Դրամը շարունակում է արժեզրկվել, ռուբլին՝ նոր ցուցանիշներ սահմանել

Դրամը շարունակում է արժեզրկվել, ռուբլին՝ նոր ցուցանիշներ սահմանել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ի դրությամբ դրամի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց հոկտեմբերի 26-ի՝ 408.38 դրամ ցուցանիշից նվազել է մինչև 413.94 դրամ:

Դոլարի փոխարժեքը Մոսկովյան բորսայում սակարկությունների ընթացքում պատմության մեջ առաջին անգամ հատել է 48 ռուբլու հոգեբանորեն կարևոր սահմանը: Դոլարի առավելագույն արժեքը հասել է 48,14 ռուբլու, ինչը գրեթե 1,3 ռուբլով բարձր է երեկվա եզրափակիչ սակարկային գնից, հայտնում է ՌԲԿ-ն:

Միաժամանակ եվրոյի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ հատել է 60 ռուբլու շեմը: Եվրոյի առավելագույն արժեքը հասել է 60,2725 ռուբլու, ինչն ավելի քան 2 ռուբլով ավելի է երեկվա եզրափակիչ սակարկային գնից: Երկարժութային զամբյուղը (բաղկացած է 0,45 եվրոյից ու 0,55 դոլարից) նոյեմբերի 7-ին Մոսկովյան բորսայում սակարկությունների մեկնարկին աճել է 1,47 ռուբլով երեկվա փակման 49,93 ռուբլու դիմաց:

Ռուսական արժույթի արժեքի վրա բացասաբար են ազդում շատ գործոններ, այդ թվում նավթի գնանկումը, մի քանի տարի շարունակվող կապիտալի արտահոսքը Ռուսաստանից, հակառուսական պատժամիջոցները, որոնք հարված հասցրեցին ռուսական տնտեսությանը և դժվարացրին արտաքին փոխառությունները ռուսական ընկերությունների համար:

Ռուբլու անկումը սկսվեց 2014-ի ամռանը: Հոկտեմբերի 6-ին դոլարն առաջին անգամ գերազանցեց 40 ռուբլու շեմը, 43 ռուբլու նախորդ «հոգեբանական» նիշը դոլարն առաջին անգամ պատմության մեջ հաղթահարեց հոկտեմբերի 29-ին: Ֆինանսների նախարարության գնահատականով, էներգակիրների գնանկումն ու արևմտյան պատժամիջոցների հանրագումարը կկազմի ՌԴ ՀՆԱ 4 տոկոսը, որից 2 տոկոսը բաժին է ընկնում պատժամիջոցներին: Ընդհանուր առմամբ ԱՄՀ գնահատականների համաձայն, 2014-ին ակնկալվում է ռուսական տնտեսության աճ ընդամենը 0,2 տոկոսով: 2015-ին աճը կարող է կազմել 0,5 տոկոս:

Ռուբլու փոխարժեքի նվազումն ու խնդիրները ռուսական տնտեսության մեջ բացասական միտումներ են առաջացնում նաև Հայաստանի տնտեսության համար, որը մասնավորապես մեծ կախվածություն ունի դրամական փոխանցումներից Ռուսաստանից: Բարդությունները ՌԴ տնտեսության մեջ առաջին հերթին անդրադառնում են դրամական փոխանցումների քանակի վրա, որոնք սեպտեմբերին 2013-ի սեպտեմբերի համեմատ նվազել են 8,7 տոկոսով՝ 153,3 մլն դոլար նախորդ տարվա 167,7մլն դոլարի դիմաց:

Անկման միտումը շարունակվում է արդեն երրորդ ամիսը՝ 2014-ի հուլիսին ստացվել է մոտ 169 մլն դոլար՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ անկումը կազմել է 6,6 տոկոս: Իսկ օգոստոսին Ռուսաստանից փոխանցվել է 161 մլն դոլար, անկումը մեկ ամսում կազմել է 4,2 տոկոս նախորդ տարվա օգոստոսի 7 տոկոսի համեմատ: Ընդհանուր առմամբ տարվա սկզբից Հայաստան է փոխանցվել 1.323 մլրդ դոլար՝ աճը կազմել է 0,4 տոկոս: Ռուբլին նվազել է 11 տոկոսով: Եթե ռուբլին չարժեզրկվեր, դրամական փոխանցումների աճը ՌԴ-ից Հայաստան 9 ամսում կկազմեր 8 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---