Նախարար. Մշակութային ժառանգության պահպանության հարցում սահմաններ, խոչընդոտներ չենք ճանաչում 4 հունիսի 2014 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Երևանում հունիսի 4-ին աշխատանքներն է սկսել ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը: Ի դեպ, Թորոս Թորամանյանի հոբելյանը ներառված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015 թթ. հոբելյանական միջոցառումների օրացույցում: «Մենք այսօր խոսում ենք մի հարստության մասին, որը կոչվում է պատմամշակութային ժառանգություն: Մշակութային ժառանգության պահպանության հարցում մենք սահմաններ, խոչընդոտներ չենք ճանաչում, կարևորը՝ պահպանել մեր ժառանգությունը, մեր ճարտարապետությունը»,- գիտաժողովի բացման ժամանակ ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Գիտաժողովը նշանավորում է նաև 2011 թ. ապրիլի 6-ին ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի ԱԳՆ համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանի հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար տեխնիկական համաձայնագրի» շրջանակում իրականացվող համագործակցային ծրագրի ավարտը: Կազմակերպիչների գնահատմամբ` ծրագիրը խիստ արժեքավոր ներդրում է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, դրանում երիտասարդության ներգրավածության մեծացման, ոլորտը միջազգային լավագույն փորձի հիման վրա զարգացնելու գործում: Բարձր գնահատելով իրականացված ծրագրի արդյունքները, Հասմիկ Պողոսյանը նշեց, որ առաջիկայում բանակցելու է Իտալիայի գործընկերների հետ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար: «Հանդիպելու եմ Իտալիայի մշակույթի նախարարաի հետ, հանդիպումներ եմ ունենալու նաև ԱԳՆ-ում, բանակցելու ենք ծրագրի շարունակականության վերաբերյալ, որը վերաբերելու է հուշարձանների վերականգնման համատեղ կենտրոնի ստեղծմանը: Այնտեղ մասնագիտական բարձր մակարդակով իրականցվելու է նախագծերի փորձաքննություն, կգործի տեղեկատվական կենտրոն»,- ասաց նախարարը` հավելելով, որ իտալացիների հետ համագործակցությունը շատ արգասաբեր է, քանի որ նրանք վերապատրաստում են մեր մասնագետներին, տալիս սարքավորումներ, ստեղծում լաբորատորիաներ և այլն: Ընդհանուր առմամբ ծրագրում ներդրվել է մոտ 1.5 մլն եվրո, որի շրջանակում ծրագրեր են իրականացվել 9 ուղղություններով` հուշարձանների վերականգնում, նախագծում, լաբարատորիաների հիմնում և այլն: Ամենամեծ ձեռքբերումը համարվում է ծրագրի արդյունքում տարբեր պետական կազմակերպությունների հիմքի վրա մշակութային ժառանգության վերականգնման մի շարք լաբորատորիաների հիմնադրումը: Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հիմքի վրա ստեղծվել են որմնանկարների, Հայաստանի ազգային պատկերասրահում՝ կտավի/պաննոյի վրա արված նկարների, Հայաստանի պատմության թանգարանում՝ մետաղի, փայտի, խեցեղենի վերականգնման լաբորատորիաններ: Նոր ուժով է սկսել գործել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական առարկաների վերականգնման լաբորատորիան: Ծրագրի շրջանակներում Հայաստան են բերվել հուշարձանների ուսումնասիրման և վերականգնման գործում կիրառվող բազմաթիվ գործիքներ ու սարքավորումներ, որոնք ծրագրի ավարտին հատկացվելու են տեղական հաստատություններին: Ծրագրի կարևորագույն առաքելություններից էին Երևանի Ճարտարապետական և շինարարություն պետական ու Միլանի պոլիտեխնիկական համալսարանների համագործակցությամբ ընթացող վարպետության դասընթացները, որոնց մեջ առանձնահատուկ են վերականգնող-ճարտարապետների, շինհրապարակի ղեկավարների վերապատրաստման դասընթացները: Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն Հայաստանի և արտերկրի մշակութային ժառանգության պահպանման և ընդլայնման նոր սահմանները, կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանից և ԼՂՀ-ից: Գիտաժողովում ներգրավված են նաև ժառանգության պահպանության ոլորտում ընդգրկված ու բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական և այլ կազմակերպություններ: Հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը ծնվել է Փոքր Հայքի Շապին-Գարահիսար քաղաքում 1864 թ.-ին։ Զբաղվել է ճարտարապետությամբ մոտ 30 տարի։ 20-րդ դարի սկզբին Թ. Թորամանյանի ջանքերով Զվարթնոցի ավերակները դուրս են բերվել հողի դարավոր շերտերի տակից։ Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցրին տաճարի իսկական պատկերը։ Հայտնի դարձավ, որ տաճարը եղել է բոլորակ, եռահարկ, հայկական թմբուկով, գմբեթաշեն մի ինքնատիպ կոթող։ 1921 թ.-ին ԵՊՀ-ում դասախոսություններ է կարդացել հին Հայաստանի ճարտարապետության պատմությունից։ Թորամանյանը մահացել է 1934 թվականին Երևանում։ Թաղված է Հրազդան գետի ափին։ Հայաստանում սահմանված է Թորոս Թորամանյանի անվան մրցանակ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |