9  11.06.14 - Կառավարության ժամ Ազգային ժողովում

Կառավարությունն ուսումնասիրում է կարմիր գծերն ու ոչ միայն. Oրենսդրական փաթեթը` շուտով

Կառավարությունն ուսումնասիրում է կարմիր գծերն ու ոչ միայն. Oրենսդրական փաթեթը` շուտով

PanARMENIAN.Net - Ճանապարհային նշաններին, կարմիր գծերին, արագաչափերին ու տեսախցիկներին վերաբերող խնդիրները Կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանին՝ արձագանքելով ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի՝ մեքենաների կայանման կարմիր գծերի մասին հարցին, ասաց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։

Ուրիխանյանը, մասնավորապես, անդրադարձել էր երեկ՝ հունիսի 10-ին, «Դուրս մեր գրպանից» քաղնախաձեռնության ակցիային՝ նշելով շարժման պահանջները, ինչպես նաև ԱԺ ոչ իշխանական քառյակի 12 կետից մեկը։

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունն երեկ հերթական ավտոերթն է անցկացրել Բրազիլիայի հրապարակից։ Նրանք պայքարում են արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծերի դեմ՝ պահանջելով վերջիններս վերացնել, իսկ տեսախցիկների և արագաչափերի տուգանքները 5 անգամ կրճատել։ Երթի մեկնարկից առաջ Երևանի ՃՈ վարչության պետ Արսեն Արշակյանը նշել է, որ այն արտոնված չէ, և ճանապարհային երթևեկությունը խախտողները կտուգանվեն, ինչին ավտոերթի մասնակիցները հակադարձել են, թե օրենքում նման կետ չկա, իսկ արտոնել անհրաժեշտ է ավելի քան 100 մասնակից ունեցող երթերը, գրում է «Այսօր»-ը:

Ոստիկանությունն ավտոերթի մասնակիցներին Լենինգրադյան փողոցում կանգնեցրել է՝ պատճառաբանելով, թե իրավապահները փակել են դեպի Շինարարներ տանող ճանապարհը՝ փողոցներում խցանումներից խուսափելու համար։ Ակցիայի մասնակիցները հրաժարվել են շարժվել ոստիկանների առաջարկած երթուղով, նշելով, որ նրաքն խախտում են իրենց իրավունքը: Ակցիայի ընթացքում իրավապահների ու մասնակիցների միջև քաշքշուկ է սկսվել, ինչի արդյունքում 4 վարորդի վարչական բերման են ենթարկել։ Ավելի ուշ ակցիայի մասնակիցները համաձայնության են եկել ոստիկանության հետ՝ պայմանով, որ կվերադառնան երթի մեկնարկի վայր ու կսպասեն բերման ենթարկված չորս վարորդին: Ավելի ուշ ոստիկանությունից տեղեկացրել են, որ բերման ենթարկված վարորդներ բաժնում չկան։

Մինչև այդ ԱԺ ոչ իշխանական չորս ուժը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, հրապարակել են 12 կետից բաղկացած իրենց պահանջները՝ ուղղված իշխանություններին: Դրանցից մեկն է վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, սահմանել, որ տուգանքները չգերազանցեն նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը, իսկ հավաքված գումարներից պետական բյուջե կատարվող մուտքերի կշիռը հասցվի առնվազն 75 տոկոսի:

«Առաջ բազմաթիվ վայրերում տեղադրված էին «Կայանելն արգելված է» նշաններ, որոնք արգելում էին մեքենաները կայանել կոնկրետ վայրերում։ Երբ կարմիր գծերը հայտնվեցին, այդ նշաններն անմիջապես անհետացան։ Հիմա կան կարմիր գծեր ու անհրաժեշտ է սեփական մայրաքաղաքի հանրային վայրերից օգտվելու համար վճարել։ Ըստ մարդկանց հնչեցրած պահանջների, չե՞ք կարծում, որ կարելի է գոնե հաշվի առնելով նշանների համապատասխան վայրերը, քննարկման արդյունքում փոփոխություն անել ու ազատել որոշ տուգանքներից՝ ընդառաջելով քաղաքացիներին, հակառակ պարագայում, կարծում եմ, «Դուրս մեր գրպանից»-ը կարող է վերաճել «Դ!ԵՄ ԵՄ»-ի պես շարժման»,- Կառավարությանը դիմեցՏիգրան Ուրիխանյանը։

Արմեն Գևորգյանի հավաստմամբ, երեկ էլ վարչապետի մոտ այս խնդրով խորհրդակցություն է եղել, որն ավելի համապարփակ բնույթի էր՝ քննարկել են ոչ միայն կարմիր գծերին, այլև արագաչափերին ու տեսախցիկներին առնչվող հարցեր։

«Վարչապետի կողմից հստակ հանձնարարություններ կան, նաև երևի առաջիկայում Կառավարությունն այս խնդիրներին առնչվող համապատասխան օրենսդրական փաթեթ կներկայացնի, ու շուտով բոլորս ականատես կլինենք կոնկրետ գործողությունների»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ինչ վերաբերում է տեխնիկական հարցերին, ապա դրանցով զբաղվում է քաղաքապետարանը։ Փոխվարչապետը խնդրեց հաշվի առնել, որ խնդիրների մի մասը Կառավարության լիազորությունների ներքո է, մյուսը՝ քաղաքապետարանի, ու մեկը մյուսի լիազորությունները չպետք է խախտեն։

Երևանի վճարովի կայանատեղիները վերահսկող «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը չի կարծում, որ ոչ իշխանական չորս ուժը, որոնք իշխանությանը 12 կետից բաղկացած պահանջներ են ներկայացրել, դեմ են այդ օրենքին:

«Օրենքի ընդունման ժամանակ տեսանք քանի հոգի էին դեմ, քանիսը՝ կողմ: Քառյակը գուցե իր դիրքորոշումը հիմա փոխել է, բայց եթե նախկինում դեմ էր այդ օրենքին, ինչո՞ւ չէր արտահայտվում»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Վերջինիս խոսքով՝ քառյակի պահանջն իրենց հետ չի առնչվում, քանի որ ընկերությունն աշխատում է քաղաքապետարանի հետ, և եթե քաղաքապետարանը որոշի ինչ-որ փոփոխություն անել, այդ ժամանակ միայն իրենց վրա կազդի. «Եթե օրենքը փոփոխության ենթարկվի, միանշանակ, կանդրադառնա մեր գործունեության վրա, բայց քանի որ առայժմ նման բան չկա, ոչինչ չեմ կարող ասել»:

Իսկ հարցին՝ եթե դադարեցվեն ընկերության լիազորությունները, ի՞նչ են պատրաստվում անել, Հարությունյանը պատասխանել է՝ եթե նման որոշում լինի, նոր կմտածեն:

«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2012-ի սեպտեմբերին։ Երևանի ավագանու 25.12.2012-ի 561-Ն որոշմամբ և քաղաքապետարանի կողմից հայտարարված կոդ ԵՔ-ՄԵԾՁԲ-12/2 մրցույթի արդյունքները բավարարելով` ընկերությունը կազմակերպում է Երևանի ավտոկայանատեղերը:

Քաղաքապետարանի կողմից հայտարարած մրցույթի պահանջները բավարարելու համար` «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն իր գործունեության շրջանակում Երևանի փողոցներում տեղադրում է տեսանկարահանող սարքավորումներով, ճանապարհային նշաններ ու համապատասխան գծանշումներ անում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---