Le Huffington Post. Թուրքիան չի կարողանում տարածաշրջանային տերություն դառնալ

Le Huffington Post. Թուրքիան չի կարողանում տարածաշրջանային տերություն դառնալ

PanARMENIAN.Net - Արդեն 10 տարի է Թուրքիան հավակնում է տարածաշրջանային տերություն դառնալ: Նա ղեկավարվում է քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ահմեդ Դավութօղլուի տեսություններով, որը սկզբում դարձավ վարչապետ Էրդողանի խորհրդականը, իսկ 2009 թվականին ստացավ ԱԳ նախարարի պաշտոնը: Նա է հարևանների հետ առանց խնդիրների քաղաքական ուղղության հեղինակը, որը նախատեսում էր լարվածության նվազում ու համագործակցության զարգացում տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Նա թուրքերին դրդում էր գազային համաձայնագրեր կնքել Իրանի ու տնտեսական և պաշտպանական ոլորտում Իրաքյան Քրդստանի հետ: Այս մասին ասվում է Le Huffington Post-ի հոդվածում:

Սիրիան նույնպես այդ հաշվարկների մաս էր կազմում: Երկու պետությունների երկխոսությունը բավականին լարված էր քրդական հարցի ու ջրօգտագործման պատճառով: Հաֆեզ Ասադը սատարեց Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որն ուժով փորձում էր պաշտպանել քրդերի իրավունքները Թուրքիայում: Այնուամենայնիվ, 1998 թվականին Հաֆեզ Ասադը շարժման առաջնորդ Օջալանին հանձնեց թուրքական իշխանություններին, որից հետո երկկողմ հարաբերություններն էլ ավելի ջերմացան: Այդ կուրսը շարունակվեց նաև նախագահ Բաշար Ասադի օրոք, որին Էրդողանը նույնիսկ ընկեր էր անվանում: 2004 թվականին պաշտոնական հանդիպման ժամանակ պայմանագիր ստորագրվեց ընդհանուր շուկայի մասին, որը վավերացվեց 2007 թվականին: Ապստամբությունը Սիրիայում սկսվեց Էրդողանի կողմից Դամասկոսի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի պայմաններում, որը ցանկանում էր իր կառավարությունը ներկայացնել որպես չափավոր ու ժողովրդավարական իսլամիստական մոդել: Ձգտելով պահպանել «մեղմ ուժի» սկզբունքը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ճնշում գործադրեց Ասադի վրա բողոքների սկզբում, որպեսզի նա անցումային ժողովրդավարական գործընթաց նախաձեռնի:

Չտեսնելով բարի կամքի ոչ մի դրսևորում Սիրիայի նախագահի կողմից՝ Էրդողանն ու Դավութօղլուն փոխեցին քաղաքականությունը ռեժիմի հանդեպ: Այլևս խոսք չէր կարող լինել Ասադի իշխանությունը պահպանելու մասին, իսկ ընտրությունը կատարվեց հօգուտ ընդդիմության: 2011 թ. հոկտեմբերին Ստամբուլում նույնիսկ տեղի ունեցավ Սիրիական ազգային խորհրդի սահմանադիր ժողովը: Շրջադարձը տեսանելի էր անզեն աչքով: Խոսքն արդեն ոչ թե ազգային միասնությունը պահպանելու մասին էր, ինչպես ուզում էր Գյուլը, այլ ընդդիմությանը սատարելու, որն արդեն այն ժամանակ պառակտվում էր: Հարևանների հետ առանց խնդիրների քաղաքականությունը մնաց անցյալում: Բանն այն է, որ Պարսից ծոցի սուլթանության աջակցությունը վայելող մեծամասնության կողմը բռնելով, Թուրքիան առճակատման մեջ մտավ Իրանի շիաների հետ, սիրիական ռեժիմի ու լիբանանյան Հեզբոլլահի հետ: Ինչպես նշեց Ասադը 2012 թվականին, Էրդողանն իրեն նոր խալիֆ համարեց, որն իր ձեռքի տակ է հավաքում տարածաշրջանի սունիների պետությունները:

Էրդողանն ու Դավութօղլուն մշտապես պահպանել են շփումները Բարաք Օբամայի հետ, համոզելու համար նրան հարվածներ հասցնել Սիրիային: Եթե հավատանք The New Yorker-ի թղթակից Սեյմուր Հերշին, նախկինում երկու երկրներն արդեն գաղտնի կանալներ են ստեղծել, որով սիրիացի ապստամբները զենք էին ստանում լիբիացի ապստամբներից: Ինչպես գրում է նույն լրագրողը 2012 թվականին, Թուրքիան մեծ դեր ունեցավ այդ պայմանավորվածության մեջ: Այնուամենայնիվ, ընթացիկ տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ն հրաժարվեց այդ ռազմավարությունից Բենգազիում հյուպատոսի մահվան պատճառով, ինչը հարված էր Թուրքիայի համար: Բացի այդ, Էրդողանին չհաջողվեց կանխել նաև Օբամայի շրջադարձը Սիրիայի հարցում քաղաքականության մեջ: Դաշնակիցները երես թեքեցին նրանից, թեև նա միշտ ձգտել էր պաշտոնանկ անել Ասադին և նրա փոխարեն իշխանության բերել իսլամիստական կառավարությանը:

Էրդողանը սրման գնաց, որն արդեն ինքն էլ չի կարող կասեցնել: Նա լուծում է որոնում, որը թույլ կտար նրան ընդլայնել ազդեցությունը, և պատրաստ է հանուն դրա նույնիսկ սատարել ահաբեկիչներին: Բայց դա նշանակում է առճակատում Իրանի ու Ռուսաստանի հետ, բնակչության դժգոհություն և դաշնակիցների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի անհամաձայնություն, որոնք գնալով ավելի են հեռանում հակամարտությունից, ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---