Շոտլանդիայի նոր վարչապետը հայտարարել է կրկին հանրաքվե անցկացնելու հավանականության մասին

Շոտլանդիայի նոր վարչապետը հայտարարել է կրկին հանրաքվե անցկացնելու հավանականության մասին

PanARMENIAN.Net - Շոտլանդիայի նոր վարչապետ և Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթերջենը չի բացառել, որ հանրաքվեն կկրկնվի և հայտարարել է, որ Շոտլանդիան կարող է անկախանալ առաջիկա տարիներին: Այդ մասին Սթերջենը հայտարարել է կուսակցության համագումարի ժամանակ, որի ընթացքում նա փոխարինեց Ալեքս Սելմոնդին կուսակցության նախագահի պաշտոնում: «Հանրաքվեն տեղի կունենա այն ժամանակ, երբ դա ցանկանա Շոտլանդիայի ժողովուրդը: Ոչ ոք չի կարող հանրաքվե պարտադրել ժողովրդի կամքին հակառակ: Ես հավատում եմ, որ Շոտլանդիան անկախ պետություն կդառնա, սակայն թե երբ դա տեղի կունենա, կախված է ժողովրդի ցանկությունից»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա չի բացառել, որ կրկնակի կամարտահայտությունը կարող է տեղի ունենալ արդեն իր նախագահության օրոք: Սթերջենն ասել է նաև, որ կուսակցությունն այս պահին մեծ հեղինակություն ունի Շոտլանդիայում: Առաջիկա ծրագրերում է հաղթանակը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ընտրություններում:

Սեպտեմբերի 18-ի հանրաքվեում շոտլանդացիների մեծ մասը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի միասնությանը՝ չսատարելով անկախության գաղափարին: Անկախացմանը դեմ է քվեարկել Շոտլանդիայի բնակիչների 55 տոկոսը՝ (2 001 926 մարդ), կողմ՝ 44,7 տոկոսը (1 617 989 մարդ): Շոտլանդիայի առաջին նախարար և հանրաքվեի գլխավոր նախաձեռնող Ալեքս Սալմոնդը ճանաչեց ժողովրդի ընտրությունը և հրաժարական տվեց: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, խոստացավ անկախության կողմնակիցներին ինքնորոշման ընդլայնում և առաջարկեց մտածել այդ մասին նաև Անգլիային, Ուելսին ու Հյուսիսային Իռլանդիային:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ եթե Շոտլանդիայի հանրաքվեն մի քանի շաբաթ ուշ անցկացվեր՝ նոյեմբերի սկզբին, ապա տարածաշրջանի բնակչությունը կընտրեր անկախությունը: Times-ի պատվերով YouGov-ի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ շոտլանդացիների 52 տոկոսը կողմ է անկախությանը, 48 տոկոսը՝ դեմ է, հարցվածների 45 տոկոսը հայտարարել է, որ կցանկանար, որ առաջիկա 10 տարում նոր հանրաքվե անցկացվի, 16 տոկոսը դեմ էր, 40 տոկոսը համարեց, որ նոր հանրաքվե անպայման պետք է անցկացվի: Մինչդետ Մեծ Բրիտանիան իր հերթին կարող է հանրաքվե անցկացնել ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ: Պահպանողական Դևիդ Քեմերոնը հանրաքվե է խոստանում այս հարցի վերաբերյալ արդեն 2017-ին, եթե կուսակցությունը հաղթի 2015-ի ընտրություններում: Իսկ Շոտլանդիան համարվում է Միացյալ Թագավորության ամենաեվրոպամետ շրջանը: Էդինբուրգը կարծում է, որ ԵՄ կազմից դուրս գալու որոշում կարող է կայացվել միայն այն դեպքում, եթե կողմ քվեարկեն բոլորս 4 տարածաշրջանները՝ Անգլիան, Ուելսը, Իռլանդիան, Շոտլանդիան: Լոնդոնը մերժում է այդ գաղափարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---