Հարկման բարենպաստ պայմաններ ՓՄՁ-ների համար. Շրջանառության հարկը 3,5%-ից կդառնա 1%

Հարկման բարենպաստ պայմաններ ՓՄՁ-ների համար. Շրջանառության հարկը 3,5%-ից կդառնա 1%

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին հերթական նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ հարկման առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն առք ու վաճառքի գործունեություն իրականացնող ՓՄՁ սուբյեկտների և ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար:

Առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս, ներդնել և 2-3 տարվա ընթացքում աստիճանաբար խստացնել ձեռքբերումները փաստաթղթով հիմնավորելու պարտադիր պահանջը խախտելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները, ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեության դեպքում ներդնել հարկման արտոնյալ համակարգ, մասնավորապես՝ ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունն ամբողջությամբ ազատել պետական հարկերից, սահմանել, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել ընտանիքի անդամների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը, որի իրացման հասույթը նախորդ կամ տվյալ տարվա ընթացքում չի գերազանցել 12 մլն դրամը և այլն:

«Մենք այստեղ թեթևացնում ենք բեռը, 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազում է մինչև 1 տոկոս, մեր բյուջեի եկամուտները նախնական հաշվարկով մոտ 8 մլրդ դրամով նվազելու են: Բայց մենք, այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր և միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում ակնկալում ենք նաև, որ մեր բյուջեի եկամուտները կավելանան: Եվ այս խնդրում Ֆինանսների նախարարությունը պետք է շատ հետևողական լինի, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին, այն է` խոշոր գործարարը հարկային դաշտում աշխատի և ՓՄՁ-ն չդիտարկվի որպես հարկատու: Սա է մեր գաղափարը, և իմ կարծիքով մենք հաջողության կհասնենք, եթե հետևողական լինենք: Փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու մեծ քայլ է կատարվում, որպեսզի իրոք կայանան: Սա է մեր նպատակը»,- օրինագծի վերաբերյալ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հունիսի 11-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում զեկուցվել են ՀՀ ֆինանսների նախարարության և ՓՄՁ-ների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ինտենսիվ քննարկումների արդյունքները:

Մասնավորապես, տեղեկացվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքով՝ դրա արդյունքում շուրջ 39 հազար 500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների համար էականորեն կթեթևանա շրջանառության հարկը, չնայած նրան, որ պետության տարեկան եկամուտները կնվազեն 8 մլրդ դրամով:

Բացի այդ, ծրագրվում է Հայաստանում ներդնել ընտանեկան բիզնես կարգավիճակ: Այսինքն` տարեկան 12 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք կգրանցվեն ընտանեկան բիզնես կարգավիճակով, կազատվեն հարկերից:

Հաջորդ քայլով նախատեսվում է ՓՄՁ-ի համար փաստաթղթաշրջանառությունը դարձնել պարտադիր պայման, սակայն փաստաթղթի առկայությունը հարկային մարմինը կստուգի պարզեցված ընթացակարգով: Հարկային մարմնին տրամադրվելու է աշխատանքային մեկ օր՝ ՓՄՁ-ի մոտ փաստաթղթի առկայությունը ստուգելու համար: Փաստաթղթի բացակայության դեպքում առաջարկվում է կարգավորման մի քանի փուլային եղանակ:

Մասնավորապես, մինչ 2015 թվականի հունվարի 1-ը նախատեսվում է պատասխանատվությունը տարանջատել. սուբյեկտի նկատմամբ նախ կկիրառվի նախազգուշացում, որից հետո 20 հազար դրամ տուգանք: Երրորդ խախտման դեպքում կկիրառվի հինգ տոկոսի շրջանառության հարկ՝ հաշվարկված տարվա սկզբից, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում: Միրումյանը նշել է, որ կատարվել է տարանջատում, որպեսզի ՓՄՁ-ների վրա այդ ազդեցությունը ցավոտ չլինի:

Ծրագրվում է 2015թ.-ից հանել նախազգուշացման, իսկ 2016թ.-ից՝ տուգանքի ինստիտուտը: Այսինքն, 2016թ.-ի հունվարի մեկից եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, ապա հարկը կվճարի ավելի բարձր՝ 5 տոկոս դրույքաչափով: Երկրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ դաշտում:

Զուգահեռաբար ներմուծվելու է «օրինապահ հարկատու» համակարգը, ինչը նշանակում է, որ ՓՄՁ-ն կկարողանա գրանցումներ կատարել իրեն փաստաթուղթ չտրամադրած տնտեսվարող սուբյկեկտների վերաբերյալ: Այս պարագայում կհամարվի, որ ՓՄՁ-ն հիմնավորել է տվյալ ապրանքի մասով փաստաթղթի առկայությունը: Տվյալ դեպքում հարկային մարմնի գործողություննեն ուղղված կլինեն խոշոր բիզնեսին:

Ուժեղացվելու են նաև խոշորի նկատմամբ գործողությունները՝ փաստաթղթաշրջանառության ապահովման ուղղությամբ:

Նախատեսվում է՝ ՀՀ ֆինանսնների նախարարության և ՓՄՁ-ների միջև ձևավորել միասնական խորհուրդ, որն արագորեն կարձագանքի հնարավոր սուբյեկտիվ դրսևորումներին՝ առկա խնդիրները կարգավորելու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---