6  26.05.14 - Հայաստանի 2013-ի պետբյուջեի կատարողականի քննարկում ԱԺ-ում

2013-ի պետբյուջեի կատարողականն ԱԺ-ում է․ Արտաքին պարտքի սպասարկումը, տնտեսական աճն ու գնաճը

2013-ի պետբյուջեի կատարողականն ԱԺ-ում է․ Արտաքին պարտքի սպասարկումը, տնտեսական աճն ու գնաճը

PanARMENIAN.Net - ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր՝ մայիսի 26-ին, մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2013-ի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ 2013-ին գրանցվել է 3,5% տնտեսական աճ, գնաճը եղել է 5,8%:

«Տնտեսական աճին ամենամեծը նպաստել է ծառայությունների ճյուղը, իսկ գյուղատնտեսության ու արդյունաբերության ճյուղերը նպաստել են համապատասխան 1,6 և 1,8 տոկոսային կետով»,– ասել է նա, գրում է Tert.am-ը։

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ աճի տեսանկյունից բացասական ազդեցություն է ունեցել շինարարությունը` 1,5%, հաշվետու տարվա ընթացքում միջին գնաճը կազմել է 5,8%։

«Միջին ամսական աշխատավարձը հաշվետու տարում աճել է 6%-ով, գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել 1,1%-ով»,- մակրոտնտեսական ցուցանիշները ներկայացրել է նա։

Նրա ներկայացմամբ՝ նախորդ տարի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 33 մլն դրամ, 13,2%-ով փաստացի եկամուտները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները, պաշտոնական դրամաշնորհները նվազել են 6,8%-ով, իսկ եկամուտներ-ՀՆԱ ցուցանիշը կազմել 25,11%: Ծախսերն ավելացել են 100,6 մլրդ դրամով:

Սուբսիդիաներին տրամադրված գումարները կազմել են 98,6%, որը նախորդ տարվա համեմատ աճել է 18,6%-ով: Ինչ վերաբերում է պակասուրդին, ապա այն Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) համեմատ եղել 1,7%, իսկ ընդհանուր պակասուրդը եղել է 67 մլրդ դրամ, գրում է «Ա1+»-ը:

Քննարկմանը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատել է, թե 2013-ն աննախադեպ տարի էր արտաքին պարտքի սպասարկման առումով՝ 861 մլն դոլար, այն դեպքում, երբ 2012-ին այն կազմել է 139 մլն, 2011-ին՝ 101 մլն։

«2020-ին արտաքին պարտքի սպասարկման ցուցանիշը հասնելու է մեկ միլիարդ դոլարի: Որքանո՞վ են նպատակահարմար այդպիսի պիկերը, ի՞նչ կտա դա տնտեսությանը, ինչպե՞ս կազդեն տնտեսության վրա այդ կտրուկ վերելքները, ինչո՞ւ հնարավոր չէ սահուն դարձնել արտաքին պարտքի սպասարկման աճը»,- հարցել է Փաշինյանը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ արտաքին պարտքի սպասարկման կտրուկ աճը պայմանավորված է եղել ռուսական 500 միլիոն դոլար վարկը ժամկետից շուտ մարելու քաղաքական որոշմամբ:

«Ճիշտ եք ասում` արտաքին պարտքի սպասարկման պիկ ենք ունենալու 2020-ին, անհանգստությունը հասկանալի է․ թե արդյո՞ք ունակ ենք լինելու սպասարկել արտաքին պարտքը: Ես` որպես ԿԲ նախագահ, ասում եմ` այո, ունակ ենք, քանի որ լուրջ գործիքներ ունենք»,- նշել է Ջավադյանը` հավելելով, որ 2013-նն ավարտել են արտաքին ռեզերվների` պատմականորեն ամենաբարձր մակարդակով:

ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն էլ խիստ մասնագիտական պատասխան է տվել` նշելով, որ հարցի ճիշտ հասցեատերը կառավարությունն է, Հայաստանը վաղաժամկետ մարել է ռուսական վարկը, որը, ի դեպ, լողացող տոկոսադրույքով է եղել, ինչն ունի իր ռիսկերը, գրում է «Երկիր»-ը: «Մեկ միլիարդ դոլարը, իհարկե, տպավորիչ է հնչում, բայց դա վերաբերում է 2020-ին, մենք դրան հանգիստ ենք նայում»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, թե ԿԲ նախագահի պատասխանը, քիչ, թե շատ, ավելի հասկանալի էր, որով պարզ է դառնում, որ կայացվել է քաղաքական որոշում, և արտաքին պարտքի սպասարկումը հետ է մղվել դեպի 2020-ը:

«Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ, դրան է նման այդ քաղաքական որոշումը` որքան հնարավոր է պարտքը հեռացնել իրենցից: Սա աննախադեպ պիկ է, որն ավելի շատ հարցեր է առաջադրում, քան այս երկարատև պատասխաններն էին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Արթուր Ջավադյանն էլ նշել է, որ մտադիր չեն պարտքն իրենցից հետ մղել, և անկախ այդ ռուսական վարկից, միևնույն է, 2020-ին, արտաքին պարտքի սպասարկումն ավելի շատ է լինելու: Իր հերթին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է՝ Կառավարությունը հաշվարկե՞լ է, թե առաջին անհրաժեշտության մթերքների գնաճը 2013-ին որքան է կազմել:

«Այն չի եղել 5,8%, հաստատ մի քանի անգամ ավելի է եղել»,- պնդել է ԲՀԿ պատգամավորը: Ջանջուղազյանն ի պատասխան նշել է, որ պարենային ապրանքների վերաբերյալ այս պահին իր ձեռքի տակ առանձին տվյալներ չկան:

ԲՀԿ-ական պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե ինչի՞ վրա է ծախսվել Ռուսաստանից ստացած 500 մլն դոլար վարկը, գրում է «Այսօր»-ը:

«Ի՞նչ եղավ գումարը, վարկի հետ կապված մութ պատմություններ կան, արդյոք այն արդյունավե՞տ է ծախսվել»,- հարցրել է Զոհրաբյանը՝ պատասխան հարց ստանալով, թե ինչ մութ պատմություններ նկատի ունի:

Զոհրաբյանը պարզաբանել է, որ վարկերը տրվել են տարբեր գործարարների, իշխանավորների մերձավորների և այլն:

Ջանջուղազյանը նշել է, որ վարկի մասին տեղեկատվությունը միշտ հրապարակվել և բաց է. դրա մի մասը ծախսվել է աղետի գոտու վերականգնման վրա, վարկի մի հատվածը բյուջեի ծախսային ծրագրերին է ուղղվել, մյուսը՝ վարկերի տրամադրմանը.

«Վարկի մեծ մասը՝ 74 մլրդ դրամը, տրամադրվել է ԿԲ-ին»,- նշել է Ջանջուղազյանը: Իմիջիայլոց, պատգամավորները շուտ են հոգնել քննարկումներից ու արդեն շուտով լքել դահլիճը, նշում է Panorama.am-ը: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավորները դա արել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալուց, ընդդիմությունը՝ հարցերը հնչեցնելուց հետո։

Հաջորդ՝ ոստիկանության տարեկան հաշվետվության քննարկմանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշել է, որ չնայած ՃՈ ոլորտում իրականացվող բարեփոխումները հասարակությունը քննադատում է, բայց դրանք արդարացված են։ Խոսելով ամենագլխավոր՝ արագաչափերին ու տեսախցիկներին վերաբերող քննադատության մասին, փոխոստիկանապետը նշել է, որ անցած տարվա ընթացքում դրանց ֆիքսած տուգանքներից պետբյուջե է վճարվել 2,9 մլրդ դրամ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվել է՝ տույժերի և տուգանքների նպատակը բյուջե ձևավորե՞լն է, թե խախտումներ կանխելը։

«Դուք անցած տարի հանձնաժողովի նիստերից մեկին խոստացաք, որ երթևեկության կանոնների սանկցիաների համաչափության թիվը պետք է վերանայեիք և առաջարկություն ներկայացնեիք: Անցել է մոտ մեկ տարի, բայց ոչ մի ծրագիր չեք ներկայացրել․ չե՞ք կարծում, որ բյուջե եք լցնում տույժերով և տուգանքներով, իսկ տույժերի և տուգանքների նպատակը բյուջե ձևավորելը չի, այլ խախտումները կանխելն է: Այդ տուգանքների գումարը ոչ մի կերպ համահունչ չէ ո՛չ նվազագույն աշխատավարձին, ո՛չ էլ միջին մակարդակի աշխատավարձին»,- ասել է նա։

Օսիկյանն ի պատասխան նշել է, որ տուգանքներից գոյացած վճարները 2013-ին ավելացել են, ինչը պայմանավորված է նոր տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի տեղադրմամբ:

«Համաձայն եմ, որ տուգանքների համաչափությունն այսօր խախտված է և որոշ դեպքերում դրանք բարձր են, որոշ դեպքերում՝ ցածր: Այս խնդիրը լուծելու համար Վարչական իրավավախախտումների մասին օրենքում լրացումներ են մշակվում, որոնք կփորձեն լուծել տուգանքների համաչափության խնդիրը»,- ասել է նա ու ավելացրել, որ այդ սարքերի նպատակը ամենևին էլ պետբյուջեն լցնելը չէ, այլ խախտումները կանխարգելելը:

Անդրադառնալով վարչական իրավախախտումների համար գանձվող գումարների անհամաչափությանը՝ Օսիկյանն ասել է, թե համաձայն է Ջհանգիրյանի այն մտքին, որ որոշ դեպքերում նախատեսված գումարը համապատասխան չէ:

«Ընդհանրապես, վարչական իրավախախտումների օրենքում որոշ դեպքերում բարձր է գումարը, որոշ դեպքերում՝ ցածր։ Դրանով պայմանավորված վարչական իրավախախտումներ օրենսգրքի վերաբերյալ նախագծեր ենք ներկայացրել ոստիկանապետին»,- ասել է Օսիկյանը:

Ի դեպ, ներկայացնելով կատարողականը, նա նաև նշել է, որ 2013-ին բյուջեով ոստիկանությանը հատկացված է եղել 30,8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 5,1 մլրդ-ով։ Ըստ նրա՝ հատկացված բյուջեի մեծ մասը ծախսվել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված ծրագրին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---