Թուրքիան չկարողացավ դառնալ ՄԱԿ ԱԽ անդամ՝ զիջելով Իսպանիային. 60 ձայն 132-ի դիմաց

Թուրքիան չկարողացավ դառնալ ՄԱԿ ԱԽ անդամ՝ զիջելով Իսպանիային. 60 ձայն 132-ի դիմաց

PanARMENIAN.Net - Իսպանիան դարձավ ՄԱԿ ԱԽ նոր անդամ Անգոլայի, Վենեսուելայի, Մալայզիայի և Նոր Զելանդիայի հետ:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Իսպանիան ընտրվեց քվեարկության երրորդ փուլի արդյունքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 25-րդ ընդլայնված նիստի ընթացքում:

Սկզբում «արևմտաեվրոպական և այլ պետություններ» խմբում, որտեղ պայքար էր ընթանում ԱԽ-ում երկու տեղի համար, ներկայացված էին Նոր Զելանդիան, Իսպանիան ու Թուրքիան: Նոր Զելանդիան ստացավ ձայների անհրաժեշտ քանակը, իսկ Իսպանիան ու Թուրքիան՝ ոչ, քանի որ հարկ եղավ քվեարկության երկու լրացուցիչ փուլ անցկացնել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրության, ԳՎ-ում գաղտնի քվեարկության արդյունքում Իսպանիան ստացավ ՄԱԿ անդամ 193 երկրներից 132-ի աջակցությունը, այն դեպքում երբ անհրաժեշտ նվազագույնը 128 էր: Թուրքիայի թեկնածության օգտին քվեարկել է 60 պետություն:

Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ-ում 2015-2016 թթ. համար ընտրվել էին Անգոլան, Վենեսուելան, Մալայզիան ու Նոր Զելանդիան: ՄԱԿ ԱԽ ընտրված պետությունները կսկսեն աշխատանքը 2015-ի հունվարի 1-ից:

ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու համար յուրաքանչյուր անդամ երկիր պետք է ՄԱԿ անդամ երկների երկու երրորդը հավաքի: Տեղերը, որոնց համար ընտրվում են ԱԽ նոր ոչ մշտական անդամներ, բաշխված են երկրների մի քանի խմբերի մեջ. աֆրիկյան, ասիական-խաղաղօվկիանոսյան, լատինամերիկյան, արևմտաեվրոպան և այլ պետությունների:

Այդպիսով Անգոլան ՄԱԿ ԱԽ-ում կփոխարինի Ռուանդային, Մալայզիան կզբաղեցնի Կորեայի Հանրապետության տեղը, Վենեսուելան՝ Արգենտինայի, իսկ Նոր Զելանդիան ու Իսպանիան՝ Ավստրալիայի և Լյուքսեմբուրգի:

Ընդհանուր առմամբ ՄԱԿ ԱԽ-ն 15 պետություններից է բաղկացած, որից 5-ը՝ մշտական անդամներն են (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), իսկ տասն ընտրվում է քվեարկությամբ՝ ամեն տարի հնգական անդամ: ՄԱԿ անդամ 193 պետություններից մեկ երրորդից ավելին դեռ երբեք չի եղել ԱԽ անդամ: ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամները մասնակցում են քվեարկությանը որոշումների կայացման ժամանակ, սակայն, ի տարբերություն մշտական անդամների, չեն կարող արգելափակել այդ որոշումները, քանի որ չունեն վետոյի իրավունք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---