16  29.08.14 - «Կովկասյան մարտահրավեր» ավտոարշավը Լեռնային Ղարաբաղում

Caucasian Challenge. Թուրքիայից Հայաստան հասնող ավտոարշավը

Caucasian Challenge. Թուրքիայից Հայաստան հասնող ավտոարշավը

PanARMENIAN.Net - Արդեն 7 տարի է՝ The Caucasian Challenge (թարգ.՝ կովկասյան մարտահրավեր) ավտոարշավը Թուրքիայից հասնում է Հայաստան՝ անցնելով ու կանգ առնելով Վրաստանում ու Արցախում:

Կազմակերպիչները Բուդապեշտից են, արշավականները հիմնականում օտարերակրացիներ են՝ գերմանացիներ, նորվեգացիներ, հունգարացիներ, իտալացիներ և ոչ միայն: Ամեն տարի կազմը փոխվում է, միանալ կարող է յուրաքանչյուրը՝ հաջորդ տարվա համար արդեն նախապես գրանցվելով արշավի պաշտոնական կայքում: Սեփական մեքենայով (հյուրանոցի ու ուտելիքի համար ծախսերը չհաշված) մասնակցության արժեքը 550 եվրո է:

Արշավի հիմնական նպատակը բացահայտումներն ու լավ ժամանցն են, ոչ թե մրցարշավի մեքենաներով արագության նոր ռեկորդների սահմանումը, ասում են կազմակերպիչները: Նրանք այդքան չեն կարևորում, թե կոնկրետ ինչ կբացահայտեն՝ նոր մշակույթ, խոհանոց կամ մեկ այլ բան: Կարևորը նոր ծանոթություններն ու մարդկային շփումներն են, ինչը, ըստ նրանց, թույլ է տալիս բավարարվածություն զգալ:

Ավանդական արշավն ամեն տարի սկսվում էր Բուդապեշտից, այս տարի ժամանակի սղության պատճառով սկիզբը տրվեց Ստամբուլում, որտեղ՝ հատելով Բոսֆորի նեղուցը, արշավականներն անցան ամբողջ Թուրքիայով:

Հասնելով Վրաստան՝ նրանք այցելեցին Աջարիա, շրջանցեցին Մեծ Կովկասի մոտ 5000-մետր բարձրությամբ գագաթները, Փոքր Կովկասի ձորերը: Այնուհետև երթուղին նրանց Հայաստան բերեց, բայց մինչև այդ արշավականներն ամեն տարի պարտադիր այցելում եմ Արցախ, որտեղ էլ այս տարի PAN Photo-ի լուսանկարիչը հանդիպեց նրանց: Քանի որ ժամանակը քիչ էր, ամբողջ Արցախով շրջել չհասցրին, բայց «Մենք ենք, մեր սարերը»՝ տատիկի ու պապիկի կողոթի մոտ եղան, լուսանկարվեցին, ինչից հետոնոր Երևան ուղևորվեցին, ուր հասան օգոստոսի 29-ին (մեկնարկը տրվել էր օգոստոսի 19-ին):

Իմիջիայլոց, The Caucasian Challenge-ի մասնակիցները նաև պարտադիր բարեգործությամբ են զբաղվում: Օրինակ, հաջորդ տարի նրանք նախատեսում են օգնել «Առաքելություն Հայաստան» հիմնադրամին: Կազմակերպիչները Հայաստանում կամ Արցախում որևէ դպրոց կամ մանկատուն են ընտրում, ու արշավի մասնակիցների կոչ անում նյութական իրեր հավաքել, որոնք հետագայում նվիրաբերում են ընտրած հաստատությանը: Արդյունքում հավաքվում է բազմաթիվ հագուստ, խաղալիքներ, համակարգիչներ, սպորտային պարագաներ ու այն ամենը, ինչ պետք է գալիս երեխաներին առօրյայում:

Այս տարիների ընթացքում արշավին մասնակցել են խմբեր Հունգարիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Նիդերլանդներից, Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---