YouTube-ը Թուրքիայի ՍԴ-ից պահանջում է վերականգնել ռեսուրսի հասանելիությունը

YouTube-ը Թուրքիայի ՍԴ-ից պահանջում է վերականգնել ռեսուրսի հասանելիությունը

PanARMENIAN.Net - Ամերիկյան YouTube ընկերությունը հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով հանել ռեսուրսի արգելանքը հանրապետության տարածքում: Ինչպես հայտնում է տեղական հեռուստատեսությունը, ընկերությունը դիմել է ՍԴ տեղի փաստաբան Գենեչ Գյուրժայնակի միջոցով, որը նախկինում իրավաբանական ծառայություններ է տրամադրել Twitter-ի ղեկավարությանը:

Հայցով փաստաբանը խնդրում է դատարանին պարզել, թե արդյոք YouTube-ի արգելափակումը չի խախտում երկրի բնակչության քաղաքացիական իրավունքները: Ըստ փորձագետների, հավանականություն կա, որ դատարանը կբավարարի ընկերության հայցը նմանատիպ նախադեպի առկայության դեպքում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի իշխանությունները մարտի 27-ին որոշում կայացրեցին YouTube տեսահոսթինգն արգելափակելու մասին: Որոշումը կայացրել էր Թուրքիայի հեռահաղորդակցությունների դեպարտամենտը (TIB) մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ YouTube-ում զետեղվեց Թուրքիայի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների տեսագրությունը, որտեղ քննարկվել է գործողությունների սցենարը Սիրիայում գտնվող Շահ Սուլեյմանի դամբարանի վրա ահաբեկիչների հարձակման դեպքում:

ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր հերթին հայտարարեց, որ հրապարակված տեսագրությունը, որն արվել է թաքնված տեսախցիկով, մասնակիորեն խմբագրված է: Նա տեսահոլովակի հրապարակումը համարել է «սպառնալիք ազգային անվտանգությանը»:

Թուրքիայում լուրեր սկսեցին շրջանառվել, որ Twitter-ի և Youtube-ի օրինակով Թուրքիայում կարող են արգելափակել նաև Facebook սոցիալական ցանցը: Ինչպես գրում է թուրքական Sondakika լրատվական կայքը: Այդ մասին ասվել է նախօրեին՝ մարտի 27-ին, թուրքական StarTV հեռուստաալիքի եթերում:

Ապրիլի 4-ին թուրքական դատարանը որոշեց չեղյալ համարել YouTube-ի արգելափակման մասին որոշումը: Մարտի 21-ի գիշերը Թուրքիայում արգելափակվեց Twitter-ը: Էրդողանը հավաստիացրեց, որ Թուրքիան առաջիկայում ևս կոշտ է գործելու սոցցանցերի հարցում, եթե չկատարվեն դատական որոշումներն աքաունթների փակման մասին՝ շեշտելով, որ միջազգային հանրության արձագանքը նրան չի հետաքրքրում:

Նույն օրը երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Twitter-ի ամբողջական արգելքի մասին Թուրքիայում խոսք լինել չի կարող: Ըստ նախագահի, եթե կան անձնական կյանքին միջամտության ապօրինի դեպքեր, կարող են փակվել միայն կոնկրետ էջեր, այն էլ դատարանի որոշմամբ: Twitter-ի փակումը Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթից մեկ օր անց բուռն արձագանք գտավ աշխարհում, հատկապես Եվրոպայում, որտեղ արտահայտվելու իրավունքը հիմնարար ազատություններից է:

Մեկնաբանելով եվրոպական որոշ երկրների քննադատությունը՝ Էրդողանը հորդորել է ԵՄ-ին «սեփական գործերով զբաղվել»: Բողոքելով Twitter-ի արգելափակման վերաբերյալ որոշման դեմ՝ 15-րդ վարչական դատարան էին դիմել Թուրքիայի Իրավաբանների միությունը, Անկարայի իրավաբանների միությունը, Թուրքիայի լրագրողների միավորումը, ինչպես նաև խորհրդարանի պատգամավոր Օքթայ Վուրալը: Ըստ երկրի օրենքի, հեռահաղորդակցությունների նախարարությունը պարտավոր է անհապաղ կատարել դատական որոշումը:

Մարտի 26-ին Անկարայի 15-րդ վարչական դատարանը չեղյալ համարեց Twitter-ի արգելափակումը: Ապրիլի 3-ին Թուրքիայի կառավարությունը չեղյալ համարեց Twitter-ի արգելափակումը: Մինչ այդ ՍԴ-ն ապօրինի էր համարել արգելափակումը՝ որակելով դա որպես խոսքի ազատության ու անձի իրավունքների ոտնահարում: Մինչդեռ իշխանությունները մեկ շաբաթից ավելի անտեսում էին այդ որոշումը:

Twitter-ի արգելափակման մասին որոշումը վարչապետը բացատրեց կառավարությունում կոռուպցիայի մասին տեղեկատվության տարածման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ: Նա հայտարարեց, որ մտադիր է «արմատախիլ» անել ռեսուրսը: Արգելքը բողոքներ առաջացրեց երկրի ներսում ու միջազգային արձագանք ստացավ: Մինչդեռ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը խստորեն քննադատեց Սահմանադրական դատարանի որոշումը:

«Ստիպված ենք կատարել Սահմանադրական դատարանի որոշումը, բայց չպետք է պարտադիր հարգենք այն: Ես չեմ էլ հարգում այդ վճիռը: Դիտարկելով արգելափակման մասին հարցը՝ դատարանը պետք է մերժեր հայցը», - ասել է վարչապետը: Նա պարզաբանել է, որ հայցը ներկայացվել է անմիջապես ՍԴ և ստորին ատյանների դատարաններում չի քննվել: Ըստ Էրդողանի, դա խախտում է իրավունքի սկզբունքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---