Կառավարությունը Որոտանի ՀԷԿ-ը չօտարելու նպատակ չունի. Գործարքը կկայանա` ի շահ պետության ու տնտեսության

Կառավարությունը Որոտանի ՀԷԿ-ը չօտարելու նպատակ չունի. Գործարքը կկայանա` ի շահ պետության ու տնտեսության

PanARMENIAN.Net - Նոր կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի «Որոտանի ՀԷԿ»-ի օտարման գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության ու տնտեսության՝ պահպանելով օրենքի բոլոր կետերը: Այս մասին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 25-ին Դիլիջան աշխատանքային այցի ընթացքում: Պատասխանելով ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերին` նա անդրադարձել է նաև «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի վաճառքին:

«Որոտանի ՀԷԿ-ը չօտարելու նպատակ չունենք: Իհարկե, կան թերություններ և կետեր, որոնք ընդունելի չեն, օրինակ, շահութաբերության սանդղակը շատ բարձր է՝ 23,5%, որին ես սկզբունքորեն դեմ եմ: Չի կարող լինել այնպիսի մի գործարք, որի դեպքում ապագա գնորդը 23,5% շահութաբերություն ունենա: Մեր երկրում այդպիսի գործարք չի եղել, և այժմ աշխատում ենք այդ կարևոր փաստի վրա:

Մենք կարևորում ենք ամերիկյան խոշոր ընկերության կողմից 180 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումը մեր տնտեսությունում: Ինչ վերաբերում է ընկերության նկատմամբ վստահությանը, ապա ես որևէ մութ բան չեմ տեսնում, քանի որ մենք արդեն 2-3 ամիս թափանցիկ աշխատում ենք: Որևէ ճնշում կամ ազդեցություն չկա: Լուրեր են շրջանառվում նաև, որ գործարքն ուզում ենք անվավեր համարել և օտարել ռուսական որևէ կազմակերպության: Եթե այն անվավեր լինի, քանի դեռ վարչապետ եմ, դեմ եմ լինելու Որոտանի ՀԷԿ-ը որևէ այլ երկրի գործարարին օտարելուն: Մենք առաջարկել ենք ամերիկյան կողմին մեր մոտեցումները, սկզբունքորեն այն բոլոր կետերը, որոնց հետ համաձայն չենք: Իրենք կտան կարծիք. եթե կհամաձայնվեն՝ լավ, եթե ոչ՝ գործարքը չի կայանա և չենք օտարի Որոտանի ՀԷԿ-ը»,- նշել է վարչապետը:

Հայաստանի կառավարությունը, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունները հունվարի 29-ին գույքի 180 մլն դոլար արժողությամբ առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել: Ըստ գործարքի, առաջիկա 6 տարվա ընթացքում Որոտանի երեք ՀԷԿ-երն արդիականացնելու ու վերանորոգելու համար պետք է ներդրվի մոտ 70 մլն դոլար: Կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագիրը պետք է ներկայացվի, քննարկվի և համաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

ՀՀ կառավարության հուլիսի 24-ի նիստում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վերաբերյալ ընդունված որոշման կապակցությամբ Հովիկ Աբրահամյանն ասել է.

«Այնտեղ կա կուտակված պարտք, և մեզ անհրաժեշտ է 3-4 օր քննարկելու և որոշում կայացնելու համար: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի յուրաքանչյուր գործընթաց ունենա իր իրական պատկերը: Որևէ խոչընդոտ չեմ տեսնում, կաշկանդվածություն չկա, և եթե կան մարդիկ, ովքեր մեղավոր են եղել այդ իրադարձություններում, պատասխան են տալու»:

ՀՀ կառավարության հուլիսի 24-ի նիստում էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը ներկայացրել է «Հայգազարդ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող «Նաիրիտ գործարանի» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասի պարտքի դիմաց «Որոտանի» ՀԷԿ-ին հանձնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, իսկ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է «երկու-երեք օր քննարկել այն»: «Հայգազարդ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 53,27 տոկոս և 983,4 մլն դրամ արժողությամբ «Նաիրիտ գործարան»-ի 3,5967 տոկոս՝ 8304,2 մլն դրամ ընդհանուր արժեքով բաժնետոմսերը ՀՀ կառավարության որոշմամբ կարող է օտարվել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին: Որոշման նախագիծն ընդգրկված էր գործադիրի հուլիսի 24-ի նիստի օրակարգում:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---