Հանրաքվե Ուկրաինայում. Հաղթել են դաշնայնացման կողմնակիցները

Հանրաքվե Ուկրաինայում. Հաղթել են դաշնայնացման կողմնակիցները

PanARMENIAN.Net - Կիրակի՝ մայիսի 11-ին, Ուկրաինայում Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում հանրաքվե անցկացվեց, որը կազմակերպել էին դաշնայնացման կողմնակիցները: Վերջին տվյալնելով, Լուգանսկի շրջանում մասնակցությունը կազմել է 80, Դոնեցկի շրջանում՝ 74,87, Սլավյանսկում՝ մոտ 70 տոկոս:

Քվեաթերթիկներում միայն մեկ հարց կար. կո՞ղմ եք Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պետական ինքնուրույնության մասին ակտին:

Ըստ նախնական տվյալների, ընտրողների ճնշող մեծամասնությունը Դոնեցկի շրջանում հանրաքվեում քվեարկել է տարածաշրջանի անկախության համար, հայտնում է տեղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գրում է «Օդնա Ռոդինան»:

«Սկսվել է քվեների հաշվարկը: Միջինը հազար քվեից միայն մեկն է դեմ»,- հայտարարել է ԿԸՀ ներկայացուցիչը: Նա պարզաբանել է, որ Դոնեցկի շրջանում նախնական մասնակցության թիվը հատել է 90 տոկոսի սահմանը:

Մինչդեռ, որոշ բրիտանական թերթեր հաղորդագրություններ են հրապարակում Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում անցկացված այսպես կոչված հանրաքվեների մասին:

Բրիտանացի լրագրողները, որոնք եղել են Դոնեցկի, Մարիուպոլի, ինչպես նաև հանքափորների փոքր քաղաքներում, նշում են, որ քվեարկությունը խաղաղ է անցել, թեև քիչ է նմանվել հանրաքվեի, քանի որ, օրինակ, բացակայում էին ընտրացուցակները: Ըստ «ընտրական հանձնաժողովի» ներկայացուցիչներից մեկի, ցուցակները հրաժարվել է տրամադրել Ուկրաինայի կենտրոնական իշխանությունը, որը չի ճանաչում կիրակի օրվա հանրաքվեի օրինականությունը:

Որոշ քաղաքներում քվեարկության տեղամասերը քիչ էին, ինչ-որ տեղերում բացակայում էին: Ըստ լրագրողների, մասնակիցները հիմնականում կողմ են քվեարկել: Ճիշտ է, կողմ ասելով, ամեն մեկն իրենն էր հասկանում: Քանի որ հարցը հստակ չէր ձևակերպված, ապա ընտրողների մի մասն «անկախություն» ասելով ենթադրում էր նոր ինքնուրույն հանրապետություն, մյուս մասը՝ ապագա ինքնավար հանրապետություն Ռուսաստանի կազմում:

Կողմ արտահայտվածների կանխատեսելի մեծ տոկոսը կապված էր նաև այն հանգամանքի հետ, որ Ուկրաինայի ամբողջականության պահպանման կողմնակիցներն ուղղակի չեն ցանկացել այդքան հերթ կանգնել: Դեմ քվեարկելն ուղղակի անիմաստ է, ասել է Daily Telegraph-ի թղթակցին զրուցակիցներից մեկը: Միևնույն է կազմակերպիչները վաղը կհայտարարեն, թե իրենց գաղափարին կողմ է 85-95 տոկոսը:

Independent-ի թղթակիցների զրուցակիցներն ընտրատեղամասերում ասել են, որ դեռ վերջերս մտադիր չէին քվեարկել անկախության համար: «Բայց նրանք զորքեր ուղարկեցին մեր քաղաք, չեն ուզում մեզ լսել»,- ասել է 47-ամյա Սվետլանա Կուզնեցովան Մարիուպոլից:

Financial Times-ի զրուցակիցները Դոնեցկում նշում են, որ իրենց համար շրջադարձային եղավ Օդեսայի ողբերգությունը: «Ուկրաինան ինքնասպանություն գործեց, թույլ տալով Օդեսայի ողբերգությունը»,- կարծում է կողմ քվեարկած Կոնստանտին Բրովկոն:

«Մենք ավելի լավ է հաց ու ջրի անցնենք, բայց ազատ լինենք: Ինչպե՞ս կարելի է ապրել մի երկրում, որտեղ մարդկանց սպանում են ու ողջակիզում»,- միացել է նրան թոշակառու Տատյանա Դրեվիտսկայան:

Թոշակառու հանքափոր Ալեքսանդր Ուվարովը վստահեցնում է Ուկրաինայի նոր իշխանություններին. «Կառավարությունը կարող էր համաձայնության գալ արևելքի հետ, երբ նոր էր իշխանության եկել երկու ամիս առաջ: Բայց հիմա արյուն է հեղվել, դարձի ճանապարհ չկա, այլևս շանս չկա»:

Որոշ տեղաբնակներ խոստովանում են, որ կամարտահայտման իրավաբանական օրինականությունը վիճահարույց է և կցանկանային, որ նմանատիպ հանրաքվե նորից անցկացվեր: Որպեսզի ոչ ոք այն չակերտների մեջ չառնի ու արդյունքները ճանաչվեն պաշտոնապես:

Financial Times-ը մեջբերում է վերլուծաբաններին, որոնց մի մասը կարծում է, որ տարածաշրջանի գործարարների ու քաղաքական գործիչների վերնախավը Կիևից ավելի մեծ ինքնավարություն ստանալու համար կաշխատի օգտագործել հանրաքվեի արդյունքները: Տեղական վերնախավերի նպատակն է հասնել առավելագույն հնարավոր ինքնավարության ու որքան հնարավոր է շատ լիազորություններ կորզել Կիևից:

Պարբերականի մյուս զրուցակիցները, հակառակը, կարծում են, որ երկու շրջանները կարող են լիովին անջատվել Ուկրաինայից, ձևականորեն անկախ, սակայն Ռուսաստանին համակցված պետության ձևով, ինչպես, օրինակ, Մերձդնեստրի Հանրապետությունն է, որն այդ կարգավիճակում է 90-ականների սկզբից:

Financial Times-ի դիտարկմամբ հանքափորները զգուշավոր են Ուկրաինայից անջատվելու հարցում: Ուկրաինան ածուխի ավելի շատ կարիք ունի, քան Ռուսաստանը, որը բնական գազ ու նավթ ունի: Նշանակում է, որ նա ավելի քիչ հիմք կունենա պահպանելու գործող հանքերը:

«Առավել ևս, որ մենք չգիտենք, թե արդեն քանի լքված հանքահոր կա Ռոստովի շրջանում»,- նշում է Դոնեցկի պետական համալսարանի էկոնոմիկայի պրոֆեսոր Յուրի Մակոգոնը:

The Daily Telegraph-ի վերլուծաբան Ռոլանդ Օլիֆանտը գտնում է, որ վաղ է պնդել, թե որքան մեծ է ՌԴ կազմում «Նովորոսիա» հանրապետություն հիմնելու Պուտինի ցանկությունը: Դա կարող է շատ թանկ նստել ՌԴ բյուջեի վրա, որն առանց այդ էլ բազմամիլիարդանոց պարտավորություններ է ստանձնել Ղրիմի հարցում: Մյուս կողմից, եթե, այնուամենայնիվ, Պուտինը ԽՍՀՄ-ը վերակենդանացնելու նկրտումներ ունի, ապա հիմա գալիս է «ճշմարտության պահը»՝ հիմա կամ երբեք:

ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ն արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեի օրինականությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---