Ոստիկանի լիազորված է ֆիզիական ուժ գործադրել․ Գլխավոր դատախազը` Սարյանի բախումների մասին

Ոստիկանի լիազորված է ֆիզիական ուժ գործադրել․ Գլխավոր դատախազը` Սարյանի բախումների մասին

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Սարյան փողոցում ոստիկանների և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումներին, նշել է, որ Սարյան փողոցում կատարվածի առնչությամբ համապատասխան ցուցում է տրված, որ այն անձիք, ովքեր դիմել են կամ կդիմեն, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն իրենց նկատմամբ կիրառած բռնության մասին, դատախազությունը համապատասխանաբար ամբողջ քննությունն իրականացնի:

«Այդ մասով մի շարք անձիք տվել են հաղորդումներ, նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու հարցը լուծելու համար»,- ասել է Կոստանյանը:

«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնությունը հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովի շենքի դիմաց, որտեղ հարցով հանրային լսումներ էին անցնում, բողոքի ակցիա էր կազմակերպել: Ոստիկանները պատ էին կազմել` թույլ չտալով ակտիվիստներին մոտենալ ՀԾԿՀ վարչական շենքին: Նախաձեռնության անդամների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, որի արդյունքում 27 քաղաքացի տարվել է ոստիկանություն, երկուսը` հոսպիտալացվել:

Գլխավոր դատախազը նաև տեղեկացրել է, որ իրավական գնահատական պետք է տրվի համապատասխանաբար այն անձանց, ովքեր ոստիկանների նկատամբ են բռնություն կիրառել.

«Այսինքն նյութեր են նախապատրաստվում ինչպես ոստիկանի կողմից իր հնարավոր պաշտոնական դիրքը չարաշահելու կամ չշարաշահելու հետ կապված, այնպես էլ այլ անձանց կողմից ոստիկանների նկատմամբ հնարավոր բռնություն գործադրելու փաստերի կապակցությամբ»:

Գևորգ Կոստանյանը շեշտել է, որ ոստիկանի կողմից ֆիզիական ուժի գործադրումը մտնում է ոստիկանի լիազորությունների մեջ, շատ դեպքերում ֆիզիկական ուժի չգործադրումը կարող է ոստիկանին պատասախանատվության առաջ կանգնեցել, գրում է Panorama.am-ը: Ըստ նրա, հատուկ միջոցներ, ֆիզիկական ուժ, հրազեն գործադրելու լիազորությունը հստակ սահմանված է օրենսդրությամբ:

«Երբեմն անհրաժեշտություն է լինում, պարտավորություն է կրում ֆիզիակական ուժ կիրառել, որպեսզի իր պարտականությունները կարողանա պատշաճ ապահովել: Այլ հարց է, որ յուրաքանչյուր դեպքում պետք է խոսել ֆիզիկական ուժի կիրառման համաչափության և անհրաժեշտության մասին»,- նշել է Գևորգ Կոստանյանը:

Նախօրեին ԱԺ ոչ իշխանական քառյակը հանդես է էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հայտարարությամբ և դատապարտել հունիսի 23-ին սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության գործողությունները:

Հայտարարությունում ասվում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում փաստորեն սակագինը բարձրանում է 40 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ:

Մենք արձանագրում ենք.

1. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հանրությանը ներկայացվող պատճառները անհամոզիչ են և անընդունելի:

2. Էներգետիկ համակարգի մի շարք ձեռնարկությունների փաստացի սնանկ վիճակում հայտնվելը բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում տարիներ շարունակ իրականացվող ոչ արդյունավետ և անհամարժեք քաղաքականության վկայությունն է:

3. Էլեկտրաէներգիայի սակագնի աճը վատթարացնելու է սոցիալ-տնտեսական պայմանները՝ մեծացնելով գնաճը, աղքատության մակարդակը, նվազեցնելով բնակչության գնողունակությունն ու հայկական ապրանքների մրցունակությունը:

4. Էլեկտրաէներգետիկ համակարգում ֆինանսական ճեղքվածքը հաղթահարելու համար կառավարությունը պետք է օգտագործի ֆինանսական այլ ռեսուրսներ՝ բացառելով հասարակության և տնտեսության վրա սակագնի բարձրացման բացասական ազդեցությունը:

ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

1. Իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական աուդիտ, բացահայտել համակարգի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին:

2. Ոլորտում պետական կարգավորման լիարժեք համակարգ ձևավորելու նպատակով` նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ վերանայել առանձին ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը, բարձրացնել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման կանխատեսելի համակարգ:

3. Մինչև վերը նշված գործողությունները կատարելը՝ բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Միաժամանակ քառյակը դատապարտում է հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ապօրինի գործողությունները:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է: Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի սահմաններում:

Էլէներգիայի վերջին թանկացումից անցել է մեկ տարի՝ 2013-ի հունիսի 7-ին ՀԾԿՀ-ն որոշել էր ՀՀ բնակչությունից 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց գանձել 38 դրամ՝ բարձրացնելով գինը 8 դրամով։ Որոշումը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, դրա դեմ ստորագահավաք ու ցույցեր էին սկսվել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---