Վարորդների համար որոշ տուգանքներ կնվազեն, մի մասը` կավելանա. Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

Վարորդների համար որոշ տուգանքներ կնվազեն, մի մասը` կավելանա. Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով մեղմացվում են որոշ տուգանքներ:

Նախքան քվեարկությունը ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ը ևս նախագիծ էր առաջարկել պատժաչափերի մեղման առումով և քանի որ կառավարության կողմից ներկայացված նախածգում դրանք որոշակիորեն կրկնվում են, ապա խմբակցությունը կողմ է քվեարկելու: Նաև հույս է հայտնել, որ երկրորդ ընթերցման ռեժիմում հաշվի կառնվեն նաև մյուս առաջարկները:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է. «Իհարկե մենք շատ ավելի խիստ ու կտրուկ նվազման կողմնակիցն էինք, բայց հաշվի առնելով, որ որոշակի դրական քայլ կատարված է, ԲՀԿ-ն ևս կքվեարկի կողմ»: Նա հավելել է, որ կողմ են քվեարկում նաև այն պատճառով, որ որոշակիորեն լուծվում է քառյակի կողմից ներկայացված կետերից մեկը, գրում է Panorama.am-ը:

Կառավարության հունիսի 17-ի արտահերթ նիստում հավանության է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը կազմել է ՀՀ վարչապետի 2014թ. մարտի 27-ի որոշմամբ ստեղծված ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտման համար նախատեսված տուգանքի չափերի վերանայման աշխատանքային խումբը: Հունիսի 18-ին փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ԱԺ-ում ներկայացրել էր օրինագծով առաջարկվող փոփոխությունները:

Նախագծով վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմնվելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանի վրա: Եվ 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելը տուգանվում է յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի՝ հազար դրամի չափով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ օրենքում առաջարկվող փոփոխություններն համակողմանիորեն քննարկվել են պատկան մարմիններում, երեկ դրանց վերաբերյալ կարծիք է հայտնել ՀՀ նախագահը: «Մեծ զիջում ենք անում, - հավելել է վարչապետը, - տուգանքների չափը նվազեցնում ենք 50 տոկոսով, նաև առաջարկում, որ նոր օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե սեպտեմբերի 1-ին, ինչպես ծրագրվում էր, այլ անմիջապես օրենքն ընդունելու պահից»:

Օրինագծում, մասնավորապես, նշվում է, որ հասարակության խոցելի զանգվածը, հաշվի առնելով տեխնիկական սարքերով հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը, բողոքում էր վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների մեծ չափերից: Օրինակ՝ երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը 1-10 կմ/ժ-ի դեպքում կտուգանվի 10.000 դրամով, 11-30 կմ/ժ-ը՝ 30.000 դրամով:

Նոր օրինագծով 1-20 կմ/ժ գերազանցելու դեպքում յուրաքանչյուր կմ-ի համար կսահմանվի 1.000 դրամ տուգանք: Այսինքն, սահմանվածից 5 կմ/ժ գերազանցած վարորդը պետք է 5.000 դրամով տուգանվի, 20 կմ/ժ գերազանցողը՝ 20.000-ով: 21-30 կմ/ժ-ով սահմանված արագության գերազանցելու դեպքում կկիրառվի հաստատուն 30.000 դրամ տուգանք:

31-50 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու համար առաջարկվում է սահմանել 100.000 դրամ տուգանք, 51 և ավելի կմ/ժ-ով գերազանցելու համար` 200.000 դրամ: Առանց վարորդական իրավունքի կամ ուժը կորցրած վարորդական իրավունքով ավտոմեքենա վարելու համար գործող 5.000 դրամն առաջարկվում է դարձնել 3.000:

Առաջարկվում է նաև առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելու համար տուգանել` ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 10.000, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 50.000 դրամ:

Կվերանայվեն նաև ավտոմեքենա վարելիս հեռախոսով խոսելու (3.000-ից դարձնել 5.000), կանգառներում ավտոմեքենա կայանելու (10.000-ից դարձնել 5.000), հետիոտնի գծանշման մասում ավտոմեքենան կանգնեցնելու (20.000-ից դարձնել 15.000) և հասարակական տրանսպորտի վարորդների և բեռնատարների վարորդների կողմից երրորդ գծով ավտոմեքենան վարելու (5.000-ից դարձնել 7.000) համար նախատեսված տուգանքների չափերը:

Առաջարկվում է երթևեկության կանոնների խախտման համար վարչական տուգանքները 30 օրվա ընթացքում չվճարելու համար սահմանել տուգանքի չափի 25 տոկոս ավելացում (գործող օրենսդրությամբ` եռապատկվում է), իսկ 60 օրում չվճարելու դեպքում՝ 50 տոկոսի ավելացում (գործող օրենսդրությամբ` հնգապատկվում է):

Ապրիլի սկզբին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Մասնավորապես, առաջարկվում էր սահմանված առավելագույն արագությունը մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանք սահմանել 3.000 դրամ՝ գործող 10.000 դրամի փոխարեն: Առաջարկվում է՝ սահմանված առավելագույն արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելու պարագան դիտարկել որպես առանձին իրավախախտում և դրա համար տուգանք սահմանել 6.000 դրամը: Նախագծով առաջարկվել էր տուգանքները թեթևացնել այն խախտումերի պարագայում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «համեմատաբար նվազ վտանգավոր»: Առաջարկվում էր նաև վերացնել չվճարված տուգանքների եռապատկման և հնգապատկման պրակտիկան, եռապատկումը փոխարինելով մեկուկես անգամով, հնգապատկումը՝ կրկնապատկումով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---