Օբաման կարող է հավանություն տալ սիրիացի ապստամբների պատրաստման ծրագրին

Օբաման կարող է հավանություն տալ սիրիացի ապստամբների պատրաստման ծրագրին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է հավանություն տալ ամերիկացի զինվորականների կոմից սիրիացի ապստամբների պատրաստման ծրագրին, գրում է The Wall Street Journal-ը: Այդպիսով Վաշինգտոնը ցանկանում է դիմակայել «Ալ Քայիդայի» աճող ազդեցությանը տարածաշրջանում:

Սիրիացի ընդդիմադիրների ռազմական պատրաստությունը գրեթե մեկ տարի վեճի առարկա էր ԱՄՆ վարչակազմում. բարձրաստիճան դիվանագետները տեսնում էին այդտեղ Ասադի վրա ճնշում գործադրելու միջոց, իսկ Պենտագոնի ղեկավարներին մտահոգում է ԱՄՆ մասնակցության աճը պատերազմին, ինչը կարող էր հերթական ծանր հակամարտության պատճառ դառնալ Մերձավոր Արևելքում:

Պաշտպանության գերատեսչության պաշտոնյաները հստակ չգիտեն, թե երբ են ԱՄՆ հատուկ ստորաբաժանումները ձեռնամուխ լինելու ծրագրի իրականացմանը: Հայտնի չէ նաև, թե ինչպես է Պենտագոնը մտադիր ընտրել ապագա մասնակիցներին, գրում է հոդվածի հեղինակը:

«Սիրիական ընդդիմության առաջնորդները ծրագիրն անվանել են ճիշտ ուղղությամբ կատարված քայլ, բայց հոռետես են այն հարցում, որ միայն նախապատրաստումը կարող է բեկում մտցնել քաղաքացիական պատերազմի ընթացքի մեջ»,-ասվում է հոդվածում: ՊՆ պաշտոնյաները հայտնել են, որ դեռ պարզ չէ, թե տարածաշրջանի որ երկրները կհամաձայնվեն ստանձնել այդ առաքելությունն ու ինչ չափանիշներ են օգտագործվելու ապստամբների ստուգման համար, թույլ չտալու համար «Ալ Քայիդայի» հետ կապված ծայրահեղական իսլամիստների մասնակցությունը: «ԱՄՆ առավել լայն մասնակցության միտումն արտացոլում է Սպիտակ տանն աճող այն գիտակցումը, որ Սիրիայում «Ալ Քայիդային» մարտահրավեր նետելու համար բարեկամական ուժերի մարտունակության բարձրացման համար ավելի մեծ ջանքեր են պահանջվում: Իրադարձություների նոր զարգացումը հաջորդեց այս ամիս Ահմեդ Ջաբրայի այցին Վաշինգտոն: Ջաբրան սիրիական ընդդիմադիր կոալիցիայի նախագահ է: Այցի ընթացքում Ջաբրան անմիջապես դիմել է վարչակազմին՝ խնդրելով կազմակերպել նախապատրաստական ուսուցում զինվորականների ղեկավարությամբ՝ հայտարարելով, որ իր ուժերը կարող են որպես միջնորդ հանդես գալ Վաշինգտոնի համար «Ալ Քայիդայի» դեմ պայքարում»,-գրում է WSJ-ն:

Պենտագոնի ղեկավարությունն, իր հերթին, կոչ է անում չսկսել ծրագիրը, քանի դեռ սիրիական ռեժիմը չի ավարտել քիմիական զենքի դուրս բերումը:

Որոշ պաշտոնյաներ ՊՆ-ում ու աշխատակազմում կգերադասեին բացահայտ մարզչական ծրագիրը ծավավել Հորդանանում ամերիկյան զորակազմի բազայում: Սակայն, ըստ WSJ-ի, Հորդանանը մտավախություն ունի, որ այդպիսի ծրագրի բացահայտ մեկնարկն իր տարածքում կարող է «Ալ Քայիդայի» պատասխան հարվածի թիրախը դառնալ: Մինչդեռ, AP-ն մեջբերել է կարդինալ Ռոբերտ Սարային, որը հայտարարել է, թե ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու մերձավորարևելյան երկրները պետք է ոգով արի լինեն միավորելով ուժերը և վերջ տալով բռնությանը Սիրիայում: Սարան նշել է, որ Սիրիայի դեպքում միջազգային հանրությունը «պետք է ուշքի գա լեթարգիկ քնից»: Ըստ նրա, Ժնևում բանակցությունների ձախողումը չի կարող նշանակել, որ աշխատանքը խաղաղ ռազմավարության ուղղությամբ ավարտված է:

«Համատեղ գործողությունների համար պետք է արիություն ունենալ: Հատկապես դա վերաբերում է գերտերություններին, ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ներքաշված երկրներին»,-ասել է նա:

Արձագանքելով նախագահ Օբամայի հայտարարությանը «չափավոր գրոհայիններին» սատարելու մասին՝ կարդինալը հայտարարել է, որ անհնար է զինել ու վարժել գրոհայիններին ու միաժամանակ խոսել խաղաղության հասնելու ձգտման մասին, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

«Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---