2019-ին ՏՏ համաշխարհային կոնգրեսը կանցկացվի Երևանում. «ԴիջիԹեք էքսպո-2014»-ը բացվել է

2019-ին ՏՏ համաշխարհային կոնգրեսը կանցկացվի Երևանում. «ԴիջիԹեք էքսպո-2014»-ը բացվել է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է հոբելյանական 10-րդ «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսը: Երեք օր շարունակ մասնակից մոտ 130 ընկերություն ներկայացնելու է իր արտադրանքը, հեռահաղորդակցության և ցանցային, համապարփակ ինժեներական, տեխնոլոգիական, ծրագրային, վեբ և այլ լուծումներն ու ծառայությունները:

«ԴիջիԹեք էքսպո» տեխնոլոգիական ցուցահանդեսում տարեցտարի արձանագրվում են ոչ միայն քանակական փոփոխություններ, այլ նաև որակական: Ամեն տարի մասնակցող ընկերությունները նորույթներ են բերում, ամեն տարի զարմացնում են բոլորիս»,- ցուցահանդեսի բացման արարողությունից հետո հայտարարել է «ԴիջիԹեք էքսպո»-ի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

ԴիջիԹեք-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:

Հոբելյանական «ԴիջիԹեքի» շրջանակում անցկացվում են մի շարք միջոցառումներ, որոնցից են «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որի մասնակիցները ինժեներական խմբակների սաներն են, համակարգչային և բջջային խաղերի հեքեթոնը, որի ընթացում խաղեր նախագծող թիմերը հատուկ ընտրված թեմայով խաղ են ստեղծելու: Panorama.am-ը հայտնում է, որ ցուցահանդեսի շրջանակում գործում է աշխատանքի տոնավաճառ, որտեղ ՏՀՏ և բիզնես ոլորտի ընկերությունները ներկայացում են թափուր աշխատատեղերը, տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար անցկացվում են ԴիջիԼայֆ սեմինարներ, որի շրջանակներում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ ամենավերջին տեխնոլոգիական լուծումներին, հանդիպել Հայաստանի ՏՏ առաջատարներին:

Որակական փոփոխության մասին խոսելիս Վարդանյանը նշել է, որ տարիների ընթացքում ԴիջիԹեքը դարձել է բարձր տեխնոլոգիական Հայաստան ստեղծելու մեր ամենակարևոր գործիքներից մեկը, և եթե տարիներ առաջ ներկայացված էին ընկերություններ, որոնք համակարգչային տեխնիկա էին վաճառում, ապա այսօր գերակշռում են համակարգչային լուծումներ առաջարկող ընկերությունները:

Կարեն Վարդանյանը նաև նշել է, որ հոբելյանական ԴիջիԹեքին շատ լավ նվեր է մատուցվել.

«Չորս օր առաջ Մեխիկոյում տեղի էր ունենում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որտեղ որոշում է ընդունվել, որ 2019 թվականին համաշխարհային կոնգրեսն անցկացվելու է Երևանում: Սա մեծ հաջողություն է մեր երկրի համար: Նման մեծության միջոցառումներ մեզ մոտ քիչ են լինում»:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ-ի տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների տնօրեններ, միջազգային ու պետական կառույցների ղեկավարներ:

Հանրապետության նախագահը շրջել է արդեն ավանդական դարձած «ԴիջիԹեք էքսպո» ցուցահանդեսի բաժիններում: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ նրանց գործունեության, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---