Ֆինանսների փոխնախարար. Հակառուսական պատժամիջոցների պատճառով ՀՀ ՀՆԱ աճը նվազել է 2%-ով

Ֆինանսների փոխնախարար. Հակառուսական պատժամիջոցների պատճառով ՀՀ ՀՆԱ աճը նվազել է 2%-ով

PanARMENIAN.Net - 2014-ի համար նախատեսված ՀՆԱ 5,2 տոկոս աճը Հայաստանում իրականություն չի դառնա Ռուսաստանի դեմ ուղղված արևմտյան պատժամիջոցների պատճառով, որոնց հետևանքով դրամական փոխանցումների աճը Հայաստան կկրճատվի 25 տոկոսով, ինչն իր անմիջական ազդեցությունն ունի ՀՆԱ վրա:

Ինչպես «Նովոե վրեմյա» թերթին է հայտնել ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, դրամական փոխանցումներն ու ներդրումները կրճատվել են, միտումը բացասական է, պատժամիջոցներն անդրադառնում են Հայաստանից արտահանման վրա: Աշխատանքային խումբը փորձում է ձևակերպել գնահատականները:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք աղետալի գնահատականներ են սպասվում, Սաֆարյանը հայտարարել է, որ «աղետալի է այսօրվա իրավիճակը, երբ նախատեսված 5,2 տոկոս աճի փոխարեն ունենք 3 տոկոս աճ: Ընդհանուր առմամբ, բացասական ազդեցությունը կազմել է 2 տոկոս»:

Ռուբլու փոխարժեքի նվազումն ու խնդիրները ռուսական տնտեսության մեջ բացասական միտումներ են առաջացնում նաև Հայաստանի տնտեսության համար, որը մասնավորապես մեծ կախվածություն ունի դրամական փոխանցումներից Ռուսաստանից: Բարդությունները ՌԴ տնտեսության մեջ առաջին հերթին անդրադառնում են դրամական փոխանցումների քանակի վրա, որոնք սեպտեմբերին 2013-ի սեպտեմբերի համեմատ նվազել են 8,7 տոկոսով՝ 153,3 մլն դոլար նախորդ տարվա 167,7մլն դոլարի դիմաց: Անկման միտումը շարունակվում է արդեն երրորդ ամիսը՝ 2014-ի հուլիսին ստացվել է մոտ 169 մլն դոլար՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ անկումը կազմել է 6,6 տոկոս: Իսկ օգոստոսին Ռուսաստանից փոխանցվել է 161 մլն դոլար, անկումը մեկ ամսում կազմել է 4,2 տոկոս նախորդ տարվա օգոստոսի 7 տոկոսի համեմատ: Ընդհանուր առմամբ տարվա սկզբից Հայաստան է փոխանցվել 1.323 մլրդ դոլար՝ աճը կազմել է 0,4 տոկոս: Ռուբլին նվազել է 11 տոկոսով: Եթե ռուբլին չարժեզրկվեր, դրամական փոխանցումների աճը ՌԴ-ից Հայաստան 9 ամսում կկազմեր 8 տոկոս:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու 2015 թ. բյուջեի նախագծում ներառված չեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հաշվարկները՝ Սաֆարյանը, մասնավորապես, ասել է, որ այս պահի դրությամբ շարունակվում են Հայաստան ներկրվող 800 անուն ապրանքների մաքսային տուրքերի շուրջ բանակցությունները: «Միայն թե մոլորության մեջ չընկնեք ու չմտածեք, թե կառավարությունում ոչ մի հաշվարկ չի տարվում, և մենք փակ աչքերով գնացինք այդ միությանը…Մենք գիտեինք, որ դա շահավետ կլինի, քանի որ, ըստ մեր հաշվարկների, բյուջեն լրացուցիչ 180 մլն դոլար կստանա, իսկ դա շուրջ 60 մլրդ դրամ է»,-հայտարարել է նա:

Սաֆարյանն ասել է նաև, որ Ղազախստանի դիրքորոշման պատճառով մինչև հոկտեմբերի 1-ը պարզ չէր, կստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիր, թե ոչ: «Ղազախները ցանկանում էին Թուրքիային, Ադրբեջանին խցկել միություն: Միակ երկիրը, որն ուզում էր մեզ տեսնել միության կազմում, Ռուսաստանն էր»,-ասել է փոխնախարարը:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով:

2014-ի մայիսի 29-ին Աստանայում գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն արգելակեց Հայաստանի անդամակցությունը Միությանը ղարաբաղյան հակամարտության պատրվակով՝ հայտարարելով, թե պետությունները պետք է անդամակցեն ՄԱԿ ճանաչված սահմաններում: Նազարբաևն այն ժամանակ առաջարկեց Հայաստանին անդամակցել ԵՏՄ-ին առանց Լեռնային Ղարաբաղի, այսինքն՝ ՄԱԿ ճանաչված սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և ՌԴ նախագահները նամակ են ստացել Ադրբեջանի նախագահ Ալիևից համապատասխան խնդրանքով: Տարաձայնությունների պատճառով ՀՀ ու ԼՂՀ միջև հնարավոր մաքսակետի վերաբերյալ Հայաստանի միացումը ռուսական ինտեգրացիոն նախագծերին անընդհատ հետաձգվում է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---