ՆԱՏՕ-ն նախկին խորհրդային հանրապետություններում զորքեր տեղակայելու ծրագրե՞ր ունի

ՆԱՏՕ-ն նախկին խորհրդային հանրապետություններում զորքեր տեղակայելու ծրագրե՞ր ունի

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի անդամ երկրները նախկին խորհրդային բլոկի երկրներում զորքեր տեղակայելու ծրագրեր ունեն, ինչը վերջ կդնի Ռուսաստանի հետ համաձայնությանը, որ կնքվել է սառը պատերազմից հետո, ասվում է The Sunday Times-ի հրապարակած հոդվածում:

Հոդվածում ասվում է, որ ՆԱՏՕ-ի 28 երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են այդ հարցերը Բրյուսելում հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը: Հանդիպման նպատակն է նախապատրաստել ընթացիկ տարվա հոկտեմբերին այդ պետությունների ղեկավարների գագաթաժողովի ծրագիրը:

«ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը ստորագրել են այսպես կոչված «Հիմնարար ակտը փոխադարձ հարաբերություների, գործակցության ու անվտանգության մասին» 1997 թվականին, որի շրջանակում նրանք համաձայնության են եկել, որ արևմտյան պետությունները զգալի ռազմական ուժեր չեն տեղակայելու Էլբայից դեպի արևելք»,-հիշեցնում է պարբերականը, հայտնում է «ԱՊԱ»-ն The Sunday Times-ի վրա հղումով:

Սակայն աղբյուրները ՆԱՏՕ-ում ասում են, որ այդ համաձայնությունը վավեր կլիներ, միայն եթե իրավիճակը չփոխվեր և երկու կողմերը պահպանեին պայմանները, իսկ ամեն ինչ փոխվեց այն օրվանից, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը:

Պարբերականը նշում է, որ նորությունները Հյուսիսատլանտյան դաշինքի ծրագրերի մասին հայտնվեցին անցած շաբաթ, երբ Վլադիմիր Պուտինը համաձայնագիր ստորագրեց Չինաստանին բնական գազ վաճառելու մասին: «Դա ընկալվեց որպես Արևմուտքի լիակատար անտեսում, որը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ»,-եզրակացնում է պարբերականը:

Ապրիլի սկզբին Der Spiegel պարբերականը հրապարակել էր Մոլդովայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի «հարաբերությունների զարգացմանը միտված գործնական միջոցների» գաղտնի ծրագիրը:

Nato Restricted վերտառությամբ 7-էջանի փաստաթղթում երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված է միջոցառումների անհատական համալիր: Օրինակ, Դաշինքը Քիշնև կգործուղի կապի մեկ սպայի, Ադրբեջանի հետ կզարգանա գործակցությունը էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտներում, Հայաստանում ՆԱՏՕ-ն գերակա է համարում երկրի ԶՈւ անձնակազմի որակավորման բարձրացումը:

Ըստ փաստաթղթի հեղինակների, բոլոր երեք երկրներում հարկավոր է զարգացնել տեղի զինված ուժերի գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, իսկ դրա համար հարկավոր է անցկացնել համատեղ զորավարժություններ: Նախատեսվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի մասնակցությունը Smart Defence ծրագրի նախագծերին, ինչը ենթադրում է զինվորական սպառազինման առաքում ու ռազմական ներուժի սերտաճում՝ մասնագիտացումների բաշխման պարագայում, հայտնում է պարբերականը:

Հայաստանը մտադիր չէ փոխել կամ ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ գործակցության գործող ձևաչափը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով արտասահմանյան ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, թե Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև գոյություն ունեն փոխգործակցության զարգացման պլաններ։ «Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի ձևաչափեր։ Ընդլայնել դրանք, փոխել՝ մենք չենք պատրաստվում»,- ասել է Տիգրան Բալայանը:

Համագործակցությունը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև այժմ կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության (Individual Partnership Action Plan - IPAP) ծրագրի հիման վրա, որը ստորագրվել է 2005 թ. դեկտեմբերին: Հայաստանը ոչ միայն գործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական ոլորտում, այլ նաև կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում Դաշինքի անդամ պետությունների հետ իրավական պետության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության ու կաշառակերության դեմ պայքարի ոլորտներում: Հայաստանը նաև մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում ու Աֆղանստանում:

Մայիսի 20-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը 28+1 ձևաչափով, որին մասնակցեցին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների դեսպաններ:

Նախարար Նալբանդյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին: Անդրադառնալով Հայաստան -ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը նշել է, որ արդեն պատրաստ է Հայաստան- ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի թվով չորրորդ 2014-2016թթ. ծրագիրը և հույս հայտնել, որ այն շուտով կհաստատվի ու կսկսի իրականացվել։ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձել է պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին և այդ համատեքստում կարևորել է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդամ տասնհինգ երկրների ներկայացուցիչներ դրական են գնահատել Հայաստանի և Դաշինքի միջև 20 տարվա պատմություն ունեցող արդյունավետ փոխգործակցությունը և արձանագրված արդյունքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---