Արդարադատության, բնապահպանության ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարներն արդեն հայտնի են

Արդարադատության, բնապահպանության ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարներն արդեն հայտնի են

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց, ղեկավարվելով Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, որոշել է Հովհաննես Մանուկյանին նշանակել ՀՀ արդարադատության, Երվանդ Զախարյանին` էներգետիկայի և բնական պաշարների և Արամայիս Գրիգորյանին` բնապահպանության նախարարների պաշտոններում:

Հովհաննես Մանուկյանը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 14-ին Գյումրիում։ 1989 թվականին գերազանցությամբ ավարտել է թիվ 29 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Համալսարանում ուսումնառության ընթացքում անդամակցել է ֆակուլտետի գիտական խորհրդին, եղել է կուրսի առաջավոր ուսանողներից մեկը` ցուցաբերելով բարձր առաջադիմություն։ 1993 թվականի մայիսի 17-ին նա ընդունվել է աշխատանքի ՀՀ Գերագույն Խորհրդի քարտուղարի օգնականի պաշտոնում։ 1994 թվականին ավարտել է ուսումը համալսարանում։1995 թվականին Հովհաննես Մանուկյանն ընդգրկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում։ 1995 թվականի հոկտեմբերի 10-ից տեղափոխվել է աշխատելու ՀՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես առաջատար մասնագետ։ 1996 թվականի մայիսի 23-ին Հ.Մանուկյանը փոխադրման կարգով նշխանակվում է ՀՀ արդարադատության նախարարության կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետի պաշտոնում, իսկ նույն ամսվա 29-ին համատեղության կարգով զբաղեցնում է ՀՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջատար մասնագետի պաշտոնը, որտեղ աշխատում է մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը։ Մանուկյանը «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահն է։ 2011 թվականի փետրվարի 26-ից Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 2012 թվականի հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաuտանի Հանրապետության արտակարգ դեuպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Երվանդ Զախարյանը ծնվել է 1946 թ. մայիսի 14-ին Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Սալեր գյուղում: 1968թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1987-88թթ. սովորել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ակադեմիայի կառավարման ինստիտուտում: 1991թ. Մոսկվայի Կույբիշևի անվան ինժեներաշինարարական ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ, տնտեսական գիտությունների թեկնածու է: 1998-2000թթ. ղեկավարել է ՀՀ տրանսպորտի նախարարությունը: 2000-01թթ. նշանակվել է պետական եկամուտների փոխնախարար, հետագայում վերանշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար: 2001-02թթ. զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների նախարարի, 2002-03թթ` ՀՀ հարկային պետական ծառայության պետի պաշտոնները: 2003-2009թթ. եղել է Երևանի քաղաքապետ: 2009թ. ապրիլի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով Երվանդ Զախարյանը ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից: 2009թ. ապրիլի 2-ին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ: 2006թ. Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։ 2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: 2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

Արամայիս Գրիգորյանը ծնվել է 1965թ.-ի հոկտեմբերի 6-ին Արարատի մարզի Ավշար գյուղում: 1983-1988 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի Ս.Կիրովի անվան թեթև արդյունաբերության ինստիտուտում: 1985-1987 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1987-1988 թթ. Արարատի «Անուշ» տրիկոտաժի ֆաբրիկա` որակի գծով ինժեներ, ապրանքագետ, բրիգադիր, ինժեներ: 1988-1989 թթ. ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմ` Արարատի տրիկոտաժի ֆաբրիկայի ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար: 1994-1996 թթ. Ավշարի արտադրական կոմբինատ` կշռավար, պահեստապետ: 1997-2003 թթ. «Արաքս-1» ՍՊԸ` փոխտնօրեն, «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ` գործադիր տնօրեն, գլխավոր տնօրեն: 2003-2007 թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2007-2008 թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2008-2009 թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարար: 2013 թ. հոկտեմբերի 10-ից` ՀՀ Արարատի մարզպետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---