ԴԱՀԿ-ն «վտարել է» Համալիրի աշխատակիցներին․ Փաստաբանն ասում է՝ ծառայության քայլն ապօրինի է

ԴԱՀԿ-ն «վտարել է» Համալիրի աշխատակիցներին․ Փաստաբանն ասում է՝ ծառայության քայլն ապօրինի է

PanARMENIAN.Net - Երեկ՝ հուլիսի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի պատասխանատու Լիլիա Ադունցն ահազանգել էր, թե ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն (ԴԱՀԿ) ապօրինի գործողություններ է իրականացվում համալիրում:

«ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են Մարզահամերգային համալիր և, առանց հիմնավորումների, աշխատակիցներին շենքից դուրս են հրավիրում»,- նշել էր նա, գրում է Panorama.am-ը:

Արդեն այսօր՝ հուլիսի 30-ին, ԴԱՀԿ-ն դեպքի ահազանգի վերաբերյալ պարզաբանում է տարածել, որում նշում է, թե երեկ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը որոշում է կայացվել վտարելու ՓԲԸ-ն, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ մարզահամալիրից։ Որոշման հիմք է հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1 հոդվածը (այն է՝ «Վտարման վերաբերյալ կատարողական թերթի կատարման մասին» հոդվածը, որի առաջին կետով սահմանվում է «վտարումը կատարողական թերթում նշված շենքը վտարվողից (վտարվողներից) և նրա (նրանց) գույքից ազատել ու ազատված շենքից օգտվելն արգելել»):

Մայիսի 19-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել էր աճուրդի: Ըստ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, համալիրը գրավի առարկա է։ Ներկայումս պարտքը կազմում է 10 մլրդ 200 մլն դրամ:

Աճուրդի հայտարարման առաջին իսկ օրվանից ընկերությունը հայտարարում էր դրա անօրինական լինելու մասին, սակայն այն չէր դադարեցվում։ Չկայացած յուրաքանչյուր աճուրդից հետո Համալիրի գինը նվազում է 10%-ով։ ՄՀՀ-ի հերթական՝ 6-րդ աճուրդը մեկնարկում է վաղը՝ օգոստոսի 1-ին։

Պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդման վերաբերյալ ԴԱՀԿ-ն տեղեկացրել է, որ որոշումը հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է դրան, բայց հրաժարվել ստորագրել այն:

Արդեն այսօր լրագրողների հետ հանդիպմանը Համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը` անդրադառնալով աշխատակիցների վտարմանը, հայտարարել է, թե դա օրենքի խախտում էր, որովհետև եթե գալիս են վտարելու, ապա նախապես պետք է այդ մասին ծանուցեն:

«Մեզ մոտ այնպիսի խայտառակ վիճակ էր, որ ուղղակի զանգում ասում են արդեն մտել և արդեն վտարում են. Այսպես չեն անում»,- ասել է նա՝ հավելելով, որ դա «պետական ռեկետ է»։

Նա նշել է, որ իրենց օրենք չենք խախտել, անգամ եթե գումարը չեն հասցրել վճարել: Մարզահամերգային համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանն էլ իր հերթին նշել է, որ երեկ տեղի ունեցածն օրենքի խախտում է:

«Վտարման որոշում չի եղել, իսկ ԴԱՀԿ տարածած հաղորդագրությունը խախտում էր, քանի որ գաղտնի տեսաձայնագրելու իրավունք ունի միայն ՀՀ ոստիկանությունը և այլ մարմիններ` բացառությամբ ԴԱՀԿ ծառայության: Տեսագրելու և հրապարակելու գործողությունների մեջ առկա են խախտումներ և այս իմ հայտարարությունը պատկան մարմինները պետք է դիտեն որպես հանցագործության մասին հայտարարություն, թեև ես արդեն դիմել եմ»,- մատնանշել է փաստաբանը:

Մարզահամերգային համալիրի տնօրինությունը սկզբից էլ վստահ էր, որ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը մամուլի միջոցով փորձում է իր անօրինական գործողությունները հասարակությանը ներկայացնել որպես իրավաչափ` ցանկանալով իրավական հարթությունից հարցը տեղափոխել այլ հարթություն: Ըստ մարզահամալիրի տնօրինության, այս փուլում նման գործելաոճն անընդունելի է, քանի որ «սպառված չենք համարում իրավական ճանապարհով պայքարելու դատարանի և ԴԱՀԿ-ի անօրինական որոշումների դեմ: Փաստացի բյուջետային վարկ որպես այդպիսին Մարզահամերգային համալիրը չի ստացել, բայց համաձայնել է այլ պարտավորությունները վերաձևակերպելու պայմանին և պատասխանատվությամբ է վերաբերվում ներկայացված պահանջին»:

Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը Երևանի ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ մայրաքաղաքի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Այն բաղկացած է 2 մեծ սրահից՝ սպորտային և համերգային։ Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983-ին, իսկ երկրորդը՝ 1984-ի հոկտեմբերի 13-ին։ Համալիրը 2005-ի օգոստոսին 5.700.000 դոլարով մասնավորեցվել է ԲԱՄՕ ընկերությանը: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշմամբ` 2005-ի սեպտեմբերից մինչև 2008-ի սեպտեմբեր ԲԱՄՕ-ն Համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---