Կատալոնիայի բնակիչների մոտ 80%-ը կողմ է անկախությանը, դեմ՝ 4,5%-ը

Կատալոնիայի բնակիչների մոտ 80%-ը կողմ է անկախությանը, դեմ՝ 4,5%-ը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին կայացած ոչ պաշտոնական հանրաքվեում իսպանական Կատալոնիայի բնակչության մոտ 80 տոկոսը հայտարարել է, որ ցանկանում է, որ տարածաշրջանն անկախ պետություն լինի: Այդ մասին են վկայում քվեաթերթիկների շուրջ 90 տոկոսի մշակման արդյունքներում ստացված տվյալները:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, La Vanguardia թերթի վրա հղումով, հարցման մասնակիցներին առաջարկվել է պատասխանել երկու հարցի. «ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա պետություն» և, եթե այո, ապա «ցանկանո՞ւմ եք, որ այդ պետությունը լինի անկախ»:

Երկու հարցին էլ դրական պատասխան է տվել հարցման մասնակիցների 80,72 տոկոսը կամ 1.649.239 մարդ: Իսպանիայի կազմում պետություն-Կատալոնիայի գաղափարին կողմ է արտահայտվել մասնակիցների 10,11 տոկոսը կամ 206.599 մարդ:

Կատալոնիայի պետականությանը դեմ է արտահայտվել բնակչության ընդամենը 4,5 տոկոսը կամ 92.939 մարդ: Ոչ պաշտոնական քվեարկության գործընթացի կազմակերպմամբ զբաղվում էր մոտ 40 հազար կամավոր: Ըստ Կատալոնիայի իշխանությունների գնահատականների, քվեարկությանը մասնակցել է 2.250.000 մարդ: Ավելի վաղ հարցման կազմակերպիչները հայտնել էին, որ տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ իր կարծիքը կարող է հայտնել Կատալոնիայի մոտ 5,4 մլն բնակիչ, ում 16 տարին լրացել է: Ըստ Իսպանիայի Վիճակագրության ազգային ինստիտուտի, 2012-ին տարածաշրջանի բնակչությունը կազմում էր մոտ 7,5 մլն մարդ:

Պաշտոնական Մադրիդը հարցումն անվանել է «անիմաստ» և «ոչ ժողովրդավարական վարժանք», որը ոչ մի իրավաբանական ուժ չունի և որևէ քաղաքական օգուտ չի տա Կատալոնիայի կառավարության ղեկավարին:

Ի սկզբանե, Կատալոնիան մտադիր էր պաշտոնական հանրաքվե անցկացնել, սակայն իշխանությունները ստիպված եղան հրաժարվել այդ գաղափարից, երբ Իսպանիայի Սահմանադրական դատարանը իսպանական կառավարության խնդրանքով արգելափակեց 5 ամսով հանրաքվեների անցկացման մասին հռչակագրի գործողությունը:

Մինչդեռ, Կատալոնիայի հիմնական կուսակցությունների շրջանում հանրաքվեի վերաբերյալ միասնություն չկա: «Կոնվերգենցիա և Կատալոնիայի միություն» խոշորագույն քաղաքական ուժը գտնում է, որ եթե ՍԴ-ն չվերացնի օրենսդրական սահմանափակումները, ապա այն անհնար կլինի անցկացնել: Վերջերս ժողովրդականություն վայելող «Կատալոնիայի ձախ հանրապետականները» հայտարարում են, որ անհրաժեշտ է այլընտրանք որոնել, բայց «եթե լինեն քաղաքական կամք ու փոխզիջում», հնարավոր կլնի նոյեմբերի 9-ին նաև հանրաքվե անցկացնել:

Հոկտեմբերի 4-ին Կատալոնիայի առաջնորդ Արթուր Մասը հրամանագիր ստորագրեց նոյեմբերի 9-ին հանրաքվե անցկացնելու մասին, չնայած Մադրիդի դիմադրությանն ու ՍԴ դատավճռին 5 ամսով հանրաքվեի մասին օրենքը կասեցնելու վերաբերյալ: Անջատողական ձգտումներն ուժեղ են նաև Իսպանիայի մյուս տարածաշրջաններում՝ առաջին հերթին Բասկերի Երկրում և Անդալուսիայում:

Անկախության գաղափարն արմատավորված է կատալոնացիների շրջանում, որոնք միլիոնանոց հանրահավաքներ են կազմակերպում հօգուտ անկախության:Կատալոնացիները պայքարում են անկախության համար արդեն 200 տարի՝ փաստացի, 1714 թ. Բարսելոնայի ճակատամարտում պարտվելուց հետո Իսպանիայի կազմի մեջ մտնելու պահից: Այդ ժամանակներից ի վեր արդեն 3 դար է պայքար է գնում անկախության համար: 1979 թ. Կատալոնիան ինքնավարություն ստացավ, այն ժամանակ էլ պաշտոնապես ճանաչվեց կատալոնական լեզվի գոյությունը: Տարածաշրջանի տնտեսական հաջողությունները նպաստում են անջատողական տրամադրություններին՝ 203 մլրդ եվրո ՀՆԱ-ն մոտավորապես համարժեք է Դանիայի կամ Ֆինլանդիայի տնտեսություններին, իսկ մեկ շնչի համար ՀՆԱ-ն այստեղ ավելի բարձր է, քան միջինը Իսպանիայում ու ԵՄ-ում:

Տարածաշրջանի արտահանումը ընդհանուր իսպանական արտահանման 26 տոկոսն է կազմում, այդ թվում արտահանման 65 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին: Տարածաշրջանում է գրանցված Իսպանիայում գործող բոլոր օտարերկրյա ընկերությունների 38 տոկոսը:

Տարածաշրջանի բնակչությունը մոտ 7,5 միլիոն է, տարածքը՝ մոտ 32 հազար քառակուսի կիլոմետր: Անջատողական տրամադրություններն ուժեղ են նաև Իսպանիայի այլ տարածաշրջաններում՝ Բասկերի Երկրում ու Անդալուսիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---