Իրավիճակը Ջավախքում փակուղի է մտել այն փոփոխելու քայլերի բացակայության պատճառով

PanARMENIAN.Net - Ջավախքի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական խնդիրներն արդիական են Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների համար: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքերով, խնդիրը փակուղի է մտել այն պատճառով, որ ոչ ոք գործուն քայլեր չի ձեռնարկում իրավիճակը փոխելու համար: «Լրջորեն չեն հետազոտվում լարվածության պատճառները: Դրա փոխարեն որոշ հայ քաղաքական գործիչներ հրապարակային հայտարարություններ են անում, որոնք հակասում են Հայաստանի եւ Ջավախքի հայ բնակչության շահերին: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանք նույնիսկ չեն պատկերացնում, թե որտեղ է գտնվում Ջավախքը»,-նշել է Թորոսյանը:



Շիրակ Թորոսյանն ընդգծել է, որ տարածաշրջանը բուն հայկական հող է բնիկ բնակչությամբ, որը գտնվում է աշխարհաքաղաքական խաչմերուկում եւ կարող է կարեւոր դեր կատարել հայ-վրացական հարաբերությունների բարելավման հարցում: «Հայոց լեզուն պետք է ճանաչվի երկրորդ պետական լեզու այդ շրջանում: Վրացերենը հարկավոր է հայերին պետկառույցներին ինտեգրվելու համար, իսկ հայերենն արգելելն անթույլատրելի է»,-նշել է հայրենակցական միության նախագահը:



Ինչ վերաբերում է շրջանի անկախության գաղափարին, ապա Թորոսյանը գտնում է, որ ներկայումս առավել այժմէական է շրջանի հայերի տեղական աշխատակազմի մակարդակը բարձրացնելու պահանջը: «Ախալքալաքի իշխանությունները պետք է բյուջեն ձեւավորելու եւ բաշխելու, մշակույթի եւ կրթության հարցերով զբաղվելու իրավունք ունենան: Անջատողականությունը հայերի շահերից չի բխում: Եթե Վրաստանը դառնա դաշնային պետություն, այդ դեպքում, իհարկե, Ջավախքը կդառնա դաշնության սուբյեկտ: Չէ որ մենք, ի տարբերություն Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի, չենք ուզում անջատվել»,-հայտարարել է Թորոսյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---