Մեկ տարածք, երկու սեփականատեր. ՕԵԿ-ի ու Ագրարայինի վեճը կտեղափոխվի դատարան

Մեկ տարածք, երկու սեփականատեր. ՕԵԿ-ի ու Ագրարայինի վեճը կտեղափոխվի դատարան

PanARMENIAN.Net - Արդեն 3 ամիս է «Օրինաց երկիր» կուսակցության ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև վեճը չի հանդարտվում, ավելին` գնալով թեժանում է, և քաղաքակիրթ բանավեճից անցում կատարում հայհոյախառն ծեծկռտուքի. օգոստոսի 13-ին բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների և ՕԵԿ ներկայացուցիչների ու պատգամավորների միջև բախում է տեղի ունեցել:

Համալսարանն ու կուսակցությունը վիճարկվում են 262 քմ տարածքը: Սակայն այդպես էլ մինչև վերջ պարզ չէ, թե ով է ճիշտ, ով` սխալ, ում է պատկանում տարածքն ու ով ինչպիսի իրավունքներ ունի դրա նկատմամբ:

Բանն այն է, որ նույն տարածքի նկատմամբ սեփականության իրավունք տրվել է թե Հայաստանի պետական ագրարային համալսարանին` կառավարության, թե «Օրինաց երկիր» կուսակցությանը` քաղաքապետարանի կողմից (դեռևս Երվանդ Զախարյանի օրորք):

Ագրարային համալսարանը դատարան է դիմել՝ վիճարկելու Երվանդ Զախարյանի որոշումը, որով տարածքը տրամադրվել էր ՕԵԿ-ին:

2006 թ. դեկտեմբերի 28-ին Ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները ճանաչվել են պետական սեփականություն և կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել են համալսարանին: ՀԱԱՀ-ն այդ օրից համարել և համարում է, որ այս տարածքները վիճելի չեն կարող լինել և քննարկման ենթական չեն:

2008-ի նոյեմբերին, քաղաքապետը անտեսելով կառավարության վերը նշված որոշումը, ՕԵԿ-ին է հանձնել սեփականության իրավունքով շինության մի հատվածը և կից հողատարածքը: Գործող օրենսդրությամբ քաղաքապետարանը այդպիսի լիազորություններ չունի: Պետական գույքի կարգավիճակի փոփոխություն կարող է իրականացնել միայն ՀՀ կառավարությունը` որոշմամբ:

«Ես չեմ ուզում այսօր ասել` դա օրինական է, թե անօրինական, կա հատկացում, կա կադաստրային գրանցում, մենք դա ընդունում ենք, ու բնական է, որ դիմել ենք դատարան` քաղաքապետի որոշումը չեղյալ համարելու խնդրանքով, քանի որ դա հակասում է բոլոր օրենքներին` և հողային օրենսգրքին, և բուհերի մասին օրենքին, և ՊՈԱԿ-ի մասին օրենքին»,- «Հանրային ռադոյի» հաղորդմամբ` ասել է համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը:

Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը հիշեցրել է ՕԵԿ-Ագրարային համալսարան վեճի նախապատմությունը` փաստեր բերելով, որ դեռ խորհրդային տարիներից է շենքը փոխանցվել համալսարանի տնօրինությանը:

Իսկ ՕԵԿ քաղխորհրդի տարածած հայտարարության մեջ էլ նշվում է, թե դեռևս 2008-ին Ագրարային համալսարանի խորհուրդը` ռեկտոր Արշալույս Թարվերդյանի գլխավորությամբ, ՕԵԿ-ին իր համաձայնությունն էր տվել համապատասխան տարածքում վարչական շենք կառուցելու, ինչի վերաբերյալ առկա է պաշտոնական փաստաթուղթ, և որը հիմք է հանդիսացել քաղաքապետարանի համապատասխան որոշում ստանալու, նոտարական վավերացմամբ պայմանագիր կնքելու, կադաստրի սեփականության վկայական և շինարարության համար այլ փաստաթղթեր ձեռք բերելու համար:

«Ագրարային համալսարանի ղեկավարությունը վերը նշված փաստի վերաբերյալ պրոֆեսորադասախոսական կազմի հիմնական մասին և ուսանողությանը փաստացի տեղյակ չի պահել և վերջիններիս դրդում է հակաօրինական գործողությունների»,- նշվում է հայտարարության տեքստում:

Վիճելի տարածքի երկու սեփականատերերը տարիներ շարունակ խաղաղ հանդուրժել են այս վիճակը մինչև այն պահը, երբ մայիսին ՕԵԿ-ը եկել ցանկապատել է տարածքը, սկսել քանդել, շինարարություն նախաձեռնել: Բուհի ղեկավարությունը պնդում է, որ իրենց անգամ այդ տարածք չեն թողնում մտնել, ավելին` ՕԵԿ-ն իրեն իրավունք է վերապահում կառուցապատել նշված տարածքից գրեթե կրկնակի ավելին` 262 քմ-ի փոխարեն միանգամից 452 քմ: Հավելյալ տարածքը ագրարայինում չեն վիճարկում, դա իսկապես ՕԵԿ-ինն է. վիճելին նշված 262 քմ-ն է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հուլիսի 7-ին և 21-ին կայացրել է որոշումներ` արգելելով «Օրինաց Երկիր» կուսակցությանն իրականացնել որևէ շինարարական աշխատանքներ, բացի համալսարանի ավտոտեխսպասարկման կայանի իր կողմից քանդված տանիքի վերականգնումը: Սակայն ՕԵԿ-ը ոչ միայն անտեսել է դատարանի որոշումը, այլ նաև մի քանի օրվա ընթացքում, հիմնականում գիշերային ժամերին, վիճահարույց տարածքում կառուցել է շինություն` չունենալով նախագիծ և շինթույլտվություն: Համալսարանն այդ մասին իրազեկել է բոլոր պատկան մարմիններին:

Օգոստոսի 13-ին բուհի դասախոսների, ուսանողների և ՕԵԿ-ականների միջև տեղի ունեցած բախումների առթիվ հայտարարություն է տարածել ՕԵԿ քաղխորհուրդը` նշելով, որ «ժամը 9:30-ի սահմաններում, Ագրարային համալսարանի Ռեկտոր Արշալույս Թարվերդյանի անմիջական հրամանով և պրոռեկտոր Պ. Էֆենդյանի, ֆակուլտետի դեկան Ն.Բազիկյանի, Ս.Մարգարյանի, ամբիոնի վարիչ Ա.Ամիրյանի, ամբիոնի դասախոս Ա. Հակոբյանի, ուսանողական խորհրդի նախագահի և այլ աշխատակիցների անմիջական ղեկավարությամբ և հրահանգով ԲՈՒՀ-ի աշխատակազմը նախապես ծրագրավորված խուլիգանական հարձակում են գործել «Օրինաց երկիր» կուսակցության վրա` ջարդելով և քանդելով ՕԵԿ-ին պատկանող տարածքի ցանկապատը և այլ շինություններ` կուսակցությանը պատճառելով նյութական վնաս:

Բացի այդ վիրավորական արտահայտություններով, սպառնալիքներով հարձակումներ են գործել տարածքում գտնվող ՕԵԿ անդամ պատգամավորների և անդամների վրա, որի արդյունքում մարմնական վնասվածներ են հասցվել ՕԵԿ անդամ պատգամավորներին: Մասնավորապես, ցանկապատը ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի վրա նետելու արդյունքում Հովհաննես Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց, ինչի կապակցությամբ դիմել ենք իրավապահ մարմիններին»:

Ականատեսների վկայությամբ` հայհոյանքներ են շռայլել նաև ՕԵԿ-ականները, հատկապես առանձնացել է Հեղինե Բիշարյանի որդին: Ինչ վերաբերում է Բիշարյանին, ապա նա այն համոզմանն է, որ խնդիրը ոչ թե այդ 262 քմ տարածքն է, այլ ամբողջ համալասարանը.

«Ո՞վ է տեսել Ագրարային համալսարանը Երևանի կենտրոնում լինի, թող տեղափոխեն մարզեր»,- «Հրապարակի» փոխանցմամբ` ասել է ՕԵԿ փոխնախագահը:

Առջևում սեպտեմբերի 1-ն է` Գիտելիքի օրը, իսկ բուհի ուսանողներն ու դասախոսները կուսակցության հետ դեռ վիճարկում են սովորելու համար կառավարության կողմից իրենց հատկացված տարածքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---