Ամերիկացի դիվանագետ. Ալիևի ռեժիմը վախենում է ոչ թե Ռուսաստանից կամ Իրանից, այլ սեփական քաղաքացիներից

Ամերիկացի դիվանագետ. Ալիևի ռեժիմը վախենում է ոչ թե Ռուսաստանից կամ Իրանից, այլ սեփական քաղաքացիներից

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997 թթ.) Ռիչարդ Կոզլարիչը Turan-ին տված հարցազրույցում իր լուրջ մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ, կապված լրագրողների ու քաղաքական ակտիվիստների հետապնդումների նոր փաստերի հետ: Այդ ֆոնի վրա տասնյակ ամերիկացի դիվանագետներ, կոնգրեսականներ ու պաշտոնյաներ պատրաստվում են մայիսի 29-30 մասնակցել Վաշինգտոնում կայանալիք «Ապագայի տեսլականը» խորհրդաժողովին:

Այդ իրադարձությունները շատերը համարում են PR միջոցառում, որը ֆինանսավորում է Ադրբեջանի Պետնավթային ընկերությունը՝ SOCAR-ը:

«Ես զբաղվում եմ ԱՄՆ ու Ադրբեջանի հարաբերություններով 1992 թվականից, բայց ես ավելի վատ իրավիճակ չեմ հիշում, քան այն, ինչ կատարվում է Ադրբեջանում այսօր», -ասել է Կոզլարիչը:

Բաքվում քննադատում են Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքին, իսկ Կոնգրեսի աշխատակիցներին մեղադրում են լրտեսության մեջ, միևնույն ժամանակ իշխանությունները ֆինանսավորում են Վաշինգտոնում անցնող ադրբեջանա-ամերիկյան խորհրդաժողովը, սատարելու համար ադրբեջանա-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը, նշել է Կոզլարիչը:

Անդրադառնալով լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությանը՝ Կոզլարիչն ասել է, որ այդ հայտնի անկախ լրագրողի ձերբակալությունը Թուրքիայից արտաքսումից հետո լուրջ մտահոգություն է առաջացրել աշխարհում իրավապաշտպան խմբերի շրջանում:

Կոզլարիչի համար Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությունը «քաղաքական այլախոհության, ԶԼՄ-ների ազատության ու հայերի և ադրբեջանցիների միջև ցանկացած դրական շփում հաստատելու դեմ ուղղված Ալիևի ռեժիմի անկումային գործողությունների վերջին օղակն է»:

«Ալիևի ռեժիմը վախենում է ոչ թե Ռուսաստանից կամ Իրանից, այլ սեփական քաղաքացիներից...Նրանք նույնիսկ արգելում են հյուրանոցներին տարածք տրամադրել ՈԿԿ-ներին ռեժիմը քննադատող միջոցառումներ անցկացնելու համար: Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է, որ ռեժիմին չի մտահոգում արտաքին արձաքանգը Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը»,-ասաց Կոզլարիչը: Ինչ վերաբերում է առաջիկա ադրբեջանա-ամերիկյան խորհրդաժողովին, ապա ակնկալվում է 6 հայտնի ամերիկացի սենատորների ելույթ և էներգետիկ դիվանագիտության գծով պետքարտուղարի օգնականի տեղակալի ելույթը Եվրասիական էներգետիկ միջանցքի թեմայով հատուկ նստաշրջանում:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը և ՊՆ ղեկավարի օգնականի տեղակալ Էվելին Ֆարկաշը հանդես կգան «Ադրբեջան. Հուսալի ընկեր կարևորագույն գլոբալ խաչմերուկում» թեմայով նիստում: Նստաշրջաններից ոչ մեկը նվիրված չէ երկրում տիրող քաղաքական իրավիճակին:

Վերջերս Ադրբեջանի դեսպանությունը վարձել էր Մասաչուսեթս նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Բիլ Դելեհանթին՝ մշակելու համար ԱՄՆ կառավարության ու օրենսդիրների հետ աշխատանքի կազմակերպման ռազմավարությունը, ԱՄՆ պաշտոնյաների, հնարավոր է` նաև ամերիկյան ԶԼՄ-ների հետ շփման կարգը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---