Բյուջեի կատարողականն ԱԺ-ում․ ՀՀ քաղաքացիությունը, պատգամավորների գործուղումները, ՎՊ զեկույցներն ու Միկոյանի արձանը

Բյուջեի կատարողականն ԱԺ-ում․ ՀՀ քաղաքացիությունը, պատգամավորների գործուղումները, ՎՊ զեկույցներն ու Միկոյանի արձանը

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախօրեին սկսված «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ներկայացնելով 2013-ի բյուջեի կատարողականը, նշել է, թե հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիություն են ստացել ռեկորդային թվով՝ 21․000 հայ։

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը Վիգեն Սարգսյանից հետաքրքրվել է, թե արդյոք բոլորը երկքաղաքացիություն ունեն, և ճիշտ է, որ նրանց հիմնական մասը սիրիահայեր են։

Վիգեն Սարգսյանը նախ նշել է, որ վիճակագրություն կա և յուրաքանչյուրի անձնական գործը մանրամասն ուսումնասիրվում է։ «Շատ կատարելագործվել է դիմումատուի կողմից դիմումին հետևելու ընթացակարգը։ Մենք կրկնակի կրճատել ենք դիմումների ուսումնասիրության ժամկետը, եթե անցյալ տարի ուսումնասիրության փուլը մեկ տարի էր տևում, այժմ մեկ ամսից ավելի չի տևում: Ես չեմ ուզում շատ ավելին ասել, եղել է ՀՀ քաղաքացիության շնորհման դեպքերի աճ, որը ակնհայտ է՝ հաշվի առնելով, որ այո՛, ձեր ասած շատ հայեր տեղափոխվել են Հայաստան Սիրիայից»,- նշել է նա։

Դիտարկմանը, թե միտումը պահպանվում է, նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է. «Այո՛, ամսական կտրվածքով էլ երևում է, որ աճ կա»,- գրում է Tert.am-ը։

Քննարկմանը ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը, ներկայացնելով խորհրդարանի անցած տարվա ցուցանիշները, հայտարարել է, որ պատգամավորների գործուղումների մասով ջանում են տնտեսումներ անել, ինչը դուր չի եկել ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, որը խնդրել է բանախոսին բացատրել այդ տնտեսումների տրամաբանությունը:

Մինասյանն արձագանքել է, թե ԱԺ պատգամավորների գործուղումների մասով ծախսերը նախատեսված են եղել 350 միլիոնի սահմաններում, որը հարյուր տոկոսով կատարվել է, նույնը նախատեսվում է նաև ընթացիկ` 2014 թվաանին: Թեման շատ արագ փակվել է, իսկ Ուրիխանյանն այդպես էլ չի ստացել իր հարցերի պատասխանը, գրում է Panorama.am-ը:

«2013թ-ին նախորդ կառավարությունում թևածում էր մի նախագիծ, որը Վերահսկիչ պալատին զրկում էր որևէ հայտարարություն անելու հնարավորությունից` դա տեղավորելով քաղաքական հայտարարության կոնտեքստ: Դա նախորդ կառավարության փայլուն մտքի արգասիքն էր, արդյո՞ք այն ուժի մեջ է»,- բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՎՊ աշխատակազմի ղեկավար պարոն Ներսիսյանին դիմելով` հետաքրքրվել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ի պատասխան հարցադրման ՎՊ-ն ներկայացնող պաշտոնյան ասել է, որ այդ նախագծի վերաբերյալ պալատը իր կարծիքը գրավոր հայտնել է, ուղարկել է կառավարություն: Ու թեև իր իրավասությունների մեջ չէ այդ հարցին հստակ պատասխան տալը` արձագանքել. «Կարծում եմ, որ այս կառավարության մոտեցումները պետք է այլ լինեն»:

Օրինագիծը շրջանառության մեջ դրվեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի տարեկան զեկույցի ներկայացնելուց հետո, երբ հնչեցին բյուջետային միջոցների մսխումների մասին հայտարարություններ:

«Էս ի՞նչ ձև ա, պաշտոնյաները պատգամավորներին սովորացնում են՝ ոնց հարց տալ: Խնդրում եմ այլևս նման միջամտություններ չանել. ես գիտեմ, թե ում ինչ հարց եմ տալիս: Թուղթը ձեռքներին գալիս կմկմում, գնում են…»,- Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին դիմելով` հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը բարկացել է, երբ Կամո Արեյանը հայտարարեց, թե Փաշինյանի ուղղած հարցն առնչություն չունի բյուջեի կատարողականի հետ: Փաշինյանը հարցրել էր Երևանի կենտրոնում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման և Երևանի ուղևորափոխադրումների սակագնի խնդիրների մասին` նշելով, որ Երևանի քաղաքապետարանն ու մարզպետարանները տրամադրված են գալ խորհրդարանական քննարկմանն ու ասել՝ ինչքան գումար են ստացել ու ծախսել, մինչդեռ, ըստ նրա, դրա համար նիստ անելու անհրաժեշտություն չկա, որովհետև կատարողականն ԱԺ կայքում հրապարակված է:

«Էդ բոլոր թվերը, որ ասում եք, մենք դրանք գիտենք, շատ կարևոր է իմանալ, թե դրանց ծախսման արդյունքում ի՞նչ բովանդակային փոփոխություն է տեղի ունեցել, այսինքն՝ ինչպիսի՞ն էր, օրինակ, Երևան քաղաքը բյուջեի ծախսումից առաջ ու դրանից հետո»,- նկատել է Փաշինյանը:

ՀԱԿ պատգամավորը նաև հարցրել է, թե ինչու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի մասնակցում բյուջետային այս քննարկումներին: «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել էն փաստի վրա, որ Հայաստանում, կներեք, գուցե կոպիտ հնչի համեմատությունս, կոպտելու կամ վիրավորելու մտադրություն չունեմ, Հայաստանում վաշխառուական ինչ-որ ռանգերի են բաժանվում պաշտոնյաները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական անգամ չի ներկայանում այս նիստին: Եթե պարոն քաղաքապետը և որոշ այլ պաշտոնյաներ համարում են, որ սա ոչ կարևոր իրադարձություն է, թող ասեն՝ մենք էլ չգանք, մենք էլ պակաս զբաղված չենք»,- նշել է Փաշինյանը:

Մանրամասնելով իր հարցերը` Փաշինյանը նշել է, թե վերջին շրջանում Երևանում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու հարցը քննարկումների առիթ է տվել: «Հիմա համացանցում լայնորեն շրջանառվում է այն փաստաթուղթը, ըստ որի՝ Միկոյանը զեկուցել է Խորհրդային Միության ղեկավարությանը, որ 500 գնդակահարվողները Հայաստանում քիչ են, պետք է 1000 հոգու գնդակահարել: Հիմա Դուք այդ մարդու արձանը ուզում եք տեղադրել Երևանի կենտրոնում, ի՞նչ նկատի ունեք: Իհարկե, ես հասկանում եմ, որ մարտի 1-ը տեղի է ունեցել հենց գործող իշխանության շրջանում, և էստեղ ուղղակի համեմատություններն ուրիշ տեղ են տանում: Ես կհասկանայի, եթե նախաձեռնեին մարտի 1-ի զոհերի արձանը, ովքեր, ի դեպ, գնդակահարվել են հենց քաղաքապետարանի հարևանությամբ, բայց, չգիտես ինչու, ոչ թե գնդակահարվողների արձաններ են տեղադրվում Հայաստանում ավելի շատ, այլ գնդակահարողների»,- ասել է պատգամավորը:

Փոխքաղաքապետ Կամո Արեյանը նախ անդրադարձել է քաղաքապետի բացակայությանը վերաբերող հարցին՝ նշելով, որ նա լավ գիտակցում է ԱԺ դերը Երևանի ու օրենսդրի կյանքում: Ըստ Արեյանի` Երևանի քաղաքապետը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված հանձնաժողովի անդամ է և այս պահին մասնակցում է ընթացող նիստինմ, գրում է «Հետքը»:

Ինչ վերաբերում է Միկոյանի արձանին, ապա Կամո Արեյանը հիշեցրել է, որ «ՏԻՄ» մասին օրենքով, Ավագանու գործունեության կանոնակարգով մայրաքաղաքում արձանների տեղադրման, փողոցների, աշխարհագրական անունների անվանակոչության հարցը վերապահված է Երևանի ավագանուն՝ համապատասխան նախաձեռնությունների հիման վրա: «Արձանի տեղադրման վերաբերյալ ստացվել է առաջարկություն՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելու մասին, ավագանին քննարկել, տվել է իր համաձայնությունը: Ինչ մնում է պատմագիտական-քննական-քաղաքական այն հարցերին, որ վերաբերում են տվյալ անձի անցյալին, մենք հակված ենք, որ դա պատմաբանների, հավաստի աղբյուրների հիման վրա կայացված եզրակացություն լինի: Հանրության մեջ, պատմության մասնագետների մեջ, բնականաբար, կան իրարամերժ, տարակարծիք մեկնաբանություններ: Այնուամենայնիվ, ավագանին տվել է իր համաձայնությունը՝ տեղադրել արձանը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---