Մարտական ծառայության ժամանակ կանոնները խախտելու արդյունքում զինծառայող է զոհվել

Մարտական ծառայության ժամանակ կանոնները խախտելու արդյունքում զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին` ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է:

Դեպքի փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով` Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը` հավելելով, որ կատարվում է նախաքննություն:

Մայիսի 11-ին վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան, այցելել դեպքի վայր, այնուհետև ռազմական ոստիկանության Իջևանի տարածքային բաժնում ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության վարչության պետերի, բանակային զորամիավորման և զորամասի հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:

ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարին ներկայացվել են գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները: Գործի քննության` մասնավորապես ծառայողական քննության ամբողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել է իր անմիջական հսկողության տակ և հանձնարարել պարբերաբար զեկուցել դրանց առնչվող բոլոր տեղեկությունները: Նախարարը հանձնարարել է անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու և մեղավորներին գտնելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---