15  08.09.14 - Խորովածի 6-րդ փառատոնն Ախթալայում

Խորովածի փառատոնը. Ավանդական պարերը, ՊՆ-ի նվագախումբն ու գառան սիրտը

Խորովածի փառատոնը. Ավանդական պարերը, ՊՆ-ի նվագախումբն ու գառան սիրտը

PanARMENIAN.Net - Արդեն ավանդական դարձած Խորովածի 6-րդ փառատոնն այս տարի նույնպես սեպտեմբերին էր ու նույնպես Ախթալայում: PAN-ը հենց առաջին տարվանից հետևում ու լուսանկարում է այն, ու այս անգամ ևս ուղևորվեց Ախթալա` պարզելու՝ արդյոք ինչ-որ բան փոխվել է, մասնավորապես՝ խորովածի համն ու հոտը:

«Էս մեկը վառում ես, պտտի: Բալաս, նայի, որ իմանաս՝ սենց խորոված չեն անում...»:

Ախթալայի եկեղեցու տարածքում հավաքված ամբոխը բազմաշերտ էր՝ զբոսաշրջիկներ, երևանցիներ ու տարբեր մարզերից եկածներ, տեղացի «քյոմագ անողներ»... Բայց, չնայած այդ բազմազանությանը, նրանք, միևնույն է, կիսվում էին երկու խմբի՝ ովքեր մտածում են, որ իրենցից լավ խորոված անող չկա, և ովքեր եկել էին, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ ճշտելու՝ հո իրենցից ավելի լավ խորոված անող չկա՞:

«Խորովածն արե՞լ եք, ներկայացրե՞լ եք ժյուրիին: Դե հավաքվեք, հավաքվեք, մի քանի գործ նվագենք»:

Օրվա հերոսը, միանշանակ, ՊՆ-ի զինվորական նվագախումբն էր: Նախարարության թիմն այս տարի առաջին անգամ էր մասնակցում Խորովածի փառատոնին: Նրանք խորոված էին անում, նվագախումբն էլ իր հերթին «դամ պահում»: Վերջիններս ունակ էին նվագել բոլոր հայկական պարեղանակները՝ կանգնած, նստած քարերի վրա, անտառում, խորոված անողների կողքին... Ու որտեղ նվագախումբը հայտնվում էր, միանգամից տարածքը վերածվում էր պարահրապարակի, մարդիկ շամպուրներն ու բաստուրմա արած մսի թասերը ձեռքները սկսում էին պարել և պարացնել:

«Բոմբ խորոված ա, եկեք, տարեք, հետո ափսոսելու եք, որ տենց արագ կշտացաք...»:

Արդեն մի քանի տարի է՝ Խորովածի փառատոնի մասնակիցներին թույլատրում են վաճառել «արտադրանք»-ը (դեռ 2011-ին այդ գինը սիմվոլիկ էր՝ 300-400 դրամ, այս տարի «մեկ շշի» գինը հասնում էր մինչև 3000-ի), ինչն իր հերթին հավելյալ հետաքրքրություն ու «մրցակցություն» է առաջացնում թիմերի մեջ այն առումով, թե ում մոտ ավելի մեծ հերթ կլինի:

«Իսկ հիմա ձեզ համար մի աղջիկ ելույթ կունենա, որը շատ հետաքրքիր գործեր կկատարի...»:

Ու այստեղ բեմ բարձրացավ սևահեր, տխուր դեմքով մի աղջիկ, որն իրար հետևից կատարում էր Portishead-ի Glory box-ը, Radiohead-ի Creep-ը, և, չնայած բացի իրենից ներկաներից ընդամենը մի քանիսն իմացան՝ ինչ է նա նվագում, միևնույն է՝ դա մարդկանց չէր խանգարում ուրախանալ. թեպետ, նույնը կանեին, եթե, օրինակ, նրա փոխարեն երգեին Շուշան Պետրոսյանը կամ Անդրեն:

«Թենքյու, թենքյու...ջոգի՞ր ինչ արինք՝ բոլորին հանինք ոտի»:

Պոլիտեխնիկի թիմը փառատոնի մյուս ուրախությունն էր: Նրանք շրջապատին նույնիսկ չէին թողնում մի վայրկյան շունչ քաշել, գնում, գալիս, պարում, ծանոթանում, հյուրասիրում, երգում էին, իրենք իրենց ակարդիոնիստով, կանանցով, կողքի տաղավարի դհոլչիով: Ու արդյունքում ստացված «Լավագույն մատուցում» մրցանակը շատ տեղին ու արժանի էր:

«Շիշն արժե 2000 դրամ, բայց էլ չկա...»:

«Լավագույն համ» մրցանակին արժանացած TRIO Cuisine-ի անդամները երեք ընկեր էին, որոնք ավելի շատ ֆրանսիացի խոհարարների էին հիշեցնում: Չնայած, աշխատում են Թուֆենկյան համալիրում, ընկերներով հիմնել են «պատվերով խոհարարների» մի ընկերություն, այսինքն՝ հարսանիքի կամ ինչ-որ նման մեծ խնջույքի ժամանակ եթե պատրաստողների «ձեռքերը», ինչու ոչ՝ ֆանտազիան, չհերիքի, կարող են զանգել իրենց, կգան, կմտածեն, կպատրսատեն ու նաև կձևավորեն:

Բայց այս ամենն իրականում մասնիկներ են: Խորովածի փառատոնն այս ամենի մասին չէ, այլ դեռ մեկ կիլոմետր հեռավորությամբ զգացվող շատ հարազատի բույրի, տիրող ուրախության, բարի մարդկանց ու պարի մասին է... և, առհասարակ, Խորովածի փառատոնը Հայաստանի մասին է:

Հ.Գ. Երևի ամբողջ ընթացքում փորձում էիք հասկանալ, թե ինչ կապ ունի այս ամենի հետ գառան սիրտը: Ուղղակի ասենք, որ այս տարի ամենահամեղ խորովածը, որ ճաշակեցինք, գառան աղացած մսով ու ընկույզով լցոնած գառան սիրտն էր:

Վահան Ստեփանյան / PAN Photo
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---