«Գյումրու տեխնոպարկը» կլուծարվի. Այն տեխնոքաղաքի հետ կապ չուներ

«Գյումրու տեխնոպարկը» կլուծարվի. Այն տեխնոքաղաքի հետ կապ չուներ

PanARMENIAN.Net - Գործադիրը որոշել է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովում հավանություն տալ ընկերության լուծարման որոշմանը: Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ապահովել պետական բաժնեմասի լիազորված ներկայացուցչի մասնակցությունն ընկերության լուծարման և այդ գործընթացից բխող որոշումների ընդունման համար:

«Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006-ի հունիսին և ստեղծման օրից գործունեություն չի ծավալել: ՀՀ կառավարությունը 2008-ի հունիսի 12-ին հավանություն է տվել Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին, որն ուղղված է Երևանի և մարզերի անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը, Գյումրու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը: Այս ժամանակ էլ սկսվել է Գյումրու տեխնոպարկի՝ որպես Գյումրու տեխնոքաղաքի հիմնական բաղադրիչներից մեկի, ծրագրի իրականացումը:

«Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն իր սահմանափակ ներուժի և ընդլայնման սուղ հնարավորության պատճառով չի ընդգրկվել Գյումրու տեխնոպարկի ծրագիր: «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի հետ որևէ առնչություն չունի: Նշված տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունենալու առաջիկայում:

Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, թե «Գյումրու տեխնոպարկ» ստեղծելու գաղափարի հեղինակը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է. «Նա այդ գաղափարն առաջ քաշեց իր պաշտոնավարման հենց սկզբում և 2008-ի ապրիլից սկսած մինչև 2009 թվականը ՀՀ կառավարությունը բազմաթիվ որոշումներ է ընդունել՝ «Գյումրու տեխնոպարկ» հիմնելու նպատակով: Իսկ արդեն 2010 թվականից սկսած առնվազն 200 միլիոն դրամ է հատկացրել «Գյումրու տեխնոպարկ» ծրագիրն իրագործելու նպատակով: Իսկ թե որքանով այդ ծրագիրն իրագործվեց և ինչ արդյունք է տվել ՀՀ պետական բյուջեից տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսելը, գրված է Արման Սահակյանի կողմից ներկայացված վերը նշված որոշման նախագծի կից հիմնավորման մեջ: Ի դեպ, «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն ներկայումս կուտակած պարտքեր ունի, բայց պետգույքի կառավարման վարչության պետի ներկայացրած նախագծում ոչինչ չկա այն մասին, թե այդ պարտքերը ինչ միջոցներից է մարվելու (20 միլիոն 622.000 դրամ)»:

Ավելի ուշ` մայիսի 14-ին, «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, և սա ընդամենը անվանումների համընկնում է և որ «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն կապ չունի «Գյումրու տեխնոպարկ» ծրագրի հետ:

«Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն (հասցեն` ք.Գյումրի, Խրիմյան Հայրիկի 27) ստեղծվել է 2006 թվականին: Ընկերության պետական բաժնեմասը կազմում է 49,02 տոկոս: Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչև օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դրանում պետական բաժնեմասի հետագա պահպանումը գտնում է ոչ նպատակահարմար և առաջարկել է, հիմք ընդունելով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջ՝ «Անալիտիկսարք-մեկ» ՓԲԸ-ի համաձայնությունը, սկսել լուծարման գործընթաց:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---