Օբաման փողի է սպասում ԻՊ դեմ պատերազմի համար, Սիրիան՝ ռուսական ՀՕՊ համալիրներին

Օբաման փողի է սպասում ԻՊ դեմ պատերազմի համար, Սիրիան՝ ռուսական ՀՕՊ համալիրներին

PanARMENIAN.Net - Առաջիկայում Մոսկվան Դամասկոս կառաքի С-300 զենիթահրթիռային համալիրներ, այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը:

Ըստ նրա, համալիրների պահանջարկը կապված է Սիրիայի կառավարության մտավախությունների հետ ԱՄՆ նախագահ Օբամայի մտադրությունների առնչությամբ: «Մենք գիտակցում ենք, որ Օբաման ներքին պատճառներով ցանկանում է խուսափել Սիրիայի հետ պատերազմից և սահմանափակվում է «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներով: Բայց մենք չգիտենք, թե ինչպես կվարվի Օբաման ուժգնացող ճնշման պայմաններով, ուստի մենք պետք է պատրաստ լինենք»,-ասել է նախարարը լիբանանյան «Ակ Ահբար» թերթին տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մենք խնդրել ենք նրանցից (ՌԴ)…որակյալ սպառազինություն»,-ասել է Մուալեմը: «Մենք կստանանք համակարգերն ու այլ որակյալ զենք խելամիտ ժամկետում»,-նշել է նա:

Ըստ սիրիացի նախարարի, որոշ ձգձգում կա առաքման հարցում, կապված մի շարք բյուրոկրատական ձևականությունների հետ: Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ С-300 համալիրների առաքումը Դամասկոս դադարեցվել է:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից 3,2 մլրդ դոլար է խնդրել Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարի համար, հայտնում է Bloomberg-ը: Գումարը ներառում է ինչպես ավիահարվածների ծախսերը, այնպես էլ Ասադի դեմ պայքարող «աշխարհիկ» ընդդիմության պատրաստման ու սպառազինման հնարավոր ծախսերի համար:

Մինչդեռ Իրաքի ՆԳՆ փոխղեկավար Ադնան ալ Ասադին հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» հասել է Փարիզ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում գործում է 200 անդամ ունեցող խումբը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Մոնակոյում Ինտերպոլի Գլխավոր վեհաժողովի նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ Ալ Ասադիի, իրաքյան և ֆրանսիական հետախուզական ուժերը բացահայտել են խմբի անդամներին, այժմ նրանց հետևում են:

Վաղուց է հայտնի, որ ԻՊ-ն բավականաչափ համակիրներ ունի Արևմուտքում՝ Իրաքում և Սիրիայում հարյուրավոր կամավորներ են կռվում Եվրոպայից: Ըստ հարցումների, իսլամիստներին համակրում է յուրաքանչյուր յոթերորդ երիտասարդ բրիտանացին: ԻՊ հետքեր են հայտնաբերվել նաև Ռուսաստանում՝ Մերձմոսկվայում հատուկ գործողության արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալվեցին ավազակախմբի անդամները, որոնք մի քանի ամիս շարունակ սպանում էին վարորդներին «Դոն» ավտոմայրուղու վա: Ընդ որում, նրանք չէին կողոպտում զոհերին: Ըստ քննիչների վարկածի, վարորդների սպանությունները մերձմոսկովյան ավտոճանապարհներին կարող են մարտական մկրտության յուրահատուկ դրսևորում լինել ապագա մարտիկների համար: Ըստ Lifenews-ի, ավազակախումբը մարդկանց էր հավաքագրում ու մարզում ԻՊ շարքերում կռվելու համար: Ձերբակալվածների թվում, որոնք հիմնականում եկվորներ են Միջին Ասիայից, կան մարդիկ, որոնք սպասում էին, որ իրենց տեղափոխելու են Սիրիա և Իրաք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---