«Տուն» նախագիծ. Համալիրն ու «Ռոսիա» կինոթատրոնը` խորհրդային ճարտարապետության գլուխգործոցների ցանկում

«Տուն» նախագիծ. Համալիրն ու «Ռոսիա» կինոթատրոնը` խորհրդային ճարտարապետության գլուխգործոցների ցանկում

PanARMENIAN.Net - Ռուսական Lenta.ru կայքի «Տուն»(«Дом») նախագիծը Երևանի Կ. Դեմիրճյանի անման մարզահամերգային համալիրն ու «Ռոսիա» կինոթատրոնի շենքը ներառել է վերջին տասնամյակների խորհրդային ճարտարապետության գլուխգործոցների ցանկում: Ինչպես նշվում է նախագծի կայքում, 1960-ականների վերջից մինչև 1990-ականները սովետական ճարտարապետության ամենահետաքրքիր ժամանակահատվածն է: Հենց այդ ժամանակ են իրագործվել համարձակ ու անսովոր նախագծերը, որոնք այսօր էլ բավական արդիական են, համենայն դեպս նրանք, որ մինչև օրս պահպանվել ու շահագործվում են:

Գլուխգործոցների ցանկում ներառված են նաև Սանկտ Պետերբուրգի ռոբոտաշինության ու տեխնիկական կիբերնետիկայի ԿԳՀԻ աշտարակը, Յալթայի «Դրուժբա» հանգստյան տունը, Դնեպրոպետրովսկի «Պոպլավոկ» ռեստորանը, Թբիլիսիի հանդիսավոր արարողությունների պալատը և այլն:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիր (հանդիպում է նաև «Դեմիրճյան մարզահամալիր», կամ պարզապես՝ համալիր), Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Համալիրը բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։ Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդ դահլիճը շահագործման է հանձնվել 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։

Կինոթատրոնը բացվեց 1974 թվականի դեկտեմբերին: «Ռոսիա» կինոթատրոնը ամենաառաջինն է ԱրթուրԹարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի ու Հրաչիկ Պողոսյանի հեղինակած բազմաֆունկցիոնալ համալիրների շարքում:

1979-ին «Ռոսիա» կինոթատրոնի ճարտարապետության համար նրա հեղինակներն արժանացան ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի: Սակայն բարձր պարգևից շատ առաջ կինոթատրոնն արդեն ճանաչում էր բերել հեղինակներին՝ «Ռոսիայի» հաջողությունն անկասկած էր: Հստակ ձևերը, վեր սլացած կոնստրուկցիաները միաձուլվեցին՝ ստեղծելով հայ ճարտարապետության միանգամայն նոր մի կերպար:

Շուրջ երկու տասնամյակ «Ռոսիան» «ծառայեց» երևանցիներին: Այստեղ ֆիլմ նայելը իսկական արարողակարգի էր վերածվում, քանի որ այն միայն կինոթատրոն չէր: Երևանցիները քայլում էին ցուցասրահում, դիտում նկարները, քանդակները, զրուցում միմյանց հետ, սեանսից հետո սրճում, քննարկում ֆիլմը: Բայց եկան 90-ականները ու «Ռոսիան» էլ մյուս կինոթատրոնների պես դադարեց գործել:

Իսկ 2004-ին սեփականաշնորհվեց: 2006-ին կառույցի մի հատվածում բացվեց «Ռոսիա» առևտրամշակութային կենտրոնը, որը հետագայում պետք է ընդլայնվեր: Առևտրամշակութային համալիրն այսօր իրականացնում է մի գործառույթ՝ առևտուր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---