Թուրքիան Սիրիայում քիմիական գրոհների մեղսակիցն է, համոզված է ամերիկացի լրագրողը

Թուրքիան Սիրիայում քիմիական գրոհների մեղսակիցն է, համոզված է ամերիկացի լրագրողը

PanARMENIAN.Net - Լիբանանյան AL Ahbar թերթը, բրիտանական London Review of Books ամսագրի վրա հղումով, հրապարակել է ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի հոդվածը: Նա գրում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները հող են նախապատրաստել Արևելյան Գուտայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ Սիրիայի կառավարության դեմ շինծու մեղադրանքների համար:

Սեյմուր Հերշը նշել է, որ 2013 թվականի դեռ օգոստոսի սկզբին Պենտագոնի ու հետախուզության ներկայացուցիչներն ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի և ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսիի համար զեկույց էին նախապատրաստել, որտեղ գաղտնի գործողության մի ամբողջ սցենար էր նկարագրված, որի նպատակն էր պատրվակ ստեղծել Սիրիա ռազմական ներխուժման համար, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Լրագրողը հաստատել է, որ սադրանքին մեղսակից է թուրքական վերնախավը, ինչին տեղյակ էր Օբամայի վարչակազմը, սակայն ցանկացած հիշատակում այդ մասին կտրականապես արգելված է: Հերշը հայտնեց, որ 2013 թվականի օգոստոսին, Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառումից մի քանի օր առաջ, Թուրքիայում գաղտնի խորհրդակցություն տեղի ունեցավ վարչապետ Էրդողանի, ԱԳՆ ղեկավար Դավութօղլուի և հետախուզության պետ Ֆիդանի մասնակցությամբ, որտեղ քննարկվել է Սիրիայի դեմ ռազմական ագրեսիայի համար պատրվակ ստեղծելու հնարավորությունը:

Ապստամբներն ու նրանց արևմտյան ու արաբ դաշնակիցները մեղքը բարդում են Բաշար Ասադի վրա 2013 թվականի օգոստոսի 21-ի քիմիական գրոհի համար: Սիրիայի կառավարությունը պնդում է, որ քիմիական զենքն ապստամբներն են կիրառել: ԱՄՆ-ն մեղադրում է Բաշար Ասադին Արևելյան Գուտայում խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ, որի հետևանքով 1400 մարդ զոհվեց: Ըստ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության, օգոստոսի 21-ին մոտ 400 մարդ է զոհվել:

2013 թվականի օգոստոսի 28-ին թուրքական Vatan թերթի կայքում տեսանյութ է զետեղվել՝ «Քիմիական զենքը սիրիացի իսլամիստների համար արտադրվում է Թուրքիայում» վերտառությամբ: Թերթը գրում է, որ մինչ Արևմուտքը պատրաստվում է հարված հասցնել Սիրիային նպատակ ունենալով պատժել նախագահ Ասադին խաղաղ բնակիչների դեմ քիմզենքի օգտագործման համար, այս տեսանյութը պետք է հանրության ուշադրությունը դարձնի բոլոր նրանց վրա, ով ռմբակոծում է Սիրիան: Ռեակտիվներով տարաների վրա պարզ տեսանելի են թուրքերենով արված գրությունները:

Արևելյան Գուտայում օգտագործված զարինով հրթիռների հեռահարությունը վկայում է այն մասին, որ դրանք չէին կարող արձակված լինել Սիրիայի զինված ուժերի կողմից: Այդպիսին է հայտնի ամերիկացի փորձագետներ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Թեոդոր Փոստոլի ու ՄԱԿ սպառազինության գծով նախկին տեսուչ Ռիչարդ Լլոյդի նոր զեկույցի հիմնական եզրակացությունը, որը հրապարակվել է 2014 թվականի հունվարին:

Ըստ մասնագետների, Արևելյան Գուտայում կիրառված հրթիռների հեռահարությունը մոտ 2 կմ է: Այդպիսով, եթե դրանք արձակած լինեին Սիրիայի զինված ուժերը, հրթիռներն ուղղակի չէին հասնի թիրախին:

Սեյմուր Հերշը ամերիկացի լրագորղ է, իրավապաշտպան, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, Լայպցիգի ԶԼՄ-ների Ազատ մամուլի հիմնադրամի զարգացման համար մրցանակի դափնեկիր, Ռիդենաուրի մրցանակի դափնեկիր (2005):

Նա միջազգային ճանաչում ստացավ Վիետնամում պատերազմի ժամանակ, որից հետո էլ արժանացավ Պուլիտցերյան մրցանակի: Աշխատել է UPI և AP գործակալություններում, The New York Times թերթում, վերջին տարիներն New Yorker շաբաթաթերթի մեկնաբանն է: Հերշը համարվում է լավագույն ամերիկացի հեղինակներից մեկը լրագրողական հետաքննության ոլորտում:

Հերշը հեղինակել է «Մարտի դաշտի նախապատրաստում. Բուշի վարչակազմը ավելացնում է գաղտնի գործողություններն Իրանի դեմ», «ԿՀՎ գաղտնի պատերազմը Չիլիի դեմ», «Կամելոտի մութ կողմը», «Օրենքով մարդասպանները» ԿՀՎ-ին ծառայելիս» գրքերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---