Փարաջանովի «Նռան գույնը» Կաննի դասական ծրագրում է

Փարաջանովի «Նռան գույնը» Կաննի դասական ծրագրում է

PanARMENIAN.Net - Կաննի 67-րդ կինոփառատոնի դասական ծրագրի շրջանակում (Cannes Classics) ցուցադրվելու է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, որը 1968 թվականին նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և վերջերս ամերիկյան Film Foundation-World Cinema Project (Նյու Յորք) հիմնադրամի միջոցներով վերականգնվել Իտալիայի L’immagine Ritrovata լաբորատորիայում:

Կինոփառատոնի պաշտոնական կայքում մասնավորապես նշված է. «Իտալական վեստերնի հոբելյանը, «Փարիզ-Տեխաս» ֆիլմի 30-ամյակը, Անրի Լանգլուայի հիշատակը, վրացական կինոյի գլուխգործոցը,Ռայմոն Բերների` Առաջին աշխարհամարտի մասին ֆիլմը, «Սայաթ-Նովայի» արբեցնող գույները, աշխարհի բոլոր երկրներից ֆիլմերի վերականգնված կրկնօրինակներ. այսպիսին է 2014-ի Կաննի դասական բաժնի ծրագիրը, որի գլխավոր հյուրն այս անգամ դերասանուհի Սոֆի Լորենն է»:

Բացի «Նռան գույնից», ծրագրում ընդգրկված են նաև Սերջիո Լեոնեյի «Մի բուռ փողերի հետևում», Վիվ Վենդերսի «Փարիզ, Տեխաս», Նագիսա Օշիմայի «Դաժան պատանեկության մասին հեքիաթը» և այլն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս տարի արմավենու ոսկե ճյուղի համար կպայքարի 18 ֆիլմ՝ այդ թվում` կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Գերին», իսկ երիտասարդ պետերբուրգցի ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Մեկը ձեզ սիրում է» կարճամետրաժը կինոփառատոնի Short film corner արտամրցութային ծրագրում է։ Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը» Պետերբուրգում», դեռ մի քանի տարի առաջ Էվելինա Բարսեղյանը չէր էլ մտածում Կաննի մասին: Նա հոդվածներ էր գրում թերթի համար և սցենարներ՝ հեռուստատեսության, երբեմն երազելով կինոյի մասին: Առաջին կարճամետրած ֆիլմը՝ «Գործարարը», նա նկարահանեց 2010-ին, հետո «Ճանաչում» ֆիլմն էր, որն էլ առաջին հաղթանակը բերեց: Կինոնկարը մասնակցեց Պետերբուրգի «Մետրոպոլիս» կինոֆորումին, որի ղեկավարն էր ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը: Իսկ հետո այն հայտնվեց «TV երկիր» ազգային մրցանակաբաշխության եզրափակչում:

Կաննի 67-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 14-25-ը:

«Նռան գույն»-ը Փարաջանովի ամենահայտնի ֆիլմերից է։ Այն թողարկվել է 1968թ․-ին ու նվիրված է Սայաթ-Նովային։ Ֆիլմի հեղինակային անունը, ի դեպ, հենց «Սայաթ-Նովա» է։ Գտնվելով գրաքննության ճնշման տակ ռեժիսորը ստիպված է եղել վերամոնտաժել ու փոխել ֆիլմի անունը։

Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։ 1964թ․-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները»-ը ֆիլմից հետո Փարաջանովին սկսեցին դասել աշխարհի լավագույն կինոռեժիսորների շարքին։ «Նռան գույնը» Փարաջանովի հաջորդ գլուխգործոցն է։ Երկու ֆիլմերն էլ ենթարկվեցին խորհրդային գրաքննությանը, որի արդյունքում Կառավարությունը փոխեց իր վերաբերմունքը ռեժիսորի հանդեպ և 1973թ․-ի դեկտեմբերի 17-ին նրան 5 տարի ազատազրկման ենթարկեց ՝ մեղադրելով արվամոլության մեջ։

Կաննի միջազգային կինոփառատոնի հիմնադիրն է Ֆրանսիայի կրթության ու մշակույթի նախարար Ժան Զեյը, ով երազում էր, որ Ֆրանսիան դառնա համաշխարհային մասշտաբի մշակութային իրադարձության անցկացման վայր և կարողանա մրցել Վենետիկի կինոփառատոնի հետ: Լուի Լումյերի նախագահությամբ Կաննի առաջին կինոփառատոնը նախատեսված էր 1939-ին, սակայն հանդիսավոր բացումը կայացավ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946-ին: Ամենամյա կինոստուգատեսն անցնում էր սեպտեմբերին, իսկ 1952-ից՝ մայիսին: 1960-ականներին պաշտոնական մրցութային ծրագրից բացի երկու անկախ բաժին է բացվում՝ Կինոքննադատների միջազգային շաբաթ և Ռեժիսորների երկու շաբաթը: Մինչ 1972-ը հավակնորդ ֆիլմերի ընտրությունը կատարում էին արտադրող երկրները, իսկ այդ տարվանից կինոփառատոնն անկախություն ստացավ և իրավունք ինքնուրույն ընտրելու մրցութային ծրագրի մասնակիցներին:

1978-ից կինոփառատոնի գործադիր տնօրեն է նշանակվել Ժիլ Ժակոբը: Նա բացել է «Հատուկ հայացք» ծրագիրն ու սահմանել «Ոսկե կինոխցիկ» մրցանակը լավագույն դեբյուտային ֆիլմի համար: 1998-ի Ժիլ Ժակոբը բացել է «Սինեֆոնդասիոն» ծրագիրը կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրության համար: Ծրագիրը զարգացում ստացավ 2000-ի La Résidence նախագծի շնորհիվ, որը կոչված էր բարենպաստ պայմաններ ստեղծել երիտասարդ ռեժիսորների համար:

2004-ից Կաննի կինոփառատոնում թեմատիկ հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվում կինոարվեստի «ոսկե ֆոնդից»: Այս տարի բացվեց «Դասական Կանն» ծրագիրը, որի շրջանակում ցուցադրվում են վերականգնված հին ֆիլմեր, հետահայաց ցուցադրություններ կազմակերպվում, նվիրված տարբեր երկրների կինեմատոգրաֆին, ցուցադրվում են փաստագրական ֆիլմեր կինոյի մասին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---