Ռուսաստանն ու Թուրքիան Գյուլենի օգնությամբ մեդիակամուրջներ են հաստատում

Ռուսաստանն ու Թուրքիան Գյուլենի օգնությամբ մեդիակամուրջներ են հաստատում

PanARMENIAN.Net - Մոսկվայում հունիսի 6-7-ը Ռուսական պետական հումանիտար համալսրանում և «Օլիմպիադա» ջերմանավի վրա տեղի է ունեցել լրագրողների ռուս-թուրքական «Մեդիակամուրջ Եվրոպայի ու Ասիայի միջև» համաժողովը: Դրան մասնակցել է Ռուսաստանի և Թուրքիայի լրագրողական և ակադեմիական շրջանակների մոտ 100 ներկայացուցիչ: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՌԴ Պետդումայի պատգամավոր ու Թուրքիայի խորհրդարանի հետ կապերի խմբի ղեկավար Իլդար Գիլմուտդինովը, գրողների ու լրագրողների հիմնադրամի նախագահ Մուստաֆա Յեշչիլը, ՄՊՀ ներկայացուցիչ Միխայիլ Մեյերը, Մեդիամիության վարչության անդամ, «ՎԳՏՌԿ» ռադիոհեռարձակման ընկերության տնօրինության ղեկավարի տեղակալ Իգոր Մալովը, Մասմեդիայի ինստիտուտի լրագրության ամբիոնի վարիչ, հայտնի ռուսաստանցի հեռուստալրագրող Նիկոլայ Սվանիձեն:

Համաժողովի բացմանը ողջույնի ուղերձ են հղել ՌԴ ԴԽ սենատոր, Ռուս-թուրքական գործարար խորհրդի նախագահ Ահմետ Պալանկոևը և թուրք գրող ու փիլիսոփա, Գրողների ու լրագրողների հիմնադրամի հիմնադիր ու պատվավոր նախագահ Ֆեթուլլահ Գյուլենը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել ենAGT կոմունիկացիոն գործակալությունից, համաժողովի շրջանակում չորս բանավեճ է անցել ռուսական և թուրքական լրագրության համար ակտուալ թեմաների շուրջ, ինչպես, օրինակ, ԶԼՄ-ների լսարանների հետազոտություն, բազմազգ տարածքների ԶԼՄ-ների աշխատանքի առանձնահատկություններ, հասարակական-քաղաքական պարբերականների գործակցությունն ու դերը քաղաքացիական հասարակության զարգացման հարցում: Բանավեճի շրջանակում նաև տեղի է ունեցել գործակալության և «Սմիսլոգրաֆիա» վերլուծական գործակալության «Ռուսաստանի կերպարը թուրքական ԶԼՄ-ներում և Թուրքիայի կերպարը ռուսական ԶԼՄ-ներում» թեմայով հետազոտության շնորհանդեսը:

Համաժողովի ավարտին երկու երկրների մասնակիցները բանաձև են ընդունել, որով ամրագրել են բանավեճի առանցքային դրույթները: Ամփոփիչ փաստաթղթի հիմնական թեման էր Ռուսաստանի ու Թուրքիայի ԶԼՄ-ների մեծ դերը հասարակական կարծիքի ու քաղաքացիական հասարակության ձևավորման գործում և համապատասխանաբար ԶԼՄ-ների բարձր պատասխանատվությունը ընթերցողների առջև: Ռուս և թուրք գիտնականները կոչ են արել գործընկերներին ավելի պատասխանատու վերաբերվել ԶԼՄ-ների կոնտենտի ձևավորմանը, որը պետք է միտված լինի արարմանը, հաշտեցմանն ու միավորմանը, օգտակար կլինի ոչ միայն մեկ երկրի բնակիչների, այլև ամբողջ մարդկության համար: Համաժողովի կազմակերպիչներն են ԶԼՄ-ների աշխատակիցների համառուսաստանյան «Մեդիասոյուզ» կազմակերպությունը և թուրքական Գրողների ու լրագրողների հիմնադրամը:

Մասնակիցներին ուղղված ուղերձում թուրքական Գրողների ու լրագրողների հիմնադրամի պատվավոր նախագահ Ֆեթուլլահ Գյուլենըվստահություն է հայտնել, որ «Մեդիակամուրջ Եվրոպայի ու Ասիայի միջև» համաժողովում կքննարկվեն ակտուալ խնդիրներ ու կառաջարկվեն գործնական լուծումներ:

«Ինչպես ասել է թուրք մեծ մտածողներից մեկը, ժողովուրդները և նույնիսկ մայրցամաքները, ինչպես մարդիկ, կարող են երկխոսություն վարել միմյանց հետ և լսել միմյանց: Այդպիսի երկխոսությունը հնարավոր է ԶԼՄ-ների միջոցով՝ տեղականներից մինչև ազգային ու միջազգային և գլոբալ: Երկխոսության արդյունքը կարող է լինել արդեն գոյություն ունեցող քաղաքակրթությունների միջև նոր որակի ապահովումը: Դա կարելի է համեմատել երկու մտավորականների երկխոսության հետ, որոնք շփման արդյունքում ներքին ու հոգևոր հարստացման հնարավորություն են ստանում՝ ձեռք բերելով նոր արժեքներ: Այդպիսով, երկրների, ժողովրդների և նույնիսկ մայրցամաքների միջև մեդիաերկխոսության արդյունքում նոր արժեքներ ենք ստանում, որոնց հնարավոր չէր լինի հասնել ինքնուրույն»,- ասվում է Գյուլենի նամակում:

Ֆեթուլլահ Գյուլենն իսլամիստ հասարակական գործիչ է, որը հայտնի է ոչ միայն Թուրքիայում, այլ նաև աշխարհում: Նա գրող է, նախկին իմամ ու քարոզիչ, հասարակական գործիչ: Նա հիմնել է «Հիզմեթ» շարժումը, որն անվանում են նաև «Գյուլենի շարժում»: Նրա կողմնակիցները նրան անվանում են Խոջա-էֆենդի՝ Պարոն ուսուցիչ: 2008 թ. Գյուլենը ճանաչվեց մոլորակի ամենաազդեցիկ մտավորական Prospect և Foreign Policy-ի ամսագրերի նախագծի կայքում հարցման արդյունքներով: Գյուլենի անունը տեղ է գտել ամերիկյան Time ամսագրի 2013թ. ամենաազդեցիկ առաջնորդների ցուցակում:

Գյուլենական շարժումը ծագում է սուֆիզմի և Սաիդ Նուրսիի գաղափարներից: Ֆեթուլլահ Գյուլենի հզոր և ազդեցիկ իսլամական շարժումը մշտապես համարվել է Թուրքիայում կառավարող ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Գյուլենական շարժումն այժմ դարձել է միջազգային իսլամական սոցիալական շարժում: Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած շարժումը մշտապես քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջդավանական և միջկրոնական երկխոսութուն: Ըստ նրա` իսլամն ու ժողովրդավարությունը համատեղելի են:

Նրա ղեկավարած «Գյուլենի համայնքը» Թուրքիայում, Ադրբեջանում և մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Գյուլենն այսօր բնակվում է ԱՄՆ-ում, նա քաղաքական ապաստան է խնդրել Կանադայից: Գյուլենը նման որոշում է ընդունել, երբ Էրդողանը հայտարարեց ԱՄՆ-ի կողմից նրա հնարավոր արտահանձնման մասին: Բացի Կանադայից, Գյուլենը քաղապաստան է խնդրել նաև Նոր Զելանդիայից: Թերթի տվյալով, երկու պետություններն էլ մերժել են նրան ապաստան տրամադրել: Ավելի վաղ վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ հնարավոր է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, քանի որ նա միջամտում է Թուրքիայի ներքին գործերին` նպաստելով երկրի ապակայունացմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---