Ադրբեջանը վախենում է Ռուսաստանի «հինգերորդ շարասյունից»

Ադրբեջանը վախենում է Ռուսաստանի «հինգերորդ շարասյունից»

PanARMENIAN.Net - Ռուսական ներխուժումը Ղրիմ ու Ուկրաինայի այդ տարածաշրջանի հետագա բռնակցումը Ռուսաստանին Կրեմլի «հինգերորդ շարասյան» ակտիվացման պատճառ դարձան ամբողջ հետխորհրդային տարածքում: Ինչպես գրում է Vesti.az-ը, հնարավոր ռուսական ներխուժման սպառնալիքի վերաբերյալ մտավախությունները հետխորհրդային հանրապետությունների համար ամենևին էլ տեսական չեն, այլ միանգամայն իրական սպառնալիք են:

«Մինչև վերջերս ռուսամետ ուժերը շատ թույլ էին ներկայացված Ադրբեջանի քաղաքական ասպարեզում, և գերադասում էին քողարկված գործել: Սակայն ուկրաինական իրադարձություններից հետո այդ ուժերը սկսեցին բացահայտ հավանություն տալ Ղրիմի բռնակցմանը, միաժամանակ զգալիորեն ակտիվացավ ռուսամետ քարոզչությունը ԶԼՄ-ներում ու սոցցանցերում:

Ադրբեջանի կոմկուսը միանգամից նամակ ուղարկեց Վլադիմիր Պուտինին՝ միանշանակ աջակցություն հայտնելով Ռուսաստանի գործողություններին Ղրիմում և շեշտելով Խորհրդային Միության նման միավորման ստեղծման անհրաժեշտությունը հետխորհրդային տարածքում Արևմուտքի ճնշմանը հաջողությամբ դիմակայելու նպատակով: Նամակում նաև ցանկություն է արտահայտվում, որպեսզի Ադրբեջանն անդամակցի Մաքսային միությանը: Ըստ ադրբեջանցի կոմունիստների, Մաքսային միության ստեղծումը կարող է առաջին քայլը դառնալ հետխորհրդային հանրապետությունների ճանապարհին:

Ճիշտ է, որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս առաձնակի կարևորություն չտալ տեղացի կոմունիստների նման հայտարարություններին, պատճառաբանելով իրենց դիրքորոշումը նրանով, որ այսպես կոչված Ադրբեջանի կոմկուսն իրականում մի բուռ մարդկանցից է կազմված, որոնք հեղինակություն չունեն ադրբեջանական հանրության շրջանում: Չժխտելով այս փաստը՝ այնուամենայնիվ պետք չէ նսեմացնել վտանգն Ադրբեջանի ազգային անվտանգության համար: Չէ որ, որքան էլ փոքրաթիվ լինեն տեղացի կոմունիստները, նրանք այնուամենայնիվ կարող են «ալիբի» ապահովել ռուսական կողմի համար երկիր ներխուժելու դեպքում: Պետք չէ մոռանալ, որ տառացիորեն մինչև վերջին պահը ոչ ոք լուրջ չէր ընկալում նաև Ղրիմում գործող «Ռուսական միասնություն» շարժումը, որը Ղրիմի խորհրդարանի վերջին ընտրություններում ստացել էր ձայների ընդամենը 4 տոկոսը: Սակայն հենց այդ շարժումն առանցքային դեր կատարեց ռուսական ներխուժման գործում, իսկ նրա առաջնորդ Սերգեյ Ակսյոնովը ստացավ Ղրիմի վարչապետի պաշտոնը»,-ասվում է հոդվածում:

Հեղինակը հիշեցնում է, որ 1920 թվականի գարնանն ադրբեջանցի կոմունիստները նույնպես մի քանի տասնյակի էին հասնում և լուրջ հեղինակություն չունեին բնակչության շրջանում: Սակայն հենց նրանց «հրավերին» պատասխանեց ռուսական բանակը՝ հատելով ադրբեջանական սահմանն ու 70 տարով գրավերով երկիրը: Ի դեպ, պետք է խոստովանել, որ ամենևին էլ տեղացի կոմունիստները չեն Ադրբեջանում ռուսական «հինգերորդ շարասյան» գլխավոր ուժը:

«Ազգային անվտանգության տեսակետից Ադրբեջանում հատկապես տագնապալի է այն փաստը, որ որոշ նախկին ու ներկա պաշտոնյաներ միաժամանակ օլիգարխներ են, որոնց բիզնեսի զգալի մասը գտնվում է Ռուսաստանի տարածքում: Դա նրանց խոցելի է դարձնում Կրեմլի ճնշման առջև, որն անհրաժեշտության դեպքում կարող է հեշտությամբ օգտագործել նրանց իր շահերից ելնելով: Բաքվի համար տագնապալի ազդանշան էր, օրինակ, Ադրբեջանի նախկին առաջին փոխվարչապետ Աբբաս Աբասովի հայտարարությունը, նա այժմ Մոսկվայում է ապրում: Անվերապահորեն սատարելով Պուտինի գործողություններին Ղրիմում՝ Աբասովը միաժամանակ կոչ արեց ադրբեջանական ԶԼՄ-ներին հրաժարվել Կրեմլի քննադատության քաղաքականությունից: Աբասովի հայտարարությունը պետք է ընկալել որպես ռուսաստանաբնակ ադրբեջանցի օլիգարխների ընդհանուր դիրքորոշում: Զարմանալի չէ, որ նույն ոճով արտահայտվեցին նաև Ռուսաստանի Ադրբեջանցիների ազգային մշակութային ինքնավարության նախագահ Սոյուն Սադիկովն ու այլոք: Իսկ Ադրբեջանի ներսում Ղրիմի բնռակցմանը Ռուսաստանին անուղղակիորեն հավանություն տվեցին Կրոնական գործերի պետական կոմիտեի նախկին նախագահ Ռաֆիկ Ալիևը, քաղաքագետ Ռասիմ Ալիևը և որոշ պատգամավորներ: Առնվազն, այդպիսի եզրակացություն կարելի է անել նրանց հարցազրույցներից ու նյութերից, որտեղ նրանք Ռուսաստանին բացահայտ ագրեսոր չեն անվանում և փորձում են մեղմել սուր անկյունները: Այդ կապակցությամբ ուշագրավ է այն փաստը, որ ազդեցիկ օլիգարխների լոբբիստական ջանքերը երկրի ներսում ու դրսում վերջին տարիներին ռուսական ԶԼՄ-ները, բիզնես կառույցները, կրթամշակութային հաստատությունները սկսել են ակտիվորեն գործել Ադրբեջանում»,-նշել է հեղինակը:

Ըստ պորտալի, Մոսկվան ազդեցության բավականին լուրջ լծակներ ունի, որոնց օգնությամբ նա կարող է ապակայունացնել վիճակն Ադրբեջանում, որպեսզի առիթ ստանա իր նվաճողական ծրագրերն իրագործելու: «Առաջին հերթին խոսքը ղարաբաղյան հակամարտության մասին է, որը մնում է Մոսկվայի ճնշման ամենալուրջ լծակն Ադրբեջանի վրա: Այս հակամարտության չկարգավորված լինելը իրական է դարձնում ռազմական գործողությունների վերսկսումը ցանկացած պահի, ինչը կարող է հարմար առիթ հանդիսանալ ռուսական ներխուժման համար:

Պետք չէ մոռանալ, որ անջատողականության օջախների բորբոքումն այս կամ այն երկրում նրա ներքին գործերին հետագայում միջամտելու հեռանկարով Կրեմլի որդեգրած մարտավարությունն է ԽՍՀՄ փլուզումից ի վեր: Այս առումով Մոսկվան կարող է հրահրել անջատողական տրամդրություններ Ադրբեջանի հյուսիսային ու հարավային շրջաններում, որոնք բնակեցված են հիմնականում դաղստանալեզու ժողովրդներով՝ լեզգիներով, ավարներով, ծախուրներով, ինչպես նաև թալիշներով: Առավել ևս, որ ռուսական կողմը պարբերաբար քաղաքական ու տեղեկատվական դիվերսիաների է դիմում այս ուղղությամբ: Բավական է նշել, որ լեզգիների, ավարների ու թալիշների անջատողական առաջնորդների որջը հենց Մոսկվայում է գտնվում: Բացի այդ, չի կարելի բացառել, որ կրիտիկական իրավիճակում Ադրբեջանում գոյություն ունեցող «հինգերորդ շարասյունը» կարող է շատ արագ համալրեր իր շարքերը ՌԴ-ում աշխատող ադրբեջանցիների ու նրանց ընտանիքների հաշվին: Իսկ նրանց քանակը Ռուսաստանում տարբեր գնահատականներով հասնում է 600 հազարից մինչև 2 միլիոնի: Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը, ինչպես և մյուս հետխորհրդային երկրները, չի կարող սեփական ուժերով չեզոքացնել բոլոր այդ սպառնալիքները, որոնք բխում են Ռուսաստանից: Ուստի այդ երկրների ապագան լիովին կախված է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև դիմակայության ելքից և Կրեմլի նոր կայսերական նկրտումներին հակահարված տալու արևմտյան երկրների վճռականությունից, ասվում է Vesti.az-ի հոդվածում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---