ԱՄՆ. Իրանը «վեցյակի» հետ համաձայնագրի կատարումից հետո կկարողանա վառելիք արտադրել ԱԷԿ համար

ԱՄՆ. Իրանը «վեցյակի» հետ համաձայնագրի կատարումից հետո կկարողանա վառելիք արտադրել ԱԷԿ համար

PanARMENIAN.Net - Իրանը «վեցյակի» հետ համաձայնագրի կատարումից հետո և չտարածման պահանջներին համապատասխանության դեպքում կկարողանա հարստացման սեփական ծրագիր ունենալ ու վառելիք արտադրել ԱԷԿ համար: Ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչը բանակցություններում:

Սակայն, ըստ նրա, քանի դեռ Թեհրանը չի ապացուցել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, հարստացման հզորությունները պետք է «կրճատվեն»:

«ԱԷԿ-ների համար վառելիքի արտադրությունը պահանջում է հարստացում արդյունաբերական մասշտաբով, այդ մասին խոսք լինել չի կարող, քանի որ հիմա Իրանը նման հնարավորություն չունի, իսկ գործող հարստացման ծրագիրը մտավախություն է ներշնչում մեզ»,-ասել է ԱՄՆ ներկայացուցիչը:

Սակայն, ըստ նրա, ապագայում Թեհրանն ինքը կկարողանա որոշել անհրաժեշտ հարստացուցիչ գործողության պարամետրերը: «Ինչ նրանք կորոշեն կարգավորումից հետո, համաձայնագրի պահանջները տևական ժամանակ կատարելուց ու Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի պահանջներին համապատասխանելուց հետո, դա էլ կլինի նրանց ընտրությունը»,-հայտարարել է նա:

Միևնույն ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը ելնում է նրանից, որ «Իրանը սեփական հարստացման ծրագրի կարիք չունի»: «Նրանք ունեն վառելիքի անհրաժեշտ քանակ Արակի հետազոտական ռեակտորի համար, իսկ Ռուսաստանը վառելիք է առաքում Բուշերի ԱԷԿ-ի համար»: «Մենք չենք հասկանում, թե ինչպիսին է գործնական անհրաժեշտությունը»,-եզրափակեց նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հուլիսի 2-ին Վիեննայում մեկնարկեց Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը Թեհրանի ու միջազգային միջնորդների «վեցյակի» միջև: Ինչպես ակնկալվում է, բանակցությունները կտևեն մինչև հուլիսի 20-ը: Բանակցությունների նպատակն է համապարփակ համաձայնությունն Իրանի միջուկային խնդրի վերջնական կարգավորման մասին: Ըստ պլանի, այդ համաձայնագիրը պետք է պատրաստ լինի մինչև հուլիսի 20-ը: Բանակցությունների վերջին՝ հինգերորդ, փուլում պատվիրակություններն աշխատում են անմիջապես ապագա համաձայնագրի տեքստի վրա:

Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը գտնում է, որ Իրանն ու «վեցյակը» Իրանի միջուկային ծրագրի շուրջ ամփոփիչ համաձայնագիր մշակելու շանս ունեն մինչև հուլիսի 20-ը: «Մենք կարծում ենք, որ միանգամայն իրատեսական է մինչև հուլիսի 20-ը համաձայնագիրը պատրաստելը, այդ մասին է վկայում այն տրամադրվածությունը, որ առկա է խմբի անդամների մոտ»,-ասել է նա:

«Աշխատանքների ծավալը մեծ է, բայց տեսանելի, ճիշտ շեշտադրումների դեպքում, փոխզիջումների արդյունքում մենք կարող ենք ամեն ինչ հասցնել մինչև հուլիսի 20-ը ու համապատասխան փաստաթուղթ մշակել»,-վստահ է ռուս դիվանագետը:

«Չնայած առայժմ համեստ արդյունքներին, հունիսին տեղի ունեցած փուլն ու այն փուլը, որ սկսվեց հուլիսի 2-ին, տարբերվում են նախորդներից նրանով, որ հավաքվում է ստատիկ էներգիա, որն ընդհանուր ջանքերով պետք է ազատվի ու վերածվի շարժման էներգիայի»,-հայտարարել է Ռյաբկովը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա, այժմ «զգացվում է և մասնակցիների քաղաքական կամքը, և որոշակի տագնապ կա, որ կարելի է չհասցնել՝ դա ևս լավ նշան է»:

«Բոլոր այդ գործոնները, գումարած բանախոսների փորձը, կարծում եմ, թույլ կտան տեղավորվել նախատեսված ժամկետում: Թեև քիչ ժամանակ է մնում: Բայց շանսեր կան»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

«Ես հիմա չէի խոսի այլընտրանքային տարբերակների մասին, քանի որ պետք է կենտրոնանալ գլխավոր խնդրի վրա»,-ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով իրադարձությունների զարգացման տարբերակների մասին հարցին, եթե բանակցությունների ժամկետը չպահպանվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---