Վաշինգտոն. Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է նկատվում, բայց անելիք ևս կա

Վաշինգտոն. Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է նկատվում, բայց անելիք ևս կա

PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունում Reuters-ի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ Վիենանյում Իրանի հետ բանակցությունների ավարտին որոշակի առաջընթաց է նկատվում:

Ինչպես գրում է գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի և եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի միջև 6-ժամյա բանակցությունների ավարտին հայտնի դարձավ, որ դեռ շատ անելիք կա, սակայն, չի բացառվում, որ վերջնական պայմանավորվածություն ձեռք կբերվի և բոլոր հարցերը կհարթվեն մինչ նախապես հայտարարված նոյեմբերի 24-ը:

«Մենք մշտապես առաջ ենք շարժվում: Կողմերից յուրաքաչյուրը ջանքեր է գործադրում, որպեսզի պարզ դառնա, թե ուր ենք գնում»,-ասել է աղբյուրը գործակալությանը:

Իրավիճակի մեջ որոշակի պարզություն է մտցրել ռուսական ԱԳՆ-ն՝ փոխզիջում չկա Արակում ռեակտորի հարցի շուրջ, որտեղ մոնտաժվել է ծանր ջրով աշխատող ռեկոմբինատորը, որի շնորհիվ, ըստ Արևմուտքի մտավախությունների, կարելի է պլուտոնիում արտադրել միջուկային զենքի համար:

«Արակի ռեակտորի հարցը գլխավոր խոչընդոտն է…Չգիտեմ, այն սուր հարցերի թվում է, թե ոչ, սակայն իրանցիներն, անշուշտ, ավելի լավ գիտեն, ես չէի ասի, որ այդ հարցը երկրորդական է դարձել, քանի որ լուծում մինչ օրս չկա: Եթե մարդիկ ժամանակ են ծախսում մեկ այլ բան քննարկելու համար, դա չի նշանակում, թե այս հարցն արդեն արդիական չէ, ուղղակի այս հարցին կանդրադառնան ավելի ուշ, ոչ ավելին»,-հայտարարել է Ռյաբկովը, գրում է Գազետա,ռու-ն:

Իրանի նախագահ Ռոուհանին դեռ մինչ բանակցությունների մեկնարկն էր հայտարարում, որ միջուկային համաձայնությունն Արևմուտքի հետ ձեռք կբերվի, և հավանաբար, դա կլինի նոյեմբերի 24-ից շուտ: Ըստ Ռոուհանիի, Իրանն ու Արևմուտքը փոխզիջման են հասել ընդհանուր հարցերի շուրջ, մնացել է համաձայնեցնել միայն մանր դետալները, դիրքորոշումները դեռ կարելի է լիովին համաձայնեցնել մինչև նոյեմբերի 24-ը: «Անշուշտ, մանրամասները ևս կարևոր են, բայց կարևոր է նաև, որ միջուկային հարցն անշրջելի է»,-ասել է նա: Ռոուհանին նշել է, որ բոլոր խնդիրների լուծումը միանգամից չի լինի: «12-ամյա տարաձայնությունները չեն կարող հարթվել մեկ ժամում»,-հայտարարել է նա:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Նախատեսվում է, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր:

Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---