ՄԻԵԴ-ը մեղավոր է ճանաչել ՌԴ իշխանություններին Վրաստանի քաղաքացիների իրավունքները խախտելու համար

ՄԻԵԴ-ը մեղավոր է ճանաչել ՌԴ իշխանություններին Վրաստանի քաղաքացիների իրավունքները խախտելու համար

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ՌԴ իշխանություններին մեղավոր է ճանաչել Վրաստանի քաղաքացիների իրավունքները խախտելու մեջ՝ 2006 թվականին ՌԴ-ից նրանց արտաքսման ժամանակ: «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» հայցը ՄԻԵԴ էր ներկայացվել յոթ տարի առաջ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ: Վրաստանի գործող իշխանությունները դատավճիռը համարում են լուրջ հաղթանակ, սակայն հույս են հայտնում, որ երկխոսությունը Մոսկվայի հետ կշարունակվի:

«Շնորհավորում եմ բոլոր վրացիներին, որոնք Ռուսաստանում ստորացման են ենթարկվել զանգվածային արտաքսման ժամանակ: Մենք հաղթեցինք»,-հանդիսավոր կերպով երեկ հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին: Ըստ նրա, ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ 2006 թ. աշնանը «Ռուսաստանը համակարգած քաղաքականություն է վարել վրացիների դեմ»: «Դատարանը նաև որոշել է, որ Ռուսաստանում ձերբակալված վրացիները հայրենիք արտաքսվելուց առաջ անմարդկային պայմաններում են պահվել»,-հավելել է տիկին Ցուլուկիանին:

Ըստ Թբիլիսիի, 2006 թ., երբ երկկողմ հարաբերությունները ՌԴ հետ սրվեցին Վրաստանում 4 ռուսաստանցի սպաների լրտեսության մեջ մեղադրելու պատճառով, Մոսկվան խախտեց միջազգային իրավունքի մի շարք նորմեր: 2011 թվականի ձմռանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) սկսվեցին Ռուսաստանի դեմ Վրաստանի ներկայացված հայցի գործով լսումները: Թբիլիսին հուսով էր, որ ՄԻԵԴ-ը մեղավոր կճանաչի ՌԴ իշխանություններին ազգային զտումների համար և հատուցում կվճարի մարդկանց բեռնատար ինքնաթիռներով տեղափոխելու ժամանակ տուժածների ու զոհվածների ընտանիքներին:

Վերջին բաց նիստը տեղի ունեցավ 2012 թվականի հունիսի 13-ին, որից հետո դատարանն անցավ դատավճռի քննարկմանը: Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության, դատավորները դատավճիռը կայացրել են նույն տարում, սակայն գաղտնի են պահել մինչ հրապարակումը:

Ռուսաստանի իշխանությունները, մեկնաբանելով ՄԻԵԴ վճիռն, այլ շեշտադրումներ են անում: ՌԴ արդարադատության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ դատարանը «չի պարզել ՌԴ տարածքում օրինական հիմքերով գտնվող Վրաստանի քաղաքացիների արտաքսման փաստը», ինչպես նաև «ՌԴ քաղաքացի ազգությամբ վրացիների իրավունքների ոտնհարման փաստերը»՝ խախտումները վերաբերում են միայն «ապօրինի ներգաղթյալների կենսապայմաններին ժամանակավոր կացարաններում»:

Այնուամենայնիվ, ըստ ՄԻԵԴ որոշման ՌԴ-ն պարտավոր է փոխհատուցում վճարել տուժած վրացիներին, որի չափը պետք է որոշվի «բանակցությունների արդյունքում մեկ տարվա ընթացքում»: «Թեև հայցը միջպետական է, Վրաստանը ներկայացրել է այն զանգվածային բռնագաղթի զոհերի անունից, պարզաբանել է Վրաստանի ՍԴ նախկին նախագահ Ավթանդիլ Դեմետրաշվիլին: -Դա նշանակում է, որ Ռուսաստանը պետք է փոխհատուցում վճարի ոչ թե վրացական պետությանը, այլ կոնկրետ մարդկանց ըստ նրանց կրած վնասի»:

Ստրասբուրգի դատարանի որոշումն արդարության վերականգնում է անմեղ մարդկանց հանդեպ»,-հավաստիացրել է Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, որը 2006-ին Վրաստանի դեսպանն էր Մոսկվայում: Ըստ նրա, Ռուսաստանն ու Վրաստանը «պետք է դասեր քաղեն այդ ողբերգությունից, որպեսզի առաջիկայում նման բաներ երկկողմ հարաբերություններում չպատահեն»: Որոշ վրացի փորձագետներ զգուշացնում են, որ ՄԻԵԴ որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա: «Անկասկած, Մոսկվայի համար սա շատ տհաճ որոշում է: Առավել ևս Ուկրաինայում իրադարձությունների ֆոնի վրա,-հայտարարել է «Ъ»-ին GHN գործակալության վերլուծաբան Նիկա Իմնաշվիլին: -Կրեմլում հավանաբար հաշվի կառնեն, որ Վրաստանի նոր իշխանությունները նույն եռանդով էին պայքարում Ռուսաստանին դատապարտելու համար, որքան և Սահակաշվիլիի թիմը»: «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից պատգամավոր Շոթա Մալաշխիան ասել է. «Մենք, իհարկե, թույլ չէինք տա իշխող կոալիցիային ի չիք դարձնել մեր ջանքերը, նույնիսկ եթե նրանք դա ցանկանային Մոսկվայի հարցում իրենց պարտվողական քաղաքականության շրջանակում»:

Իսկ Թբիլիսիի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Իոսիֆ Ցինցաձեն խորհուրդ տվեց առաջիկայում չհավատալ հայտարարություններին ՌԴ համար դատավճիռների կարևորության մասին: «Մոսկվան տասնյակ անգամ տանուլ է տվել ՄԻԵԴ-ում, նա արդեն իմունիտետ ունի»,-պարզաբանել է նա: Վրաստանի արդարադատության նախարարի ներկայացուցիչ Մանանա Ճկուասելին համամիտ չէ դրան: «Նախկինում ՌԴ-ն պարտվել է անհատական կամ օտարերկրյա քաղաքացիների հայցով, այս անգամ՝ միջպետական»,-հայտարարել է նա: Թբիլիսիում հուսով են, որ նույն ավարտը կունենա նաև ՌԴ դեմ ներկայացված մյուս հայցը՝ մարդու իրավունքների խախտման մասին 2008 թ. 5-օրյա պատերազմի ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---