Ադրբեջանում «հանկարծամահ» եղած Պետրոսյանի գործով Զոհրաբյանը կդիմի ԵԽԽՎ նախագահին ու ԵԽ ԳԽ-ին

Ադրբեջանում «հանկարծամահ» եղած Պետրոսյանի գործով Զոհրաբյանը կդիմի ԵԽԽՎ նախագահին ու ԵԽ ԳԽ-ին

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վաղը՝ օգոստոսի 13-ին, պաշտոնական նամակով և կից՝ տեսասկավառակով, պաշտոնապես դիմելու է ԵԽԽՎ նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին, Մարդու իրավունքների հանձնակատարին՝ ուղարկելով այն կադրերը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է ադրբեջանցի գեներալը՝ խախտելով Ժնևյան կոնվենցիայի բոլոր կանոնները, նվաստացնում օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ու Թովուզի շրջանում ձերբակալված Կարեն Պետրոսյանին, որն օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծամահ էր եղել»։

«Նաև՝ սկավառակով ուղարկելու եմ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գործակալության ռեպորտաժը, որտեղ սահմանային ադրբեջանական գյուղի բնակիչներն իրենց հարցազրույցներում փաստում են, որ Կարեն Պետրոսյանը դիվերսանտ չէ և հաստատում, որ պարզապես մոլորվել և անցել է սահմանը»,- ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակը, գրում է Tert.am-ը։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, պահանջելու է պատասխանատվության ենթարկել ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկիր Ադրբեջանին Կարեն Պետրոսյանի հանդեպ անմարդկային, դաժան ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի համար։

«Բնականաբար, որևէ մեկը կասկածներ չունի, թե ինչպես կարող էր առողջական որևէ խնդիր չունեցող երիտասարդը հանկարծամահ լինել։ Միանշանակ է, որ նրա մահն Ալիևի և իր կլանի խղճի վրա է, և պետք է հասնենք նրան, որ իրավական հարթության վրա նրանք պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է խորհրդարանականը։

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծամահ էր եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Մահվան նախօրեին Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին էր, քաղաքացիական անձ։

Պետրոսյանի գերի ընկնելու և գերության մեջ մահանալու փաստին էր օգոստոսի 10-ին անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այդ մահն ադրբեջանցիների խղճին է, և դրա պատասխանատուն, իհարկե, նրանք են:

«Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանելը: Նա ասաց՝ «մենք չենք սպանել»: Ասացի՝ մարդը՝ 31 տարեկան տղան, ինչի՞ պիտի անցներ, ինչպես ես եմ տեղեկացված՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ձեզ մոտ և մահանար: Ասում է՝ «դե կարող է՝ վախեցել է, մահացել է»: Բայց մենք պետք է զուսպ լինենք. պատերազմը հանաք չի, այն անլուրջ վերաբերմունք չի ընդունում: Հասկանում եմ, որ անհնար է բոլորին վերահսկել, հասկանում եմ, որ տարբեր հանգամանքներ են լինում, և դա չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները շատ լավ պետք է հասկանան, որ գործ ունեն թշնամու՝ զայրացած, գազազած թշնամու հետ»,- նշել էր նախագահը:

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմել` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Օգոստոսի լույս 12-ի գիշերն ու առավոտյան վերջին օրերի համեմատ թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում է նկատվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---