ՌԴ Հասարակական պալատի հանձնաժողովը քննադատել է Նախիջեւանում վանդալիզմի փաստը

PanARMENIAN.Net - 2006 թվականի մայիսի 17-ին տեղի է ունեցել ՌԴ Հասարակական պալատի մշակութային եւ հոգեւոր ժառանգության հարցերով հանձնաժողովի նիստը` Մոսկովյան պատրիարքարանի գործերի կառավարիչ, Կալուգայի եւ Բորովի միտրոպոլիտ Կլիմենտի նախագահությամբ, որի ընթացքում քննարկվել է մոսկովյան կլոր սեղանի մասնակիցների դիմումը Նախիջեւանում հայկական մշակութային հուշարձանների հանդեպ ադրբեջանական իշխանությունների բարբարոսական գործողությունների վերաբերյալ, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության միության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի զեկույցում նշվել է, որ 2005 թ. դեկտեմբերին Նախիջեւանի Ջուլֆայի շրջանի Հին Ջուղա քաղաքում, չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերին, Ադրբեջանն իրականացրել է բարբարոսական գործողություններ` լիովին ոչնչացնելով հայ միջնադարյան քրիստոնեական ճարտարապետության նմուշները` 4 հազար խաչքարերով հին հայկական գերեզմանատունը:



Ադրբեջանի կազմում լինելու տարիներին Նախիջեւանում ոչնչացվել է 7-19-րդ դարերի հայկական մշակույթի 27 հազար հուշարձան, որոնք համամարդկային պատմական եւ մշակութային արժեք էին ներկայացնում: Փաստորեն, Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում է Նախիջեւանի հայկական պատկանելության էթնիկ վկայությունների ոչնչացման քաղաքականություն:



Հանձնաժողովի նիստում ելույթ ունեցող պատմաբան, կինոբեմադրիչ Կիմ Բակշին, Ռուսաստանի գրողների միության բարձրագույն ստեղծագործական խորհրդի անդամ, գրող Վալենտին Օսիպովը, Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Տրապեզնիկովը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեցին, որ Ադրբեջանի տարածքում ոչ միայն ոչնչացվում են հայկական հուշարձանները, այլեւ այդ երկրի իշխանությունները, չնայած պատմական փաստերին, վարում են Ռուսաստանի եւ Հայաստանի պատմության խեղաթյուրման աննախադեպ քաղաքականություն` գիտակցաբար ապակողմնորոշելով ոչ միայն սեփական ժողովրդին, այլեւ համաշխարհային հանրությանը:



Միտրոպոլիտ Կլիմենտը հայտարարել է, որ ոչնչացված հայկական հուշարձանները համաշխարհային քաղաքակրթության մի մասնիկն են, եւ դրանց ոչնչացումը մեծ կորուստ էր համաշխարհային մշակութային ժառանգության համար:



Հասարակական պալատի հանձնաժողովը միաձայն որոշում կայացրեց դատապարտել Հին Ջուղայում Ադրբեջանի կողմից իրականացված վանդալիզմը, նաեւ մտադրություն հայտնեց պալատի այլ շահագրգիռ հանձնաժողովների հետ ուսումնասիրել Ադրբեջանում այլ ժողովուրդների մշակութային արժեքների վիճակն ու դրանց պահպանման խնդիրները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---