ՆԱՏՕ-ն նոր գլխավոր քարտուղար ունի. Ստոլտենբերգը սովոր է գործել ճգնաժամային իրավիճակներում

ՆԱՏՕ-ն նոր գլխավոր քարտուղար ունի. Ստոլտենբերգը սովոր է գործել ճգնաժամային իրավիճակներում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը: Այդ պաշտոնում նա կփոխարինի Անդերս ֆոգ Ռասմուսենին, որը պաշտոնը ստանձնել էր 2009-ին: Ստոլտենբերգը սկանդինավյան երկրներից երկրորդ ներկայացուցիչն է դաշինքի ղեկավարի պաշտոնում և առաջին նորվեգացին: Ի տարբերություն Ռասմուսենի, որը հայտնի է իր լիբերտարիանական հայացքներով, Ստոլտենբերգը սոցիալական պետության կողմնակից է և երկար տարիներ գլխավորել է Նորվեգիայի աշխատավորական կուսակցությունը:

Նորընտիր գլխավոր քարտուղարի հայրը՝ Թուրվալդ Ստոլտենբերգը Նորվեգիայում բավականին հայտնի քաղաքական գործիչ էր, երկու անգամ գլխավորել է Նորվեգիայի ԱԳՆ-ն, պաշտպանության նախարարությունն, ինչպես նաև Կարմիր խաչը: Նա մի քանի գրքերի հեղինակ է զինված հակամարտությունների կանխարգելաման մասին, գրում է Գազետա.ռու-ն:

Կրտսեր Ստոլտենբերգը սկսել է կարիերան որպես լրագրող Arbeiderbladet ազդեցիկ նորվեգակամ թերթում, որը համարվում է ձախակողմյան շրջանակների ամբիոն:

Ընդ որում նա չի եղել ծայրահեղական մարքսիստ, թեև, տարված լինելով ձախակողմյան գաղափարներով, Վիետնամում պատերազմի դեմ բողոքի ցույցերի ժամանակ քարկոծել է Օսլոյում ԱՄՆ դեսպանատունը:

Ուսանողական տարիներին դառնալով Նորվեգիայի աշխատավորական կուսակցության ակտիվիստ, 1990-ականներին Ստոլտենբերգը մեծ պաշտոններ զբաղեցրեց երկրի կառավարությունում, սկզբում գլխավորելով էներգետիկայի նախարարությունը, հետո ֆինանսներինը, իսկ 2000-ին առաջին անգամ վարչապետ դարձավ: Վարչապետությունն այնքան էլ չհաջողվեց. կաբինետը գործեց ընդամենը մեկ տարի, իսկ նրա կուսակցությունը պատմության մեջ ամենավատ արդյունքներից մեկն արձանագրեց՝ ընտրողներին վրդովեցրել էր հարկերը նվազեցնելու վերաբերյալ խոստման անտեսումը:

Սակայն 2005-ին Ստոլտենբերգն, արդեն որպես կուսակցության գլխավոր քարտուղար, կարողացավ կրկին սոցիալիստներին իշխանության բերել մյուս ձախակողմյան կուսակցությունների հետ կոալիցիա կազմելով: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում նա կարողացավ կրկին կառավարություն ձևավորել կուսակցության դաշնակիցներից ու վարչապետ դառնալ:

Երկրորդ ժամկետում նա մասնավորապես ակտիվորեն զբաղվեց Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ ու լավ հարաբերություններ հաստատելով ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: 2010-ին պետությունների ղեկավարները համաձայնագիր ստորագրեցին Նորվեգիայի արկտիկական շելֆի տարանջատման մասին:

Փորձագետները նշում են, որ չնայած, որ ՆԱՏՕ-ն հավաքական մարմին է, շատ բան կախված կլինի գլխավոր քարտուղարի անձից: Նա ստիպված է լինելու աշխատել իր հին-նոր տեղակալի՝ փորձառու ամերիկացի դիվանագետ Ալեքսանդր Վերշբոուի հետ: 2012-ին ստանձնած իր «երկրորդ քարտուղարի» պաշտոնը Վերշբոուն կպահպանի նաև նոր գլխավոր քարտուղարի օրոք:

Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը, նշում են նրան ճանաչող քաղաքական գործիչներն ու փորձագետները, սովոր է գործել ճգնաժամային իրավիճակներում: Հենց նրա վարչապետության օրոք՝ 2011-ին տեղի ունեցավ Նորվեգիայի պատմության մեջ ամենասարսափելի ողբերգությունը: Ազգայնական Անդերս Բրեյվիկը գնդակահարեց 67 երիտասարդների, որոնք հավաքվել էին Նորվեգիայի աշխատավորական կուսակցության ամառային ճամբարում Ուտոյա կղզում: Ավելի վաղ նույն օրը Բրեյվիկը պայթյուն էր կազմակերպել կառավարական թաղամասում, որի հետևանքով 8 մարդ զոհվեց և 209-ը վիրավորվեց:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ևս Ստոլտենբերգը ստիպված կլինի հաճախ խոսել արժեքների մասին. «սառը պատերազմից» հետո ՆԱՏՕ-ն աշխատում է ներկայանալ որպես ընդհանուր արժեքներով միավորված երկրների դաշինք, թեև Ռուսաստանում դրան շատերը չեն հավատում: Միևնույն ժամանակ, ի տարբերություն Ռասմուսենի, որը վերջին շրջանում աչքի ընկավ Ռուսաստանի կոշտ քննադատությամբ, Ստոլտենբերգը միանգամայն զուսպ ու լավ ունկնդիր է, ինչպես բնութագրել է նրան եվրոպացի դիվանագետներից մեկը Agence France-Presse-ին տված հարցազրույցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---