Մոտ 6 մլրդ դրամի վարկ` ցրտահարությունից տուժած գյուղացիներին

Մոտ 6 մլրդ դրամի վարկ` ցրտահարությունից տուժած գյուղացիներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 3-ին, մինչև Կառավարության նիստի օրակարգի հաստատումը, անդրադարձել է հանրապետությունում վերջին օրերին գրանցված ցրտահարությանը և դրա հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասին: Նա նշել է, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը խորհրդակցություններ է անցկացնում և ընդամենը մի քանի օրից պարզ կդառնա, թե ինչ ծավալի վնաս է կրել գյուղատնտեսությունը, գրում է Tert.am-ը:

«Շուրջ 11.500 հա-ի վրա արձանագրել ենք վնասներ, և այսօր մարզպետները, գյուղնախարարը մանրակրկիտ ուսումնասիրում են ըստ տնտեսությունների, փորձում են գնահատել վնասի ծավալները, որպեսզի օգնությունը և օժանդակությունը լինի առարկայական: Դեռևս ժամանակ ունենք գյուղատնտեսական տարվա ընթացքում շտկելու այն վնասները, որ եղանակային պայմանները հասցրել են, և մենք օգնելու ենք գյուղացիներին, որպեսզի նրանք ստանան լրացուցիչ տարբեր տեսակի սերմեր, պարարտանյութ, որպեսզի այս տարին այդ տնտեսությունների համար կորցրած տարի չլինի»,-ասել է նա` հավելելով, որ Կառավարությունը դիմել է Կենտրոնական բանկին՝ ֆինանսական խնդիրները քննարկելու համար:

«Որոշակի ուսումնասիրություններ ենք արել տարբեր գյուղերում, աշխատանք է տարվում բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ: Մի քանի օրից կներկայացնենք վերջնական տվյալները: Բայց խոսքը մոտ 6 մլրդ դրամ վարկային ներդրումների մասին է»,- ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Ինչպես անցած տարի Արմավիրի մարզում գյուղացիական տնտեսություններին օգնեցինք վարկային միջոցներով, վերաձևակերպումներով, այս տարի նույն գործիքը կօգտագործենք և պետական բյուջեն կաջակցի: Մենք կօգնենք գյուղացիական տնտեսություններին ֆինանսական խնդիրները հաղթահարելու հարցում, որպեսզի նրանք կարողանան իրականացնել և գարնանացանը, և աշնանացանը»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ապրիլի 2-ին խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզի Մյասնիկյանի համայնքապետարանում` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների և ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ, գրում է Panorama.am-ը:

Համայնքների ղեկավարները ներկայացրել են ցրտահարությունների հետևանքով ստեղծված իրավիճակը: Ինչպես ապրիլի 1-ին Արարատի մարզում կայացած հանդիպմանը, այստեղ ևս հիմնականում բարձրացվել է պետության կողմից աջակցությանը, վարկային պարտավորությունների մեղմմանը, առավել մատչելի ոռոգման ջրով, անհրաժեշտ սերմացուով ապահովմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ վնասի չափերը ճշգրտելու համար ներկայումս աշխատանքներ են իրականացվում տեղերում: Առաջիկայում տուժած գյուղացիական տնտեսությունների աջակցության վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն կառավարություն: Ջրային տնտեսության պետական կոմիտեն նույնպես քննարկում է գյուղացիական տնտեսությունների համար առավել մատչելի ոռոգում ապահովելու հարցը, և դրա վերաբերյալ ևս առաջարկություններ կներկայացվեն: Բացի այդ, հանձնարարվել է նաև գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին:

Մարտի 29-30-ին հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառած կորուստների իրական ծավալների մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռևս չկա: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ առաջիկայում մասնագիտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին: Ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել և գյուղացիներին էին ներկայացրել նախարարության մասնագետները արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ անզոր է եղել տարերքին համարժեք գործողություններ իրականացնել:

Մինչ այդ` մարտի 26-ին Հայաստանի ԱԻՆ «Հայպետհիդրոմետ»-ը տեղեկացրել էր, որ մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև:

Գնահատելով վնասները` «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշել էր. «Հայ գյուղացին լուրջ վնաս է կրել: Խոսքը 45-50 000 տոննա ծիրանի ցրտահարության մասին է»: Արմավիրի մարզպետարանից հայտնել էին, որ պտղատուները հիմնականում վնասվել են: Ծիրանենին, սալորենին, դեղձենին ամբողջությամբ ծաղկել էին ու 90-100 տոկոսով ցրտահարվել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---