13  12.07.14 - Աֆրիկյանների ակումբի մասնիկներն ու զարդաքանդակները
16  12.02.13 - Աֆրիկյանների վտանգված տունը (Տերյան 11)

Աֆրիկյանների շենքի դատական գործը. ԹԻՀԿ բողոքը բավարարվել է

Աֆրիկյանների շենքի դատական գործը. ԹԻՀԿ բողոքը բավարարվել է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Աֆրիկյանների շենքի գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) բողոքը:

Հունիսի 16-ին ԹԻՀԿ ներկայացրած հանցագործության մասին հաղորդումով ահազանգ էր հնչեցվել, որ ՀՀ կառավարության թիվ 1616-Ն որոշմամբ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Աֆրիկյանների շենքը պատմամշակութային հուշարձանն ապօրինի կերպով է քանդվում։

Կենտրոնի պաշտոնական կայքը հաղորդում է, որ «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքի քանդման փաստով ԹԻՀԿ-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը մերժել է քրեական գործի հարուցումը, իսկ Երևան քաղաքի դատախազությունը հաստատել էր այդ որոշման օրինականությունը:ԹԻՀԿ-ն բողոք էր ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի և Երևան քաղաքի դատախազության որոշումները, սակայն դատարանը 2014-ի հոկտեմբերի 3-ի որոշմամբ բողոքը թողել էր առանց քննության:

ԹԻՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանն այս առթիվ ասել է, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գործը հետ է ուղարկել առաջին ատյանի դատարան, որտեղ իրենց ներկայացրած հայցն արդեն բովանդակային կքննարկեն: Մինչ այդ, ըստ նրա, իրենց հայցը չէին ընդունում ձևական պատճառաբանությամբ, գրում է Panorama.am-ը:

Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով՝ արարքի մեջ հանցակազմ չկա:

Երևանի Տերյան 11 (13) հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքը 19-րդ դարավերջի՝ 20-րդ դարասկզբի երևանյան ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Շենքի ճարտարապետը Վասիլի Միրզոյանն է․ կառուցման տարեթիվը հստակ հայտնի չէ՝ 1890-ականների վերջ - 1900-ականներ։ Աֆրիկյանների հարուստ տոհմը մեծ ռեսուրսներ է ներդրել շենքը կառուցելու համար: Ժամանակին ակումբը Երևանում միակ նախշազարդ շենքն էր, ֆասադի կառուցման վրա քանդակագործներ են աշխատել:

Ի սկզբանե Առաքել Աֆրիկյանը մտադրվել է Եկամտաբեր տուն (Доходный дом) կառուցել, բայց հետագայում շենքը վերածվել է ակումբի: Այսինքն, ինչպես նախատեսվում էր, բնակարանները վարձով չեն տրվել, ու շենքը դարձել է ակումբային բիզնես:

Ակումբային շենքում ուրբաթ-շաբաթ օրերին հին երևանցիները հավաքվել, շփվել, տարբեր հարցեր են քննարկել: 1922-ի հոկտեմբերի 18-ին (մոտ մեկ ամսվա ընթացքում) Աֆրիկյանների ակումբն ազգայնացվել է ու դարձել Արտակարգ իրավիճակների կոմիտեի շենք (ЧК):

Ասում են՝ նկուղային հարկում բանտ է եղել. ի դեպ, 2012-ին գտնվել է բանտային խցերից մեկի դուռը, ինչն էլ հաստատում է խոսակցությունները: Նաև խոսակցություններ կան, որ հենց այդ խցերում մեծ քանակությամբ մարդիկ են գնդակահարվել (հանցագործներ, բուրժուազիայի ներկայացուցիչներ):

Ըստ շենքի նախկին բնակիչների, երբ Արտակարգ իրավիճակների կոմիտեին նոր շենք են տվել, ակումբի բնակարանները հատկացվել են կոմիտեի աշխատակիցներին, այդպիսով Աֆրիկյանների ակումբը դարձել է բնակելի շենք:

Այն ներառված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան (թիվ 204): ՀՀ կառավարության 7.10.2004-ի 1616-Ն որոշման հավելված 2-ում էլ շենքը 14 հուշարձանների հետ հայտնվել է տեղափոխման ենթակաների ցանկում:

Կարդացեք նաև՝ Աֆրիկյանների ակումբ. Քանդումն անօրինական է, վերականգնումը` կասկածելի

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---