Բյուջեի կատարողականը. Վթարային շենքերը, ՏՏ ոլորտն ու Արցախը

Բյուջեի կատարողականը. Վթարային շենքերը, ՏՏ ոլորտն ու Արցախը

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին ԱԺ-ում շարունակվել է 2013-ի բյուջեի կատարողականի քննարկումը: Այս անգամ զեկույցով են հանդես եկել քաղաքաշինության, էկոնոմիկայի նախարարներն ու էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը:

ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ֆինանսական ինչ չափի միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի վերացնեն սոցիալապես անապահով խավերի բնակարանային խնդիրները, այդ թվում՝ աղետի գոտում: «Կա՞ն հաշվարկներ` ինչ տեմպերով կարելի է դրան հասնել»,- հարցրել է նա:

Նարեկ Սարգսյանը նախ նշել է, թե կարող է ասել միայն երրորդ և չորրորդ կարգի վթարային շենքերի մասով ընդհանրապես որքան գումար է պետք, որպեսզի այդ խնդիրը վերջնականապես լուծվի:

«Հաշվի առնելով, որ երրորդ կարգի մոտ 450 շենք է հաշվառված, դրանք այն շենքերն են, որոնք կարելի է ուժեղացնել, սեյսմազինվածությունն ավելացնել, վերականգնել, գումարած՝ չորրորդ կարգի վթարային շենքերի համար անհրաժեշտ գումարը, կկազմի մոտ 1 մլրդ դոլարի սահմաններում, այսինքն՝ այդքան միայն վթարայինների համար»,- նշել է նա, գրում է Tert.am-ը։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանին հարց ուղղելով` ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատել է, թե 1/3 հաշվով ՀՀ-ն շահելու է, երբ Իրան-ՀՀ բարձրավոլտ էլեկտրացանցի անցկացումը վերջապես իրականություն դառնա։ Նա նշել է, որ ընդհանուր ներդրումները կազմելու են 100 մլն եվրո, որից 27 մլն-ը պետք է ներդներ հայկական կողմը և ապա հարցրել, թե ի վերջ երբ է այդ ամենն իրականություն դառնալու։

Նախարարի տեղակալը պատասխանել է, թե այդ ծրագիրը նախատեսում են սկսել այս տարի՝ գերմանական մի ընկերության հետ համատեղ։

«Ֆինանսավորման հետ կապված խնդիրներ էին առաջացել իրանական կողմի և, մասնավորապես, դրա կապված բանկային փոխանցումների հետ, սակայն այս խնդիրները հաղթահարված են. առաջիկա ամիսներին նախատեսվում է նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ մեր պատվիրակության այցն Իրան՝ նաև քննարկում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովում»,- նշել է նա` հույս հայտնելով, որ հայկական պատվիրակության այցից հետո ֆինանսավորման հետ կապված խոչընդոտները կվերանան, քանի որ իրանական կողմից այդ ազդակները ևս կան:

Միքայել Մելքումյանը հարց է ուղղել նաև էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին` հետաքրքրվելով արդյունաբերության զարգացման հիմնադրամից և ՓՄՁ-ների զարգացման ծրագրերից: Նա հիշեցրել է, որ արդյունաբերության զարգացման հիմնադրամի համար այս տարի 569 մլն դրամ է նախատեսված:

Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ արդյունաբերությունը պետք է լինի առաջին տեղում և այն չպետք է նույնականացնել գործարանի հետ, քանի որ այն արդյունք ստեղծող ոլորտ է, որը կարող է լինել թե ծառայությունների մատուցման, թե բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Նախարարը տեղեկացրել է, որ արդյունաբերական գոտիների զարգացման մասով մեծ ակտիվություն է առաջացել, ու վերջին մեկ ամսում երեք լուրջ սուբյեկտներ են հայտնվել, որոնք ցանկանում են մոտ 30-40 միլիոն դոլարի ներդրում անել բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

ԲՀԿ պատգամավորը հիշեցրել է նաև խոստացված և չիրականացված ՀՆԱ-ի նախատեսված տոկոսը ու նշել, որ եթե այս անգամ էլ խոստումները չկատարվեն, ապա լավ չի լինի:

Ավելի ուշ լրագրողրների հետ զրույցում Ճշմարիտյանն անդրադարձել է Աստանայում Նազարբաևի հայտարարությանն ու Ղարաբաղին` նշելով, որ չի մեկնաբանելու ո'չ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շաբաթ օրն արած հայտարարությունը, ո'չ էլ, առավել ևս, Աստանայում Նազարբաևի հայտարարությունը:

«Ինչի՞ պետք է մաքսակետ դրվի. ես նման հայտարարություն չեմ լսել»,- ասել է նախարարն ու հավելել. «Իսկ կարող եք ասել, թե մենք որ կազմակերպությունն ենք մտել Արցախի հետ միասին: ՄԱԿ-ի անդա՞մ ենք Արցախի հետ միասին, ԱՊՀ անդա՞մ ենք Արցախի հետ միասին․ ո՞ր կազմակերպության անդամն ենք միասին»,- հետաքրքրվել է նա ու ավելացրեց, որ հետագայում էր վարվելու ենք այնպես, ինչպես վարվել ենք մինչև հիմա:

«Լեռնային Ղարաբաղի ապրանքներն ազատորեն շրջանառվելու են և' Հայաստանում, և' ԱՀԿ անդամ երկրներում, ու նաև ԵՄ շուկայում: Ինչո՞ւ եք հիմա անհանգստանում մի երրորդ-չորրորդ երկրի նամակի համար: Ընթերցեց ու ընթերցեց, դրան պետք չէ էական նշանակություն տալ: Եվ չեմ կարծում, թե «ՄԱԿ-ի սահմաններով» արտահայտությունը դիվանագիտորեն ու մասնագիտորեն ճիշտ էր»,- նշել է Ճշմարիտյանը:

Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին Ղազախստանի նախագահը հայտատարել էր, թե «Ադրբեջանը գտնում է, որ Հայաստանը պետք է միանա ԵՏՄ-ին այն սահմանների շրջանակում, որով միացել է ԱՀԿ-ին»:

«Մենք նամակ ենք ստացել Ադրբեջանի նախագահից, որ ԱՀԿ-ին Հայաստանն անդամակցել է վերապահումով, որ դրույթները տարածվելու են Հայաստանի տարածքի վրա նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որոնք ճանաչված են ՄԱԿ կողմից: Սա քննարկման համար»,- ասել էր Նազարբաևը:

Հայաստանի նախագահն ու արտգործնախարարն անպատասխան էին թողել Նազարբաևի հայտարարությունը, ինչը հակասական կարծիքների տեղիք էր տվել. ԶԼՄ-ներում անգամ նշվում էր, թե Սերժ Սարգսյանն այդ նամակի մասին չի իմացել, անակնկալի է եկել, անգամ` խուճապի մատնվել:

Անդրադառնալով հարցին, ՀՀ նախագահը մայիսի 31-ին նշել է. «Նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով այսօր Հայաստանի մաս չի կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---