիկ, որոնք ընդհատումներով են աշխատել, չունեին բազային կենսաթոշակ, իսկ մեր պարագայում այն կա: Ձեր վկայակոչած տվյալներն ազգային մակարդակի են»:

Նրա խոսքով, Հայաստանում համակարգի իրականացման ուղղությամբ գտնվել է նաև այն օպտիմալ տարիքը (1974թ․-ից հետո ծնվածներ), որից սկսած քաղաքացին կկարողանա բավարար կուտակել:

Կառավարությունը ներկայացնող սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը ՍԴ նախագահի հարցին, թե նվազագույն աշխատավարձ ստացողն ինքը պետք է վճարի պարտադիր կուտակայինի վճարները, թե գործատուն, քանի որ մարդը ստանում է 45․000 հազար դրամ, որը բովանդակություն ունի, նշեց, թե այսօր դեռևս երկրում առկա է «աշխատող աղքատներ» երևույթը, և Հայաստանում նվազագույն աշխատավարձը զերծ է հարկերից, բայց պարտադիր կուտակային վճարը հարկ չէ, այլ ուշացած աշխատավարձ է:

Նախարարը նաև նշեց, որ նախատեսված է նվազագույն աշխատավարձի բարձրացում, գրում է Tert.am-ը: Այստեղ Գագիկ Հարությունյանը նրան ընդհատեց` ասելով, թե իր համար արդեն պարզ է, որ Կառավարությունն օրենսդրական այդ լուծումն արել է այնպես, որ պարտադիր կուտակայինի դեպքում վճարումներ անի նաև նվազագույն աշխատավարձ ստացողը։

ՍԴ մեկ այլ հարցին, թե արդյոք համակարգը ներդնելուց առաջ Կառավարությունը կանխատեսել էր հասարակական բողոքի այս ալիքը, նախարարը պատասխանեց, որ խնդիրը հիմնականում տեխնիկական է, և անհրաժեշտ է օրենքի վերաբերյալ ամբողջական պարզաբանումներ տալ:

«Արված հարցումները ցույց տվեցին, որ հասարակության մեծ մասը համակարգին դեմ է` չունենալով դրա վերաբերյալ ամբողջական պատկեր, հարցերի պատասխաններ, և ունենալով ավելի շատ անորոշություններ»,- ասաց Ասատրյանը` հավելելով, որ չի կարծում, թե «անորոշությունների մեջ անձը կարող է որևէ բանին կողմ լինել, ուստի այդ առումով ադեկվատ է ստեղծված իրավիճակը»:

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն իր հերթին Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե արդյոք կենսաթոշակ ստանալը քաղաքացու սահմանադրական իրավո՞ւնք է, ինչին նախարարը կարճ պատասխանեց. «Այո»:

Այնուհետև հաջորդեց Թոխյանի մյուս հարցը` քաղաքացին կարո՞ղ է հրաժարվել կենսաթոշակ ստանալու իրավունքից:

«Կենսաթոշակի իրավունք ստանալուց հետո քաղաքացին դիմում է ներկայացնում, որ ցանկանում է ստանալ կենսաթոշակ, որից հետո նոր սկսում է կենսաթոշակ ստանալ»,- պատասխանեց նախարարը:

Թոխյանը շարունակեց հետաքրքրվել. «Դուք ինչո՞ւ եք քաղաքացուն ասում` արի 40 տարի վճարի, որ հետո իրավունք ունենաս հրաժարվել»,- ասաց նա:

«Այս համակարգով երկրի սոցիալական պաշտպանության համակարգ է ստեղծվում: Կարծում եմ՝ արդեն ուշացրել ենք սա և նորից հետաձգելը ավելի ծանր հետևանքների կբերի: Բոլորիս հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն 20-25 տարի 10 տոկոս վճարներ պետք է արվեն, որ բարեփոխումը կատարվի, այլ դեպքում համակարգը չի աշխատի և իր ֆունկցիան չի կատարի, եթե մենք նպատակից ենք ելնում, լուծումները շատ սահմանափակ են»,- պատասխանեց Արտեմ Ասատրյանը, գրում է Panorama.am-ը:

Երբ հերթը հասավ եզրափակիչ ելույթներին, դիմող կողմը ներկայացնող ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ որևէ հակափաստարկ չհնչեց․ որևէ փաստարկ, որը կառարկեր իրենց կողմից ներկայացված իրավունքների խախտման մասով, չի ներկայացվել։ Նա ընդգծեց, որ դիմումում նշված իրենց պնդումները ուժի մեջ են և որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է:

Մինասյանի խոսքով, «մանիպուլյացիաներ» են պատասխանող կողմի այն պնդումները, թե քաղաքացիները կենսաթոշակային տարիքում բարեկեցիկ կյանք են ունենալու: ԱԺ պատգամավորը անդրադարձավ նաև պատասխանող կողմի այն հայտարարություններին, թե իրենց առաջարկած համակարգը քաղաքականից զերծ է:

«Կեղծ փաստարկ է դա. այսինքն հաջորդ ընտրություններում եթե գա այլ ուժ, չի՞ կարող փոխել այս համակարգը, իհարկե կարող է: Դրա համար համակարգի ներդրման հարցը պետք էր դնել հանրաքվեի: Այն վերաբերում է ապագա բոլոր սերունդներին»,- հայտարարեց Մինասյանը` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ պահանջում են հակասահմանադրական ճանաչել պարտադիր բաղադրիչը։

Սկսելով իր ամփոփիչ ելույթը ԱԺ-ն ներկայացնող ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը նախ նշեց, որ այստեղ չի լսել մի բան, որին պետք է հակափաստարկ բերեր: Անդրադառնալով հաճախ հնչող հարցին, թե որոնք են այն երաշխիքները, որ հետագայում քաղաքացուն վերադարձվելու են իր կուտակած գումարները, նշեց.

«Երաշխիքների հետ կապված ասեմ, որ մեր սոցիալական ապահովության այսօրվա համակարգը բացարձակ այլ երաշխիքների համակարգ է: Յուրաքանչյուր քաղաքացու հարց եմ տալիս, ո՞վ ունի երաշխիք իր՝ քառասունհինգ տարվա փոխանցած հարկերի դիմաց կենսաթոշակ ստանալու: Երբ օրենքում ամրագրում ենք երաշխիք՝ կառավարությանը պարտադրում ենք երկուսուկես տոկոս առավելագույնը գումար կուտակել, փոխհատուցել մարդու կենսաթոշակը, մեզ մեղադրում են չգիտես՝ ինչի՞ համար»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ժողովրդի հետ խորհրդակցել են, պատգամավորը հիշեցրեց, որ «խորհրդային միության բնորոշ հրամայական մանդատը մեզանում գոյություն չունի, իսկ քվեարկելու լիազորություն ստացել է 31 հազար ընտրողից», գրում է «Առավոտ»-ը:

Խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցության հայցի հիմքում կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչից հրաժարվելն է: Կառավարության հայտարարած ռեֆորմը, ըստ հայցվորների, իրականացվում է ժողովրդի կամքին հակառակ, չի վայելում մասնակիցների վստահությունը, չի տալիս բարեկեցության երաշխիքներ:

Հայցվորները նշել են, որ օրենքի կիրառումը նաև տնտեսական առումով կվատթարացնի երկրի վիճակը` կնվազի տնտեսական աճը, կավելանա պետական պարտքը, կբարձրանա աղքատության մակարդակը, կավելանա տնտեսության ստվերայնությունը, կաճի արտագաղթը:

Ուսումնասիրելով համաշխարհային փորձը, հայցվողներն գործով առաջին նիստին նշել են, որ Հայաստանում ներդրված կուտակային ռեֆորմն իր տեսակի մեջ աննախադեպ ռիսկային է, ու պետության վրա բեռ է դառնալու: Մինասյանի փոխանցմամբ, տվյալներն իրենց ներկայացրել է Վենտուրա քոլեջի տնտեսագիտության պրոֆեսոր Արա Խանջյանը, ում, ի դեպ, միջնորդելու են գործում իբրև փորձագետ ներգրավելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---